Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ:
Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը:
Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է, նաև անդրադարձել արտաքին և ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի և անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին:
Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով:
Կարդացեք նաև
«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում, շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Ամփոփելով հանդիպումը` մասնագետներն անդրադարձել են պատվաստումային գործընթացին, ընդգծել դրա կարևորությունը: Թեև պատվաստումների տեմպը մեծացել է, բայց բժիշկների գնահատմամբ` դեռևս այն գոհացուցիչ չէ: Ուստի, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ էլ ավելի համակարգված ու արդյունավետ աշխատանք ծավալելու` կանխելով համավարակի ռիսկերի մեծացումը:
Առողջապահության նախարարություն