Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել «Սահմանից սահման» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացվել են Տավուշի մարզի սահմանամերձ Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչական սիմպոզիումի մասնակիցների աշխատանքները:
Մեզ հետ զրույցում Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը նշեց, որ ցուցադրվել են Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչական սիմպոզիումի մասնակիցներից 12 նկարիչների շուրջ 70 աշխատանքներ:
Կարդացեք նաև
«Արդեն 18 տարի է մենք ամեն ամառ կազմակերպում ենք սիմպոզիում, որին մասնակցում են դպրոցի ուսուցիչները, ուսանողները, ինչպես նաև նկարիչներ Հայաստանի տարբեր համայնքներից, արտերկրից իսկ 2021 թվականից մասնակիցներ ունենք նաև Արցախից։ Սիմպոզիումը անցկացվում է Կողբի համայնքին կից գտնվող անտառում,որտեղ կան արդեն անհրաժեշտ պայմանները արվեստագետների համար մնալու և բնության մեջ ստեղծագործելու»:
Ղուլիջանյանի խոսքով՝ Շուշի քաղաքի հետ իրենց դպրոցն արդեն համագործակցման փորձ ուներ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքն այլևս չկա, իրենց ավանդույթը շարունակելու համար ցուցահանդեսն իրականացրել են Ստեփանակերտում․
«Սիմպոզիումին մասնակցել են նաև Շուշիից և Հադրութից նկարիչներ, եղել են նաև նկարիչներ Գյումրիից, Երևանից, Վանաձորից և Տավուշի այլ համայնքներից:
Մինչև պատերազմը մեր համայնքում որոշում կար, որ մենք գնանք Շուշի քաղաք և առաջարկենք Խոշորացված Կողբ համայնքի հետ դառնալ քույր բնակավայր, սակայն մեր նպատակն այդպես էլ անկատար մնաց»:
Ղուլիջանյանի խոսքով՝ արվեստագետների նման համագործակցությունը նպատակ ունի արվեստասեր մարդկանց համախմբել արվեստի, բնության և հայրենասիրության գաղափարների շուրջ։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Կողբի գեղարվեստի դպրոցի