32–ամյա պայմանագրային զինծառայող Հովհաննես Մխիթարյանը, մայիսին ծանր վիրավորումից հետո, ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում (Մուրացանի հոսպիտալ–Ա․Դ.), 90 օր բուժում ստանալուց հետո կրկին պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար։
Պայմանագրային զինծառայողը, սակայն անելանելի իրավիճակում է հայտնվել՝ քանի որ վերջնական չեն բուժել իրեն։
Մայիսի 19-ին Սեւ լճի մոտակայքում է վիրավորվել։ «Նրանք 100 հոգի էին, մենք՝ 20։ Թվերը մոտավոր եմ ասում։ «Ալլահ, ալլահ» կանչելով՝ հարձակվեցին մեզ վրա։ Մենք էլ, իրենք էլ կրակելու հրաման չունեինք, ու սկսվեց ձեռնամարտ՝ ով ինչով կարողանում խփում էր։ Ինձ խփեցին ավտոմատի կոթով»,–պատմում է Հովհաննես Մխիթարյանը։
Վերին եւ ստորին ծնոտների ատամնաբնային ելունդների կոտրվածք՝ ոսկրաբեկորների տեղաշարժով՝ սա է Հովհաննեսի ախտորոշումը։
Կարդացեք նաև
Միայն 36 օր ստացիոնար բուժում է ստացել, արդյունքում, զինծառայողը մնացել է առանց ատամների։ «Ոչ սարքել են ատամներս, ոչ ուղեգիր տվել՝ որեւէ այլ տեղ բուժվելու համար, ասում են՝ պետությունը պիտի գումար հատկացնի, բայց ատամների համար նախատեսված չկա»,–ասում է Հովհաննես Մխիթարյանը։ Նա ի վիճակի էլ չի անձնական միջոցներով լուծել ատամնաշարերի տեղադրման հարցը։
Դեռեւս բուժման մեջ՝ դիմել էր այն զորամասի հրամանատարությանը, որտեղ ծառայում է։ Խոստացել են զբաղվել՝ դիմելով պաշտպանության նախարարության բուժծառայությանը։
«Արդեն պիտի դիրքեր բարձրանամ, բայց լիարժեք ոչ կարողանում եմ ծամել, ոչ հաց ուտել։ Չեմ խուսափում ծառայությունից, պատրաստակամ եմ, բայց այս վիճակո՞վ»,–հարցնում է Aravot.am-ի զրուցակիցը։ Մտածում է՝ դիմում կգրի ու դուրս կգա զինծառայությունից։
Նշենք, որ Aravot.am-ը պարզաբանումների համար հարցում է ուղարկել պաշտպանության նախարարություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ