Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների մասով Հայաստանը նմանվել է Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 23,2021 14:42

«Հիմա ոչ թե տեղի են ունենում մարդու իրավունքների պարզ ոտնահարումներ, այլ միջազգային նորմերի ցուցադրական հակադրում, ինչը շատ վտանգավոր է: Ես դրա մասին միշտ ասում էի Ադրբեջանի մասին խոսելիս, հիմա ցավով եմ տանում, որ այդ կեցվածքը որդեգրվել է մեր շատ պետական մարմինների եւ ինստիտուտների կողմից: Իշխանության համար`իր նպատակներին հասնելու առումով, սա արդյունավետ մեթոդ չի, բայց շատ է վնասում պետությանը»,- այսօր խորհրդարանում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկման էր հրավիրել ՀՀ մարդու իրավունքների ներկա եւ նախկին պաշտպաններին, ԱԺ համանուն հանձնաժողովի նախկին նախագահներին`միասին քննարկելու ոլորտային առաջնահերթությունները: Քննարկմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԱԺ նախկին պատգամավոր, համանուն հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանը:

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ հանձնաժողովը ինտենսիվ պետք է զբաղվի գերիների հարցով: Հիշեցրեց, որ մինչ իր ՄԻՊ լինելը, իր ղեկավարած հասարակական կազմակերպությունն այդ աշխատանքը իրականացրել է տասը տարի`միջազգային կազմակերպությունների հետ համատեղ. «Ընդհուպ մինչեւ մահապատժի կամ տաս տարվա ազատազրկման ենթարկվածների կարողացել ենք վերադարձնել»: Նա պարտադիր չի համարում, որ այս գործով պետությունը զբաղվի:

Լարիսա Ալավերդյանը կարեւորեց նաեւ անհայտ կորածների մասին օրենքի գոյությունը: Իր պատգամավոր եղած տարիներին փորձել է`չի ստացվել: Փաստում է, որ խայտառակ դաժան վերաբերմունք է կիրառվում անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ:

Տիկին Ալավերդյանը օրախնդիր է համարում նաեւ Արցախից Հայաստանում հայտնված մարդկանց կարգավիճակի հարցը, մանավանդ այն բանից հետո, երբ ՀԿ-ներից մեկը վերջերս հայտարարել էր, պետք է դիմել ԱՄՆ դեսպանատուն, որ Հայաստանը Աֆղանստանից փախստականների ընդունի: «Մենք այսօր խնդիր ունենք ոչ միայն մարդու իրավունքի, այլ ազգի եւ պետականության»,- կարծում է տիկին Ալավերդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031