Այս խմորով, որը ներկայացնում եմ, կարող եք պատրաստել մի քանի տեսակի թխվածքաբլիթ, պարզապես ավելացնելով ձեր ցանկացած հավելյալ բաղադրիչը: Օրինակ՝ մանրած շոկոլադ, ընկույզ, վարսակի փաթիլներ, կակոյի փոշի եւ այլն:
Անհրաժեշտ մթերքները
Ալյուր- 2,5 բաժակ
Կարագ-250 գրամ
Կարդացեք նաև
Ձու-2 հատ
Շաքարավազ- 2 բաժակ, որից մեկ բաժակը՝ սպիտակ, իսկ մեկ բաժակը՝ մուգ շաքարավազ (կարող եք վերցնել մոսկովադո եւ դեմերերա տեսակի՝ խառը)
Աղ-1 թեյի գդալ
Սոդա-1 թեյի գդալ
Վանիլի մզվածք-1 ճաշի գդալ (կարող եք վանիլի մզվածքի փոխարեն վերցնել վանիլի շաքար՝ 1 տուփ կամ բյուրեղյա վանիլին՝ մեկ պտղունց)
Պատրաստման եղանակը
Կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Շատ լավ հարեք, որ սպիտակի, ավելացրեք շաքարավազները, շարունակեք հարել, որ դառնա միատարր զանգված: Ավելացրեք ձուն, վանիլի մզվածքը, նորից հարեք, ապա ավելացրեք ալյուրը, սոդան եւ աղը: Պետք է դառնա ձեռքին չկպչող խմոր:
Եթե պատրաստելու եք որեւէ հավելումով, ավելացրեք նաեւ հավելումը, օրինակ՝ կտրատած ընկույզ կամ շոկոլադի գնդիկներ կամ վարսակի փաթիլներ կամ չամիչ կամ կոկոսի փաթիլներ եւ այլն՝ ձեր ճաշակով: Եթե ուզում եք ստանալ շոկոլադե թխվածքաբլիթ, ապա 2,5 բաժակ ալյուրի փոխարեն ավելացրեք 2 բաժակ ալյուր եւ կես բաժակ կակաոյի փոշի: Կարող եք նաեւ, ինչպես տեսանյութում է, ոչինչ չավելացնել, եւ միայն թխելուց առաջ թխվածքաբլիթներից յուրաքանչյուրը ձեւավորել տարբեր մթերքներով:
Պատրաստի խմորը դրեք սառնարան՝ 1-2 ժամով: Կարող եք սառնարանում պահել 1-2 օր, իսկ սառցարանում՝ մինչեւ 2 ամիս:
Սառնարանից հանեք, խմորից փոքրիկ գնդիկներ պատրաստեք, դրեք յուղաթուղթ դրված ջեռոցի տապակի վրա, մի փոքր տափակեցրեք եւ դրեք 190 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 13-15 րոպեով: Հանեք, երբ դեռ կողքերը նոր են սկսում շառագունել, չթողնեք շատ մգանա:
Բարի ախորժակ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ