Առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար մենք սովորաբար օգտագործում ենք խնամքի ամենատարբեր միջոցներ՝ երբեմն մոռանալով, որ դրանցից առավել կարևոր է այն, թե ինչպես ենք մենք սնվում։
Ինչպես հայտնի է, ինսուլինի և լեպտինի նկատմամբ ռեզիստենտությունը ծերացման գործընթացը խթանող հիմնական գործոններից մեկն է, ընդ որում՝ ծերացումն այս դեպքում դրսևորվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով։ Ահա թե ինչու է այդքան կարևոր օրգանիզմում ինսուլինի և լեպտինի մակարդակին հետևելը։
Ինսուլինի ու լեպտինի օպտիմալ մակարդակը պահպանելու արդյունավետ միջոցներից մեկը սննդակարգում շաքարի, հատկապես ֆրուկտոզայի քանակի հնարավորինս նվազեցումն է։
Առողջ ու փայլուն մաշկի «թշնամիներ» են համարվում գազավորված քաղցր ըմպելիքները, վերամշակված մթերքները, տրանս-ճարպերը, սեղանի վերամշակված աղը, պաստերիզացված կաթնամթերքը։ Ալկոհոլային խմիչքների չարաշահումը նույնպես ոչ մի դրական ազդեցություն չի կարող գործել մաշկի վրա, էլ չենք խոսում բացասականի մասին։
Կարդացեք նաև
Մաշկի խնամքը սկսվում է ներսից
«Օրգանիզմի էկոլոգիական սննդակարգը» գրքի հեղինակ Դոննա Գեյթսը հրաշալի խորհուրդներ է տալիս դեմքի մաշկի բարելավման վերաբերյալ՝ մեկնաբանելով, թե ինչպես է սնունդն ազդում մաշկի որակի վրա։
Եթե կարճ ներկայացնենք, ապա առողջ և մաքուր մաշկ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը զերծ լինի տոքսիններից՝ թունավոր նյութերից, դրա համար շատ կարևոր է օրգանիզմի մաքրումն ու վերջինս սննդարար նյութերով հարստացումը։
Գեղեցիկ մաշկի համար «պատասխանատվություն են կրում» լյարդը, երիկամը, մակերիկամները, վահանաձև գեղձն ու հաստ ու բարակ աղիները։
- Լյարդն ու երիկամները օրգանիզմը մաքրող, նյութափոխանակության արգասիքները չեզոքացնող կարևորագույն օրգաններ են, և եթե մարդու սննդակարգը հեռու է առողջ լինելուց, ապա այդ երկու օրգանները սկսում են գերծանրաբեռնված աշխատել, ինչի հետևանքներն անդրադառնում են նաև մաշկի որակի վրա։
- Մակերիկամները մի շարք կարևոր հորմոններ են արտադրում, ինչպիսիք են էստրոգենը, պրոգեստերոնը, տեստոստերոնը և այլն։ Մակերիկամների գործառույթների, հորմոնալ հավասարակշռության խախտումները կարող են մաշկային խնդիրներ առաջացնել։
- Կանոնավոր գործող վահանաձև գեղձը նույնպես մասնակցում է հորմոնների արտադրությանն ու մակերիկամների հետ միասին օրգանիզմն ապահովում էներգիայով։ Իսկ երբ վահանաձև գեղձը լավ չի աշխատում, առաջանում են նաև մաշկային խնդիրներ՝ մաշկը դառնում է չոր, թեփոտվող, թորշոմած։
- Հաստ և բարակ աղիները սննդարար նյութերով են ապահովում բոլոր օրգաններն ու դուրս բերում օրգանիզմի թափոնները։ Երբ դրանք մնում են աղիներում, մաշկն ավելի հաստ է դառնում, ճարպոտվում է, հայտնվում են բորբոքային երևույթներ։ Առողջ և մաքուր աղիները գեղեցիկ մաշկի գրավականն են։
Հիշյալ օրգանների կանոնավոր աշխատանքին հետևելը ոչ միայն կնպաստի օրգանիզմի ընդհանուր առողջությանը, այլև հայելու մեջ սեփական արտացոլանքից գոհ լինելուն։
Առողջ, օրգանական սնունդը գեղեցիկ մաշկ ունենալու համար առաջնային պայման է, այդուհանդերձ կան մթերքներ, որոնք հատկապես օգտակար են մաշկի համար։
Մաշկին առաջնահերթ անհրաժեշտ են օմեգա-3 ճարպաթթուները՝ բավարար քանակությամբ։ Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ են ձիթայուղը, որոշ ձկնատեսակներ, ինչպես նաև ընդեղենը, այս ճարպաթթվի պակասը կարելի է լրացնել նաև սննդային հավելումի տեսքով կրիլի յուղ ընդունելով, որն առանձնանում է օրգանիզմի համար սննդարար նյութերի բարձր կենսահասանելիությամբ։
Առողջ ու գեղեցիկ մաշկի համար կարևոր նշանակություն ունեն մրգերն ու բանջարեղենը, որոնց տարբեր տեսակները թե՛ բավականաչափ քանակությամբ ջուր և թե՛ հանքանյութեր ու վիտամիններ են պարունակում՝ նպաստելով օրգանիզմի դետոքսիկացիոն բնական գործընթացներին։
Լյարդի առողջ կենսագործունեությանը նպաստում են բանջարեղենի կանաչ տեսակները, քլորելա ջրիմուռը, կալե կաղամբը, սպանախը, բրոկոլին, կաթնուկի ուտելի տերևները։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հագեցած գունավորում ունեցող մրգերի ու բանջարեղենի օգտագործման շնորհիվ բարելավվում է մաշկի տեսքը․ այն ավելի թարմ ու երիտասարդ է երևում։
Նարնջագույն, կարմիր, անգամ կանաչ գունավորում ունեցող բանջարեղենը հարուստ է բետա կարոտինով, որն օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի, որն էլ կանխում է բջիջների քայքայումն ու վաղաժամ ծերացումը․ ահա թե ինչու է գույնն այդքան կարևոր։
Մաշկի համար «սիրելի» մրգերի թվին են պատկանում ցիտրուսայինները, որոնք վիտամին C-ի անսպառ աղբյուր են։ Իսկ այդ վիտամինը նպաստում է օրգանիզմում մաշկի շինանյութի՝ կոլագենի սինթեզին։
Ընդհանուր առմամբ սննդակարգը պետք է հնարավորինս հարստացնել թարմ օրգանական մթերքներով, թարմ գյուղական կաթնամթերքն, օրինակ, ի տարբերություն վերամշակված տարբերակների, հրաշալի է ազդում մաշկի վրա։
Երբ խոսք է գնում առողջ ու փայլուն մաշկ ունենալու մասին, ապա չպետք է թերագնահատել հակաօքսիդանտներով հարուստ մթերքների դերը, քանի որ հենց հակաօքսիդանտներն են պայքարում ազատ ռադիկալների՝ հետևաբար վաղաժամ ծերացման դեմ, իսկ հակաօքսիդանտներով առաջին հերթին հարուստ են հատապտուղները։
Մաշկի համար նպաստավոր սննդատեսակների շարքին են դասվում նաև ֆերմենտացված՝ թթվեցրած մթերքները, որոնք օգնում են աղիներում բարենպաստ միկրոֆլորայի ձևավորման հարցում, նպաստում մարսողությանը, սննդանյութերի օպտիմալ յուրացմանը, իմունային համակարգի ամրապնդմանը։
Սակայն կարևոր է իմանալ, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հիշյալ մթերքների պարբերաբար օգտագործումը, և դրանց համադրությունը մաշկը վնասող սննդատեսակների հետ դժվար թե բարենպաստ ազդեցություն ունենա մաշկի որակի վրա։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութի պատրաստման համար օգտագործվել են հետևյալ աղբյուրները՝