Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահով Կապան, հուսո հանգրվան․ Կապանը նշեց քաղաքի տոնը

Օգոստոս 21,2021 23:44

Թե քանի տարեկան է Սյունիքի մարզկենտրոն Կապանը, ոչ մեկը չի կարող ասել, բայց դա չի խանգարում ամեն տարի օգոստոսի նախավերջին շաբաթ օրը Կապանի տոնը նշելուն։ Կապանի երկրագիտական թանգարանի տեղեկատվության համաձայն՝ Կապանի մասին առաջին հիշատակությունը եղել է հինգերորդ դարի վերջերից։

10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանը հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ 11-րդ դարում Կապանն արդեն ուներ շուրջ 20000 բնակիչ եւ գտնվում էր ներկայիս Կապանից մոտ 15 կմ հյուսիս-արեւմուտք։ Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ այս տարածաշրջանում քաղաքակրթությունը  գոյություն է ունեցել դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում։ Կապան բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում։ Կապանը հնում կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար նրա սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով։ Շատերը պնդում են, որ Կապանը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ». քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով։ Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվել է, նրա անունը թուրքական աղավաղմամբ արտասանվում էր Ղափան, Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնել է իր պատմական Կապան անունը։

Օգոստոսի 21-ին վաղ առավոտից էին սկսել միջոցառումները՝ կրոսավազք, շուրջպար Ճակատեն սահմանային բնակավայրի տարածքում վեր խոյացած եռագույն դրոշի մոտ, ծաղկադրման արարողություն Բաղաբուրջի սարահարթում, ուր ամփոփված են արցախյան բոլոր պատերազմի զոհերը։ Կեսօրին  Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տոնական հանդիսությունն էր։ Այն բացվեց  Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետի ուղերձով։ Արվեստագետ, Կապանի պատվավոր քաղաքացի Լիանա Հակոբյանը համոզված է՝ անկախ ամեն ինչից Խուստուփի ստորոտում Կապանը կշարունակի ապրել։

«Սիրելի քաղաք, տարիների մեջ եղել ես իր երջանկությունը կերտող կապանցու օրրան, եղել նրա սխրանքների, ստեղծարար ջանքերի , լավագույն իղձերի եւ խոհերի տարեգիրը, մասնակցել նոր մարդու հոգեբանության կերտմանը։ Սիրենք, նվիրվենք ու ամեն օր ցույց տանք մեր սերը հարազատ Կապանին։ Տոնդ շնորհավոր, իմ յոթնաբերդ ոստան, որ լեռների լանջին թիկնած ժայռեղեն ամրոց կապանք ես եղել ոսոխի դեմ։ Թող հավերժ լինի անունդ քո, Կապան»,–ասաց Լիանա Հակոբյանը։

Բազմադարյա, բայց հավերժ երիտասարդ Կապան՝ այսպես բնութագրեց իր ծննդավայրը Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Պատմությունը չնայած կրկնվում է, 28 տարի անց կապանցին արկերի ձայն լսեց, բայց չընկրկեց,  միայն 44-օրյա պատերազմում Կապանը 50 զոհ տվեց։ «Մինչդեռ մեկդարյա պատմության երկրի ղեկավարը շարունակում է հոխորտալ Սյունիքի թեմայով, որ Արեւմտյան Զանգեզուրը իրենց պատմական հողերն են, ու իրենք վերադառնալու են այստեղ, չպատկերացնելով, որ  հայորդիներ Պողոս Տեր-Դավթյանի, Մելիք Ստեփանյանի, Գարեգին Նժդեհի եւ այլոց արյան գնով պահած պաշտպանած մեր հողի վրա աչք դնողին հողին ենք հանձնելու»,–իր ելույթում նշեց Գեւորգ Փարսյանը։

Կապանի տոնին ներքաղաքային լարվածությունը զգացնել տվեց իրեն։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը տոնական միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկել միայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ծննդով կապանցի Աննա Գրիգորյանին։ Հիշեցնենք, որ վերջերս Կապան համայնքի ավագանու 8 անդամ հրաժարականի դիմում են ներկայացրել եւ համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ պիտի նշանակեն։ Գեւորգ Փարսյանը սա քաղաքական ճնշում էր որակել, քանի որ ինքը քննադատել էր իշխող կուսակցությանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պատվավոր հյուրերի շարքում չէր։ Նա ուղերձ էր հղել, որը սակայն հանդիսությանը չհրապարակվեց։  Ըստ Սյունիքի մարզպետի՝  շատերին կարող է թվալ, թե անցնող տարվա կորուստները, չամոքված վերքերն ու սուգը համատեղելի չեն այսօրվա տոնի հետ, բայց սահմանային ու սահմանապահ Սյունիքում նման տոն նշելն իր խորհուրդն ունի ու ինքնանպատակ չէ։ «Կարծում եմ՝ հենց դուք՝ այստեղ բնակվողներդ, ամենից առաջ ու ամենից շատ արժանի եք զգալու հերոսական Կապանի ոգին, ինչպես նաեւ ձեր սերն ու նվիրումը նրա հանդեպ արտահայտելով՝ առավել ամուր ու կանգուն Կապանի ներկան ի ցույց դնելու աշխարհին։ Հենց նման միջոցառումներով է, որ կապանցին ապացուցում է իր քաղաքում ապրելու ու արարելու անսասան հաստատակամությունը, իր հողին աներեր կառչած մնալու ուժը ու այն, որ կյանքը շարունակվում է ու կշարունակվի»,–ասված է մարզպետի ուղերձում։ Մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նույնպես նախընտրել էր ուղերձով շնորհավորել իր համաքաղաքացիներին։

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սրտի բնօրրանի, Սյունյաց վեհատեսիլ մարզկենտրոնի՝ Կապանի տոնի առթիվ: Վերջին ժամանակներում՝ մեր երկրի համար դժվարին այս օրերում, տոնական որեւէ շնորհավորանք հղելը, թերեւս, բարդ է ամենքիս համար, բայց մեր հարազատ քաղաքի գեղեցիկ տարեդարձն այն եզակի իրադարձություններից է, որը ոգեւորում է, պայծառություն է հաղորդում մեր մտքերին՝ շարունակելու ապրել, արարել, շենացնել ու այժմ էլ առավել մեծ գործնական հոգածությամբ, հայրենապահպան առաքելությամբ թեւ-թիկունք լինել ինչպես մայր Հայաստանին, այնպես էլ Արցախին»,–իր ուղերձում գրել է փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Ի դեպ, « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Դավիթ Դանիելյանը իր հարգանքի տուրքը մատուցեց արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով։ Հրավիրեին էլ՝ պատգամավորը տոնական այլ միջոցառումների չէր մասնակցի։ Կարծում է՝ չնայած տոնին, կապանցին այսօր տխուր է, բացակա շատ ընկերներ ունենք։ Խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն խոսակցությունները, թե Կապանի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։

«Մի քանի օր հետո կլինի պաշտոնական հայտարարություն»,–Aravot.am-ին ասել էր  Դավիթ Դանիելյանը։ Նկատենք, որ Կապանի տոնին մասնակցում էին «Շանթ դաշինք» կուսակցության պատվիրակները։ Ըստ քաղաքում պտտվող լուրերի, Գեւորգ Փարսյանը ավագանու արտահերթ  ընտրություններին մասնակցելու է հենց «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակով։

Ինչևէ, մինչ կպարզվեն ընտրական ցուցակները՝ Կապանում տոն է։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը խրախուսական մրցանակներ ու շնորհակալագրեր հանձնեց Կապանի ինքնապաշտպանության եւ համայնքին աջակցություն ցուցաբերողներին։ Նրանց թվում էր նաեւ  Գարիկ /Գառնիկ/Ղազարյանը՝ Կապանի ինքնապաշտպանության գործում ունեցած ավանդի, պատերազմի ընթացքում համայնքին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու եւ միշտ համայնքի կողքին լինելու համար։

Տոնական միջոցառումները շարունակվեցին մինչեւ ուշ երեկո։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031