Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների ու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
Նախագահ Բայդենին՝
Մենք գրում ենք հայտնելու մեր տագնապը ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրսբերման հետևանքով Աֆղանստանում ծավալվող ճգնաժամի և Ձեր վարչակազմի կողմից երկրի առավել խոցելի խմբերի մարդու իրավունքները պաշտպանելու ձախողման կապակցությամբ։ Մոտ 20 տարի ԱՄՆ նախագահները պարծեցել են բոլոր աֆղանների իրավունքների պաշտպանության աջակցման իրենց հանձնառությամբ։ Սպիտակ տան դանդաղ արձագանքը նախորդ շաբաթվա իրադարձություններին նպաստել է մարդու իրավունքների ճգնաժամին։
Կարդացեք նաև
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Թալիբանի ուժերը հսկայական նվաճումներ են ունեցել ամբողջ երկրում՝ գրավելով Աֆղանստանի նահանգային մայրաքաղաքների կեսից շատը։ 1996 թ․-ից մինչև 2001 թ․-ը Թալիբանի կառավարությունը կանանց և աղջիկներին ենթարկել է չափազանց խիստ վերահսկողության և զրկել նրանց իրենց կրթության, բժշկական օգնության, տեղաշարժի և շատ դեպքերում կյանքի իրավունքներից։ Այս ոտնահարումները շարունակվում են առ այսօր երկրում անընդհատ աճող Թալիբանի զավթած տարածքներում։ Թալիբանը ունի մանրամասն փաստագրված տվյալներ խաղաղ բնակչությանը դիտավորյալ սպանելու, քննադատողների դեմ դաժան հաշվեհարդար կազմակերպելու և մարդկային կյանքի նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու վերաբերյալ։
Հակամարտության այս նոր փուլը հատկապես արագացրել է Աֆղանստանի հումանիտար աղետը։ Նույնիսկ մինչև Թալիբանի վերջին հարձակումը մոտավորապես չորս միլիոն աֆղան ներքին տեղահանված էր, ինչը համարժեք է Լոս Անջելեսի բնակչությանը։ Մայիս ամսից նրանց թիվը հետզհետե աճել է։ Տեղահանվածները ապրում են ծանր զրկանքներով՝ հաճախ չունենալով համապատասխան սանիտարական պայմաններ, մաքուր ջուր, բժշկական օգնություն, զբաղվածություն կամ կացարան։ Թալիբանի սահմանային դիրքերի գրավման և հարևան երկրների սահմանակետերի փակման հետևանքով խաղաղ աֆղան բնակչությունը շարունակում է մնալ թակարդում։
Եթե մի օր Աֆղանստանը կրկին զարթոնք տեսնի, դա կլինի երկրի իրավապաշտպանների, այդ թվում՝ կանանց իրավունքների ակտիվիստների, լրագրողների և այլ շահագրգռված աֆղանների ջանքերով։ Մեր կազմակերպությունը փաստագրել և աջակցել է այս անհատների հսկայական ներդրմանը իրենց երկրում մարդու իրավունքների և ազատության զարգացման գործում։ Մենք նաև փաստագրել ենք նրանց առջև ծառացած վտանգները։
Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում անհապաղ
– Ապահովել Աֆղանստանի քաղաքացիական հասարակության աշխատակիցների, լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների, հատուկ ներգաղթային վիզայի թեկնածուների և այլ խոցելի անձանց անհապաղ տարհանումը դեպի ԱՄՆ կամ երրորդ երկրներ՝ մինչև իրենց դիմումների վճիռը կայացնելը,
– Օգտագործել Աֆղանստանի հարևան երկրների վրա ճնշում գործադրելու բոլոր դիվանագիտական ուղիները՝ փախստականների համար իրենց սահմանները բացելու նպատակով,
– Զարգացող ճգնաժամը լուծելու նպատակով աշխատել ՄԱԿ-ի և միջազգային հանրության հետ՝ ավելի լայնածավալ հումանիտար օգնության ենթակառուցվածքներ ստեղծելու համար, և
– Հիմք դնել արդարացի հաշվետվողականությանը, և ճնշում գործադրել Աֆղանստանում կոնֆլիկտի բոլոր դերակատարների կողմից իրականացրած խախտումների անաչառ և անկախ հետաքննություն իրականացնելու համար։
Ներկայիս քաղաքականությունը, որն իրականացնում է Սպիտակ տունը վտանգում է Աֆղանստանի ժողովրդին։ Մենք կոչ ենք անում շտապ փոխել գործողությունների ուղղությունը։ Անգործության հետևանքները դրսևորվելու են մարդկային կյանքերում։
Մայքլ Աբրամովից- Freedom House-ի տնօրեն
Փոլ Օ՛Բրայըն- Amnesty International ԱՄՆ-ի գործադիր տնօրեն