Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ.հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել։
Վերջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ մարտի 2-ին հայտարարել է, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռելու նպատակով։ Բայց գործը էլի առաջ չի շարժվել։ Ներկայում հիմնադրամների ղեկավարները ոչ թե ընտրվում են համայնքի կողմից, այլ նշանակվում՝ Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության 2019 թ. շրջաբերականի հիման վրա։
Այսպիսով, Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հղել է հետևյալ հարցերը․
Կարդացեք նաև
1․Ձեր իշխանությունը, որ ամեն հարմար առիթով ընտրություններ է կազմակերպում, ինչո՞ւ է ութ տարի շարունակ խոչընդոտում փոքրամասնությունների համայնքների ընտրություններին։
2.Ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ փոքրամասնությունների համայնքները ընտրություններ անցկացնեն, թեև բազմաթիվ անգամ նման խոստում եք տվել։
3.Ե՞րբ են անցկացվելու փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները։
4.Դուք գիտակցո՞ւմ եք, որ թույլ չտալով փոքրամասնությունների հիմնադրամների ընտրություններ կազմակերպել՝ խոչընդոտում եք այդ հիմնադրամների արդյունավետ կառավարմանը։