Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հարավում այգիները չորանում են․ ո՞վ է մեղավոր

Օգոստոս 22,2021 15:34

Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր գյուղական եւ Մեղրի, Ագարակ քաղաքային բնակավայրերում 1352  ջրօգտագործող կա։ Ոռոգվում է 478 հա տարածք, բայց 25 օր է, ինչ տարածաշրջանում ոռոգման ջուր չկար։

Համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը տարվա այս սեզոնին օրն սկսում եւ ավարտում է գյուղական բնակավայրերում։  Միայն Նռնաձորում 46 ջրօգտագործող մշակում է 146 հա այգի։ Այգիների բերքով են հոգում իրենց ապրուստը։ Ջուր չկա, ամեն օր ահազանգում էին՝ իրենց խոսքով «վերեւներում նստողներին»։

Հարցը լուծում է ստացել վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդությամբ։ Պոմպակայանի վերանորոգման համար կառավարությունից 10 մլն դրամի մոտ գումար է հատկացվել։ Նորոգեցին, ջուրը տվեցին, բայց սոցկայքերում լուսանկարներ հայտնվեցին, որ Նռնաձորում ոռոգման ջուր չկա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շտապում է Նռնաձոր՝ առաջարկելով միանալ նրան։

«Որ երկու հատ շարժիչ տեղադրեցին  ու  էդքանից հետո մեղքը գցել պետության վրա, որ պետությունը մեզ փող չի տվել՝ խաբեն։ Փաստացի վարչապետի խորհրդականը՝ Ռոբերտ Ղուկասյանը գումարը տվեց, ասեցին երեք օրում կսարքեն, ասաց՝ մեկ շաբաթում սարքեք։ Ինչ գրել են՝ տվել է, անգամ մեկ մեխը, 20 լիտր բենզին։ Բայց եկավ տեսավ, ոչինչ չեն արել ։ Հիմա մեղադրել պետությանը, որ գյուղացուն  թողել է առանց ջուր՝ աբսուրդ է»,–ասում է նռնաձորցի Մկրտիչ Բոյաջյանը։

Նռնաձորում դեռ չմեծացած նռները  ճաքել՝ վարդի նման բացվել են։ Այգեգործը չի  կարողանում հասկանալ, թե ջուրը չտված՝ ջրօգտագործողների ընկերությունը ի՞նչ գումար է ուզում գանձեն։ «Ասում են՝ մուծեք, որ դոտացիա ստանաք, որ կարողանանք ջուր տանք, այն դեպքում, երբ մեր գյուղը պարտք չի»,–ասում է Մկրտիչ Բոյաջյանը։

Երեկոյան արդեն ագարակցիներն էին բողոքում՝ պատրաստվում էին միջպետական ճանապարհը փակել։ Արցախյան պատերազմի մասնակից Մանվել Վարդանյանը այգու չորացած ծառերն է ցույց տալիս։ Ասում է՝ ծառերը չորանում են, պտուղը չի մեծանում, մթերողները չեն վերցնում։

«Երեք պատերազմի մասնակից եմ, բեկորները  ողնաշարիս մեջ, ես այգի եմ մշակում իմ երեխաների համար,  9 թոռ ունեմ։ Խի՞ պիտի սենց լինի իմ այգու վիճակը։ Կով եմ պահում , խոտը քաղում եմ, տալիս կովին, ասում է՝ Մանվել , բա դա ուտելու բան է, որ տալիս ես ինձ։ Ո՞նց կաթ տամ»,–ասում է Մանվել Վարդանյանը։

Պոմիդորի, բիբարի, սմբուկի ցանքսերն է ցույց տալիս՝ խնդրելով նկարել, որ «երեւաններում տեսնեն»։ «Սրանք հլա հեչ, բան չեմ ասում, ծառերս են մեղք, ծառերս, ջուր են ուզում»։ Մանվելի հարեւանն էլ համոզված է՝ ինչ–որ մեկը խանգարում է, որ իրենց ջուր տան։ «Բա ո՞նց են բացատրում, հենց զանգում ենք Երեւան՝ կառավարություն, ստեղից ասում են մի ժամից ջուրը կլինի։ Փաշինյանին խաբում են, ինչքան հլա  հանրապետական լինի մի տեղ պաշտոնի՝ երկրի վիճակը սենց է լինելու»,–ասում է Մանվել Վարդանյանը։

Մեղրիի տարածաշրջանի բնակիչները ստեղծված իրավիճակի համար  մեղադրում են ջրօգտագործողների ընկերությանը։ Վահրամ Գեւորգյանը համոզված է՝ «ջրայինը էնքան շատ վատ է աշխատել, որ ամեն ինչ խառնվել է իրար»։ «Հիմա ջուր կա՝ ջրում ենք, բայց արդեն փչացած, չորացրած բերքի համար ո՞վ է պատասխան տալու։ Վարչապետին պիտի հասնի սա։ Նախ Հայաստանը սկսվում է մեր գյուղից։ Եթե իմ այգին չլինի , չորանա, ավելի լավ ա վառեմ ու գնամ Նռնաձորից»,–ասում է Վահրամը։ Համագյուղացիներից մեկն էլ ասում է, որ արդեն 10 մլն դրամի վնաս է կրել։

Մեղրի խոշորացված համայնքի պաշտոնակատար Արարատ Թումանյանի  խոսքով, հիմնականում կարգավորվել է տարածաշրջանի ոռոգման համակարգի խնդիրը, մանր–մունր հարցերը  ընթացքում կլուծվեն։ Հարցի  վերջնական լուծելու համար Մեղրիում  կարգավորիչ ջրամբար պիտի կառուցվի։ « Խնդիրը քննարկել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ Մեղրիում էր, ի ուրախություն բոլորիս ու  մեղրեցիների՝ ասեմ, որ ներդրումային ծրագիր կա՝ 6-7 մլն դոլար արժողությամբ, եւ ջրամբարում հնարավոր կլինի կուտակել  4 մլն խորանարդ ջուր»,–ասում է Արարատ Թումանյանը։

 

Ինչ վերաբերում է կրած վնասներին, ապա համայնքապետի պաշտոնակատարը համաձայն է բնակիչների հետ։ Նրանց խորհուրդ տվեց դիմել ջրօգտագործողների ընկերությանը՝ վնասը փոխհատուցելու համար։ Իհարկե, համայնքապետարանը կստեղծի հանձնաժողովը, որպեսզի հաշվարկի վնասները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031