Ամեն տարի, օգոստոսի նախավերջին շաբաթ օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանը նշում է իր հիմնադրման օրը։
Օգոստոսի 21-ին Կապանում տոն է՝ համայնքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է նախաձեռնել։ Կապանում է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Նա առավոտյան Բաղաբուրջի սարահարթի պանթեոնում էր, ուր ամփոփված են արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների աճյունները։ Ծաղկադրման արարողությունից հետո Aravot.am-ը մի քանի հարց ուղղեց Դավիթ Դանիելյանին։
Կապանի տոնի միջոցառումներին պատգամավորը չի մասնակցի․ իր խոնարհումը բերեց բոլոր հերոսներին։ «Կապանի տոնը նշում ենք, բայց բոլորի սրտում տխրություն կա։ Շատ բացակա եղբայրներ ունենք այսօր»,–ասում է պատգամավորը։
Կարդացեք նաև
Դավիթ Դանիելյանը մի քանի օր է, ինչ Կապանում է։ Հանդիպումներ է ունենում ընտրողների հետ, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։ «Ծրագրեր ենք մշակում, առաջիկայում կներկայացնեմ դրանք, կապված են Սյունիքի սահմանամերձ համայնքների զարգացման հետ»,–նշում է ծննդով կապանցի օրենսդիրը։
Դավիթ Դանիելյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ Կապանի համայնքապետարանում ստեղծված ճգնաժամին։
Հիշեցնենք, Կապան համայնքի ավագանու 15 անդամից 8-ը վայր են դրել մանդատները, վաղաժամկետ դադարեցվել է ավագանու լիազորությունը եւ սահմանված կարգով կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ Գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանի կարծիքով, այս ամենը քաղաքական ճնշումների արդյունք է։
«Քաղաքական ճնշումներ չկան։ Կարծում եմ, օրինաչափ գործընթաց է, երբ Կապանի համայնքապետը հայտարարում է՝ ոչ մի պարագայում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Սակայն, կապանցիները ի հեճուկս համայնքապետի հայտարարության, քվեարկում են եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տալիս, բնական է, որ համայնքի ներսում հակասություն կառաջանան, որոնք էլ համայնքում բերեցին քաղաքական ճգնաժամի։ Կարծում եմ ճգնաժամի հաղթահարման միակ լուծումը ավագանու արտահերթ ընտրություններ են»,–ասում է Դավիթ Դանիելյանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, որ Կապանի ավագանու անդամների արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը գլխավորելու է Դավիթ Դանիելյանը՝նշեց, որ դեռ չի ցանկանում մանրամասն խոսել այդ մասին։ «Ես այս պահին Ազգային ժողովի պատգամավոր եմ, իրականացնում եմ իմ պատգամավորի գործունեությունը, կարծում եմ այդ մասով պաշտոնական հայտարարություն կլինի»,–մեր զրույցը եզրափակեց Դավիթ Դանիելյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ