Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գործողությունները խախտում են բերման ենթարկվածների իրավունքները․ ՄԻՊ-ը ամփոփում է «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված իրադարձությունները

Օգոստոս 22,2021 10:04

Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:

Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն, առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն:

Ըստ ահազանգերի ու հրապարակումների՝ ոստիկանների գործողությունների պատճառով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից 1-ը 16 տարեկան երեխա է, ում որովայնին, ըստ ահազանգերի, հարվածել է Ոստիկանության ծառայող:

Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրվա ընթացքում գործել է աշխատանքային 4 խումբ. 1 խումբ այցելել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում:

«Ֆիզգարադոկ» այցելած Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հարակից բնակիչների և նրանց փաստաբանի հետ:

  1. Շինարարության հետ կապված՝ փաստաբանը տեղեկացրել է, որ այգու տարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ: Ըստ փաստաբանի՝ այն ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարություն չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:

Այնուհետև, նշված անձը տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:

Փաստաբանը նշել է նաև, որ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:

Փաստաբանը նշել է, որ դիմել է դատարան: Նա նաև գրավոր բողոք կհասցեագրի Մարդու իրավունքների պաշտպանին:

  1. Ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված՝ բնակիչները տեղեկացրել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրում են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքում իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկում, չեն ներկայացնում պատճառներ:

Ոստիկանության բաժին այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ բերման ենթարկվածների, այդ թվում՝ 1 փաստաբանի հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև համացանցի հրապարակումները: Բերման ենթարկվածներից 2-ի, այդ թվում՝ փաստաբանի համար բաժին է կանչվել շտապ բժշկական օգնություն:

Առանձնազրույցների ընթացքում բոլոր բերման ենթարկվածները նշված տեղեկություններից բացի, հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։

Ա) Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4-ից ավելի ծառայող: Ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ (որովայնը և ոտքը) իսկ հագուստը պատռվել է և իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն։ Բերման ենթարկվելու ընթացքում Ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով։

Բ) Բերման է ենթարկվել նաև մեկ կին, ով նույնպես նշել է, որ ոստիկաններին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն ոստիկաններն իրեն դեպի մեքենան են տարել բռնության գործադրմամբ։ Արդյունքում՝ ձեռքերին կապտուկներ են առաջացել։

Գ) Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։

Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում։

Դ) Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ տեսանկարահանելիս է եղել քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքը, որի ժամանակ Ոստիկանության մոտ 4 ծառայող հետևից մոտեցել է իրեն ու բերման ենթարկել։ Ըստ Վ. Հարությունյանի՝ երբ հարցրել է, թե ինչ պատճառաբանությամբ են իրեն բերման ենթարկում, Ոստիկանության ծառայողները չեն պարզաբանել։ Նշել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տաբատը պատռվել է։

Նա նշել է նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ ինքնազգացողությունը վատացել է: Այդ մասին հայտնել է Ոստիկանության ծառայողներին: Ոստիկանության բաժնում ինքնազգացողությունն ավելի է վատացել (սիրտը), ոստիկանները սկզբում առաջարկել են ջուր խմել։ Այնուհետև, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։

Ե) Բերման ենթարկված այլ քաղաքացի տեղեկացրել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի պառկեցրել են գետնին, մոտեցել է և հարցրել, թե ինչ նպատակով են երիտասարդի նկատմամբ ուժ գործադրում, ինչից հետո ոստիկաններից մեկը հրահանգել է իրեն տանել բաժին։ Հարցրել է, թե ինչի համար են իրեն զրկում ազատությունից, սակայն ոչինչ չի պարզաբանվել։ Փոխարենը՝ Ոստիկանության 4 ծառայող ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ իրեն տեղափոխել են ոստիկանական մեքենան։

Ըստ առանձնազրույցի՝ Ոստիկանության բաժնում խնդրել է, որպեսզի ապահովվի իր զանգի իրավունքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և պահանջել են անջատել բջջային հեռախոսը։ Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է և քաղաքացին կարողացել է օգտվել զանգի իրավունքից։

Զ) Մեկ այլ բերման ենթարկված առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ Ոստիկանության մեքենային հարվածելու համար:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև այց են իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխված փաստաբանի և 16-ամյա երեխայի հետ։

Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։

Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում Ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի։

Բերման ենթարկված փաստաբանը, նախ, նշել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողներից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից։

Այնուհետև, կանգնել է տեխնիկայի դիմաց, որպեսզի անձամբ կանխի անսարք տեխնիկայի կողմից տարածքի աղտոտումը, որից հետո Ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։ Նրա պնդմամբ՝ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ոստիկաններն առաջացել են դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն չի կարողացել։

Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության դեմ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ:

Ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառության, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվի բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»:

Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որը ոտնահարում է մարդու արժանապատվությունը:

Պետք է նկատի ունենալ, որ վարչական իրավախախտման համար մարդուն բերման ենթարկելը ազատությունից զրկել է, ինչը նշանակում է, որ պետք է այդ պահին մարդուն պարտադիր բացատրվեն ազատությունից զրկելու հիմքերը, ներկայացվեն պատճառները, ինչպես նաև պարզաբանվեն իրավունքները: Անհրաժեշտ է ապահովել նաև ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքների իրացումը: Երեխաների նկատմամբ անհրաժեշտ է առանձնահատուկ վերաբերմունք՝ թույլ չտալու համար նրանց շահերի ոտնահարում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով (օրինակ՝ լուսանկարներ), այլ մանրամասներ և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031