Դիլիջանի ՋԻՄ-ում ձեռք բերված անհրաժեշտ սարքավորման շնորհիվ Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով ծանր վիրավորում ստացած տղաներն արդեն կարող են հատուկ մարզումներ անցնել:
Դիլիջանի ՋԻՄ -ի հիմնադիր և մարզիչ Գարիկ Թովմասյանը երբ սկսում է պատմել, թե ինչպես է ստացվել, որ ձեռք են բերել մարզասարքը՝ վստահեցնում է, որ ամեն ինչ պատահական հրաշքի նման է եղել:
Թովմասյանի խոսքով, Կանադայի հայ բարերարները իրեն առաջարկել էին «ՋԻՄ»-ի համար նոր մարզասարքեր նվիրել և որոշում էր կայացվել հրաձգային բաժնում նոր զենքերի ձեռք բերման համար, սակայն նույն օրը Գարիկը հանդիպել է Արցախյան 2-րդ պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռաֆ Մկրտչյանի հարազատներին, որոնք գնացել են տեսնելու թե ինչպես կարող է վերջինս անհրաժեշտ մարզումներն անցնել հարազատ քաղաքում:
«Երբ ես պարզեցի, թե ինչ է հարկավոր, որ Ռաֆը մեզ մոտ մարզվի, անմիջապես կապվեցի բարերարների հետ ու ասեցի, որ զենքերի փոխարեն պետք է, որ ձեռք բերենք այն մարզասարքը, որով Ռաֆն ու մյուս մեր տղաները կկարողանան մեզ մոտ մարզվել»,-պատմում է Գարիկ Թովմասյանը:
Կարդացեք նաև
Թովմասյանի փոխանցմամբ՝ չնայած նախատեսվող գումարը չէր բավականացնում մարզասարքը ձեռք բերելու համար, սակայն իրենք անմիջապես դրամահավաքի հայտարարություն կատարեցին, որի շնորհիվ 48 ժամվա ընթացքում մի շարք սրտացավ մարդկանց շնորհիվ հավաքվել է ամբողջ անհրաժեշտ գումարը․
«Այս պահի դրությամբ Ռաֆը ոչ միայն մարզվում է, այլ նաև նպատակ ունենք, որ մյուս օլիմպիադային մասնակցի ուժային եռամարտով, ինչպես նաև մարզչական գիտելիքներ ստանալուց հետո նաև կկարողանան որպես մարզիչ աշխատել: Բացի Ռաֆից մեզ մոտ են մարզվելու նաև պատերազմի հետևանքով վիրավորում ունեցող մեր մյուս տղաները, ինչպես նաև մարզասարքից հնարավորություն կունենան օգտվել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները»:
Թովմասյանի խոսքով այս մարզասարքի շնորհիվ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած Ռաֆայելը և մյուս տղաները, ոչ մայն կարողանում են կանխել հետագա հիվանդությունները, այլ նաև նորից քայլելու հույս են ունենում:
«Ես գիտեմ, որ Ռաֆը նորից քայլելու է: Ես նաև վստահ եմ, որ հաջորդ Օլիմպիական մրցաշարում նա մեզ ոսկե մեդալ է բերելու»:
Նշենք, որ այս պահին դրամահավաք է անցկացվում նաև Ռաֆ Մկրտչյանի համար տանը տեղաշարժվելու համար համապատասխան վերելակ պատրաստելու համար:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ