Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի կարծիքով՝ կան լրագրողներ, որոնք գործուղվում են ԱԺ միջադեպեր հրահրելու, տեղեկություններ երկրից դուրս տանելու համար

Օգոստոս 20,2021 18:30

ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակող որոշումն ընդունվել է առանց լրագրողական համայնքի հետ քննարկելու եւ կարծիքը հաշվի առնելու, նման նախադեպ չի եղել։ Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով՝  հանրային իշխանության մարմնում լրագրողների աշխատանքի սահմանափակման նկատառումներից կարող է լինել անվտանգությունը․ «Եթե չեմ սխալվում, հենց այս հիմքին են հղում անում  որոշման հեղինակները, նշելով որ անվտանգության ապահովման նպատակով են կիրառում այս սահմանափակումները։ Եթե անվտանգության համար են անում, սա չի ընկալվի որպես հիմնավորված մոտեցում,  պետք է խիստ հիմնավորված անհրաժեշտություն լինի դա կիրառելու համար, պետք է նախորդած լինի ինչ-որ նախադեպ, որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջել կիրառել որոշակի սահմանափակումներ։ Չմոռանանք, որ խոսքը Ազգային ժողովում արդեն իսկ հավատարմագրված լրագրողների մասին է, եւ իրենք ԱԺ շենք մուտք գործելիս  արդեն  անվտանգության հետ կապված ստուգումներ են անցնում եւ այդ սահմանափակումների կիրառումը դրանից հետո այլեւս անհրաժեշտ եւ համաչափ չէ։ Եթե գումարենք  թե ինչ մթնոլորտում է ընդունվել այդ որոշումը, մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ ԱԺ ղեկավարությունը փորձում է հարմարավետ միջավայր ստեղծել  իրենց համար եւ իրենց ապահովագրել ոչ ցանկալի հարցերից»։

Այս նախագծի հեղինակները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն են, վերջինս մինչեւ պատգամավոր ընտրվելը աշխատել է որպես լրագրող։

Այսօրվա քննարկման բանախոսներից եւս մեկ նախկին լրագրող, այժմ՝ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս կվերաբերվեր, եթե նման որոշում ընդունվեր նախկին իշխանության օրոք, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ միգուցե բացասաբար։

«ԱԺ-ում լրագրողների գործունեությունը կանոնակարգված չէ, երբ գործում ենք մի միջավայրում, որտեղ չեն գործում կանոններ, այդ միջավայրում հնարավոր չէ ապահովել մասնակիցների իրավունքները։ Եթե չկան կանոններ, չկան պարտականություններ, եւ հետեւաբար, որեւէ իրավունքի խախտման դեպքում չենք կարող ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ ԱԺ նաեւ հյուրեր են գալիս,  եւ նշվում է, շահագրգիռ կողմերի հետ նախագիծը չի քննարկվել, օրինակ՝ չէին կարող քննարկում իրականացնել ԱԺ ժամանող հյուրերի հետ, ապա նրանց վարքականոնի վերաբերյալ կանոնակարգումներ մտցնել։

Պատգամավորն ասաց, որ նախագծով ոչ ոք չի սահմանափակում լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու ազատությունը, տեղեկատվություն տարածելու ազատությունն ու  հարցազրույցներ վերցնելու ազատությունը․ «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ լրագրողն արդեն չի կարող կամայական իր ուզած պատգամավորի դուռը բացել՝ առանց հարցնելու, ներս մտնել ու դուրս չգալ այդ սենյակից, եւ դա մենք համարում ենք խոսքի ազատություն եւ տեղեկատվություն ստանալու ձեւ, կներեք, մենք այդպես չեն համարում»։  Պատգամավորը վստահեցրեց՝ լրագրողներն ունենալու են իրենց աշխատանքի համար հարմարեցված տարածքներ։

«Մենք բազմիցս տեսել ենք, որ լրագրողները վազում են պատգամավորների հետեւից, որը, կներեք, տգեղ է։ Ես լրագրող ժամանակ երկու օր եմ ԱԺ-ում եղել,  հրաժարվել եմ գնալ, որովհետեւ, կներեք, լրագրողի համար պատվի հարց է աշխատել ԱԺ-ում, երբ ինքը ստիպված է վազել պատգամավորների հետեւից՝ ոտքերի տակ օպերատորների լարերը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Տիկին Դոյդոյանն էլ նշեց՝ ԱԺ միջանցքում լրագրողը պատգամավորից  չի կարող  հարցազրույց վերցնել, այս մեկնաբանությունը ոչ մի բացատրություն չունի,  թե ինչո՞ւ են հասարակությանը զրկում առաջին ձեռքից, տաք տեղեկատվություն ստանալու հնարավորությունից․ «Բնազադային այն վախը չեմ հասկանում, որ փորձում եք խուսափել այս թեմայով քննարկումներից։ Մեզ այլ բան չի մնում, քան բողոքարկել համայնքի միասնական որոշում կայացնելուց հետո, նաեւ դիմելու են ՍԴ, ՄԻԵԴ»։

Արթուր Հովհաննիսյանը համամիտ չէր Դոյդոյանի պնդման հետ, որ հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը  խոչընդոտվում է, նա նշեց՝ ԱԺ  նիստերը  լուսաբանվում են, հանձնաժողովների  նիստերը՝ նույնպես,  հրավիրելու դեպքում պատգամավորի աշխատասենյակում լրագրողը կարող է հարցազրույց վերցնել․ «Պատգամավորները մոտենում են համապատասխան վայրում ու լրագրողների հետ զրուցում, բայց գործ ունենք մի երեւույթի հետ՝ելնելով ԱԺ շենքի կառուցվածքից, որը թույլ է տալիս շրջել ամենուր եւ նույն միջանցք մտնել հինգ տարբեր կողմերից, որը խնդիրներ է առաջացնում նաեւ անվտանգության տեսանկյունից։  Ինձ համար որպես քաղաքական գործիչ կարեւոր է եւ մեր շահերից է բխում հնարավորիս շատ զրուցել լրագրողների հետ, կիսվել մեր գաղափարներով, հակառակ դեպքում, երբ իշխանություն չունի հազարավոր լրատվամիջոցներ,   թիրախում հայտնվում է մեր քաղաքական թիմը, մեզ ձեռնտու է շփվել լրագրողների հետ, որոնք իրոք լրագրողներ են, այլ ոչ թե, որ գործուղվում են ԱԺ  խորհրդարանի  աշխատանքները խաթարելու եւ միջադեպեր հրահրելու, ինֆորմացիա դուրս տանելու, նաեւ՝ երկրի սահմաններից դուրս տանելու համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031