«Անհրաժեշտություն կա կազմակերպել այն շարժումն ու համախմբումը, որի միջոցով կկարողանանք փոխել իրավիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջը» ,- այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։
Բանախոսի կարծիքով՝ այսօր մենք կորցնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը, քանզի Հայաստանի վերաբերյալ որոշումներն ընդունվում են առանց Հայաստանի մասնակցության։ Սա, Արա Հակոբյանի պնդմամբ, բերում է ապազգային քաղաքականության։
«Փաշինյանն ասաց, որ իրենք խաղաղության նոր դարաշրջան են բացում։ Բայց իրենց կարծիքով՝ խաղաղություն նշանակում է պատերազմի պարտությունն ընդունել որպես վերջնական։ Իսկ մենք, ընդունելով պարտությունը, չենք ընդունում, որ այդ արդյունքը վերջնական է։ Այս իշխանության հետ մենք շարունակելու ենք կապիտուլյացիան, ինչի արդյունքում մեր հրաժարվում ենք մեր ազգային հավակնություններից՝ կապված թե՛ Արցախի, թե՛ Նախիջևանի հետ»․ ասաց նա։
«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանն էլ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Հայ ժողովուրդը չի կարող համակերպվել նրա հետ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվի հայերի պարտությամբ։ Մենք կհամախմբենք այն մարդկանց, ովքեր նույնպես չեն ընդունում այդ լուծումը և կամք ունեն պայքարելու մեր պետության համար»։
Բանախոսի փոխանցմամբ՝ անիմաստ է խոսել հակամարտության ավարտի մասին, քանի դեռ Ադրբեջանում կառավարում է Իլհամ Ալիևը։ Նրա կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանում կա հանցավոր ռեժիմ, ոչ ոք չի պատժվի հային բռնաբարելու, թալանելու, սպանելու համար։
«Չկա խաղաղություն՝ առանց անվտանգության։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, բացառապես իր աթոռը պահելու համար, պատրաստ է մեր պետության վզին փաթաթել սարսափելի միջազգային պարտավորություններ» ,- ասաց նա։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք նաև, որ «Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնել են «Նոր պետություն» միաբանումը:
Մանրամասները՝ տեսանյութում․
Նելլի Գրիգորյան