Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փախստականների անվան ներքո Հայաստան է գալու նույն թալիբանը». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 23,2021 12:56

«Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, որի ընթացքում ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառել բնակիչների հանդեպ, եւ մի քանի քաղաքացի վնասվածքներ էին ստացել, Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց՝ լավ տղա էիք, գնայիք, թուրքի դեմ կռվեիք. «Գնացե՛ք, հիմա կանգնեք դիրքերում եւ այնտեղ ցույց տվեք ձեր ուժը, կամքը: Պողպատե մանդատ եք ստացել, գնացեք թուրքի հետ պատերազմեք, պահպանեք մեր սահմանները: Թույլ մի տվեք, որ սպանվեն մեր երիտասարդները: Պողպատե մանդատը նրա համար չէ, որ մեր բնակչին ծեծեք»:

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Իլհամ Ալիեւի սպառնալիքներին, ասաց՝ Ադրբեջանի նախագահը հստակ ազդակներ է տալիս, որ Զանգեզուրի միջանցքը բացելու է ուժով. «Եվ ոչ թե նրա համար, որ Ադրբեջանն ու Նախիջեւանն իրար միացնի, այլ, որ այդ միջանցքը ծառայի ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն ու ապրելուն»:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում հայտարարել ՄՈԲ եւ ասել, որ պետք է դրանով ապահովենք մեր անվտանգությունը՝ «քաղաքական առումով անմեղսունակության նման մի բան է»: «Ինչո՞ւ չեք խոսում բանակի կամ առնվազն այն չքայքայելու մասին: Վարչապետի աներձագը, որը ամենաբարձր պաշտոններից է զբաղեցնում, խոսում է ՄՈԲ-ի մասին, այնպես, որպես ամենափրկության քայլ: Դադարեցրե՛ք բանակի քայքայումը: Բանակը ոչ միայն կազմաքանդվում է, այլեւ բոլոր ուղղություններով հետընթաց է ապրում: Մթնոլորտը բանակում այնպիսին է, որ ծնողները չուզենան իրենց որդիներին բանակ ուղարկեն»,-հավելեց նա:

Լարիսա Ալավերդյանը, դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրողներին, ասաց, որ իշխող ուժը իր ոչ ազգանպաստ որոշումներն անցկացնում է ժողովրդի անունից, ուստի ժամանակն է սթափվելու: «Այն ինչ-որ եղել է, նոյեմբերի 9-ով չի վերջացել, մենք նոր փուլ ենք մտել՝ երկրի քայքայման: Եվ վերջապես ո՞ւր են ՀՀՇ-ից այդ խելոքները, որոնք պնդում էին, որ երբ Արցախը բռնակցվի Ադրբեջանին, Հայաստանը կծաղկի, եւ խաղաղության համը վերջապես մենք կզգանք: Որտե՞ղ եք տղաներ: Չէ՞, որ խոսքը չի գնում միայն առաջին նախագահի մասին, դա թիմ էր: Ադրբեջանն ի սկզբանե համարում է, որ պատմական սխալ է եւ դիվերսիա ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, եթե Արցախին կարգավիճակ տրվի: Ադրբեջանի որեւէ քաղաքական գործիչ չի հայտարարել, որ պետք է տան կարգավիճակ: Վերջապես պետք է սթափվել եւ հասկանալ, որ 90-ականներին իշխանության եկած ուժերի նպատակն  է՝ Հայաստանը դարձնել ուղղակի միջանցք, որը կծառայի թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերին, այն է՝ ամբողջովին հայությանը դուրս մղել այս տարածքից»:

Նրա համոզմամբ՝ գերիների հարցերը զուտ խոսակցություններ են, իսկական խնդիրը մեր երկիրը, պարզապես, տարածք դարձնելն է, եւ, եթե կան այնպիսիք, որ դրան համաձայն են, ապա, ըստ Լարիսա Ալավերդյանի, այդպիսի մարդիկ անիծված են լինում:

Տիկին Ալավերդյանի խոսքով, ինքը չունի այնպիսի փաստեր, որ սա պայմանավորված պատերազմ է, բայց կարծում է, որ ՀՀ իշխանությունները ստեղծել են այնպիսի պայմաններ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսեն:

Նա նաեւ դեմ է, որ մարդասիրության անվան տակ Հայաստանն Աֆղանստանից փախստականներ ընդունի, ինչպես առաջարկում են որոշ քաղաքական գործիչներ. «Փախստականների անվան ներքո Հայաստան է գալու նույն թալիբանը: Ով որ այդ իրավիճակն այնտեղ ստեղծել է, թող նա էլ ընդունի փախստականներին: Երբ քո երկիրը կանգնած է սպառնալիքների առջեւ, երբ բանակը կանգնած է անհասկանալի իրավիճակների առջեւ, ժողովուրդը գտնվում է հետ սթրեսային իրավիճակում, այս հասարակությունն ունա՞կ է ինտեգրել այլ մշակույթի մարդկանց: Կարծում եմ, սրանք պատահական քայլեր չեն, պատահական չէ, որ չի արվում այն, ինչ պետք է, եւ օրակարգ են ներմուծվում ամբողջովին այլ հարցեր»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, այդ բոլոր հարցերը Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է լրջորեն բարձրացնի եւ, ավելի կտրուկ քայլերի դիմի, եթե տեսնում է, որ իր բոլոր ասածները մնում են եթերում: Ըստ նրա, պետք է բոյկոտել ԱԺ-ն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031