Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ պետք է երազանք ունենալ. Մհեր Իսրայելյան

Օգոստոս 20,2021 16:08

Արձակագիր Մհեր Իսրայելյանի նոր՝ «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուն, ներկայացվեց ընթերցողին։ Օգոստոսի 19-ին «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում կայացավ գրողի 4-րդ գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը՝ XXI մատենաշարով:

Շնորհանդեսի ընթացքում անցկացվեց նաեւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդես: Նկարչի «Միստիկա» նկարը Մհեր Իսրայելյանի նոր գրքի շապիկին է:


Մհեր Իսրայելյանի նոր ժողովածուի պատմվածքները մարդու, նրա կյանքի ու հույզերի մասին են։ Մարդու, որ ծնվում է, մեռնում, ծիծաղում, լաց լինում, ճաշակում պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում եւ դեռ երկար շարունակելու է պտտվել:

Գիրքը նվիրված է շարքային Վարդան Ամալյանին, որը պիտի գրող դառնար, եւ Արցախի համար անմահացած բոլոր տղաներին ու աղջիկներին:

«Երկար տարիներ արտասահմանում եղել եմ պետական ծառայության, ԵԱՀԿ-ում: Մինչեւ 40 տարեկանս գրականությամբ չեմ զբաղվել, չնայած նրան, որ հայրս գրող էր՝ Վրեժ Իսրայելյանը: Հորս մահից հետո որոշեցի իր գրքի վերջաբանը գրել, հետո հասկացա, որ ուզում եմ շարունակել իր գործը: Սկսեցի գրել պատմվածքներ, վիպակներ ու արդեն հրապարակվում է 4-րդ գիրքս: Գիրքը բաղկացած է 21 պատմվածքներից, որոնք գրվել են վերջին 3 տարիների ընթացքում, ասեմ, որ պատմվածքների ստեղծման ժամանակ գաղափար չի եղել դրանք հանդես բերելու գրքի տեսքով. ժամանակի ընթացքում ամփոփվեցին այս ժողովածուի մեջ: Գիրքը բազմաշերտ է, որում խոսվում է մարդու ու իր կյանքի՝ հույզերի, ապրումների մասին, որոնք արտացոլվում է պատմվածքներում: Ամեն պատմվածք ունի իր ստեղծման պատմության առանձնահատկությունը, որը նոր շունչ է տալիս գրվածքին: Պատմվածքների մեջ հին ու նոր պատմություններ են, ստեղծման պատմություններն էլ իրարից տարբերվում են»,- Aravot-ի հետ զրույցում ասում է գրող, արձակագիր Մհեր Իսրայելյանը:


Հարցին ի պատասխան, թե ինչու է շնորհանդեսի համար ընտրվել «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցը՝ գրողն ասաց, որ այդտեղ առաջին անգամ չէ, ու հյուրանոցի հայկական կոլորիտն է իրեն ստիպել է շնորհանդեսն այնտեղ կազմակերպել, իսկ հյուրանոցի աշխատակազմը սիրով համաձայնել է: Հարցին, թե ինչ պլաններ ունի առաջիկայում, գրողը պատասխանեց, որ ոչինչ չի պլանավորում, որովհետեւ կյանքն, ինքնին, անկանխատեսելի է, գրելիս էլ, գրում է այն ժամանակ, երբ մուսան գալիս է, կոնկրետ պահ ու ժամանակ չկա: Կյանքի կարգախոս եւս չունի, կարծում է, որ մարդ միշտ պետք է ունենա երազանք: «Այս գործ գրել եմ ԱՄՆ-ում, Խաղաղ օվկիանոսի ափին, որտեղ ստեղծագործելը գերագույն հաճույք է, իսկ պայմանները՝ նպաստավոր: Սիրելի գրողներ, եթե անկեղծ, շատ ունեմ, չէի ցանկանա մեկին առանձնացնել, հորս՝ որպես գրող էլ եմ շատ սիրում: Նախընտրում եմ այնպիսի գրականությունը, որը մոտ է մարդկային կյանքին եւ առնչվում է դրան»:

Խոսեցինք նաեւ գրքի խմբագրի, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ, որի խոսքով՝ իր ու Մհերի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի. «Մհերի հետ վաղուց ենք համագործակցում, դեռ այն ժամանակվանից, երբ նոր էր գրական քայլեր անում: Հրատարակել ենք նաեւ իր առաջին գիրքը՝ «Մինչև մեռնելն ապրել է պետք», հետագայում իր գրական ընթացքին հետևել եմ ու առաջարկել երկարաժամկետ համագործակցություն սկսել, այդպես էլ հրատարակվեցին մնացած գրքերը: «Մեն ու միակ մոլորակ» գիրքը շուտ հրատարակվեց, կապված մեր երկրում կատարվող իրադարձությունների՝ պատերազմի եւ համավարակի հետ: Մհերը պատերազմի ու, առհասարակ այդ ընթացքում, շատ լավ ու տիպիկ բաներ էր գրել, որը վերածվեց գրքի: Մհերն էլ, այսպես ասած, «մաքուր» գրող է, իր գործերի վրա խմբագրական աշխատանք գրեթե չի արվում: Գրքի շնորհանդեսը չկապեցինք պատերազմի տարելիցի հետ, որպեսզի այդ քողի տակ չներկայացնենք»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031