Հայաստան։ 1988 թվական։ Անհրաժեշտություն չհամարելով հիշեցնել ինչեր տեղի ունեցան Հայաստանում այդ և հաջորդող տարիներին, այնուամենայնիվ պետք է անդրադառնամ մի դեպքի, որն այսօր համարվում է բնականոն երևույթ։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, առաջին անգամ պատմության մեջ, տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն։
Առանց ընտրության մանրամասների. ռեկտոր ընտրվեց Յուրի Լևոնի Սարգսյանը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Գիտության, կրթության, արդյունաբերության բնագավառում, ոչ միայն Հայաստանում բոլորին հայտնի ՄԱՐԴ։ Մարդ, ով հիմք դրեց նորանկախ Հայաստանի կրթության և գիտության ոլորտի ռեֆորմներին, ուժն ու եռանդը ներդրեց Պոլիտեխնիկի համար, Հայաստանում ինժեներական կրթության մակարդակի բարձրացման համար, չնայած Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններին։
2006թ.-ին ծննդյան 65 ամյակի կապակցությամբ, Հայաստանի գիտության և կրթության բնագավառում անգնահատելի ներդրման համար ՀՀ ԿԳ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանը «խնդրեց» Յուրի Սարգսյանին ազատվել պաշտոնից՝ ճանապարհ հարթելով իր կուսակից ընկեր Ոստանիկ Մարուխյանի համար։
Կարդացեք նաև
Այն ժամանակ այդ անցումը դիտվեց որպես գործողությունների բնականոն ընթացք, օրենքով սահմանված տարիքային սահմանափակում։
Մարուխյանին պակասում էր ռեկտորի պաշտոնին ներկայացվող պահանջներից մեկը՝ գիտությունների դոկտորի կոչումը, որը շատ հեշտությամբ փոխվեց, այդ պահի անհրաժեշտությունից ելնելով։
5 տարի անց, այդ ժամանակվա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օգտվելով նույն տարիքային սահմանափակման գործուն պատրվակից, փորձելով առանց նեղացնելու ազատվել երկար տարիներ փոխնախարարի աթոռը զբաղեցնող իր կուսակից ընկեր Արա Ավետիսյանից, վերջինիս նվիրեց Պոլիտեխնիկի ռեկտորի աթոռը, սակայն գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, պոլիտեխնիկական հանրության կողմից չընդունվեց և չընկալվեց։
Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Պոլիտեխնիկում ստուգումների արդյունքում Ավետիսյանին «խնդրեցին» ազատվել անձնական դիմումի համաձայն։ Արմեն Աշոտյանը Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար նշանակեց ԵՃՇՊՀ գործող ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին, երկու բուհերի միավորման տրամաբանական հեռանկարով։
Սակայն շատ չանցած, Աշոտյանին հասցրեցին իր հասցեին Թոքմաջյանի կողմից մի առիթով հնչեցված մի արտահայտություն, որից սկիզբ առավ և «փայլուն» իրականցվեց, «անհայտ» անձանց կողմից կազմակերպված «սեքս սկանդալ» օպերացիան։ Արդեն հայտարարված ռեկտորի ընտրություններում Թոքմաջյանին տապալելու համար անհրաժեշտ էր մարդ, որը կընկալվի պոլիտեխնիկցիների կողմից և կընդունի իր կողմից առաջ քաշված բոլոր պայմանները, ռեկտոր դառնալու դիմաց։ Այդպիսի թիրախ ընտրվեց տարիներ առաջ տարիքային սահմանափակման պատճառաբանությամբ ռեկտորի պաշտոնից ազատված նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։
Աշոտյանը օգտագործելով իրեն հասու կուսակցական, կառավարական, պառլամենտական և ուսխորհրդական հնարավորությունները, Մարուխյանին նորից նստեցրեց նույն աթոռին, եւ թե ինչ պայմանով էր Մարուխյանը 5 տարի զբաղեցնում այդ աթոռը, իրենց կարծիքով՝ հայտնի է միայն իրենց։ Մարուխյանի «ամենանշանակալի» քայլը եղավ ռեկտորի տեղակալի պաշտոնի ստեղծումը և այդ պաշտոնում ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին նշանակումը։ Բոլորը Մարուխյանի անհեթեթ քայլը գնահատեցին որպես երախտագիտության դրսևորում։
Գոռի կառավարմամբ Մարուխյանի գործունեությունը մոտեցավ ավարտին, Մարուխյանը ազատվեց ռեկտորի «շղթայից»՝ իբր կապ չունի հետագա զարգացումների հետ։ Սակայն հաջորդ քայլից ակնհայտ դարձավ «քավոր-սանիկ-ռեկտոր» պլանը։ Հիշո՞ւմ եք Հովհաննես Թոքմաջյանին։ Ահա նրա գլխին սարքած «քաջագործության» հեղինակները լծվեցին «քավոր-սանիկ-ռեկտոր» պլանի իրականացման հաջորդ փուլին։
Նախ` անհրաժեշտ էր կանոնադրությունից վերացնել ռեկտորի պաշտոնի հավակնության Գոռին խոչընդոտող արգելքներից ամենակարևորը՝ դոկտոր կամ պրոֆեսոր բառերը, իսկ դրա համար անհրաժեշտ էին կառավարման մարմինների որոշումները։ Այդ կապակցությամբ իրականացվեցին Հոգաբարձուների խորհրդի ընտրություններ։ Իհարկե, Գիտական խորհրդի անդամներից ոչ մեկի մտքով չէր անցնում համաճարակի պայմաններում Հոգաբարձուների նոր խորհրդի անդամների հրատապ ընտրության անհրաժեշտությունը, և համաճարակով շղարշված ընտրության ձևը։
Վստահաբար կարող եմ ասել, որ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված 8 անդամների հրապարակված ցուցակը կապ չունի ընտրության իրական թվերի հետ և նախապես գրվել է իրեն «ապահովագրած» նախկին ռեկտորի ձեռքով։ Իսկ ուսանողների 8 հոգանոց ցուցակը՝ կարծում եմ, ծիծաղելի է խոսել… Այս կապակցությամբ չեմ կարող չնշել նաև, որ այդ նույն գիտխորհուրդը, կազմակերպված չընտրեց Յուրի Սարգսյանին, որը հոգաբարձուների նախորդ բոլոր խորհուրդների կազմում անցել է գործնականում միաձայն։
Բազմաքայլ պլանի հերթական քայլն առանց խոչընդոտների իրականացնելուց խանդավառված խումբը անցավ հաջորդ քայլին՝ առանց տեղեկացնելու ռեկտորի պաշտոնակատարին, առանց տեղեկացնելու ռեկտորատին, առանց տեղեկացնելու գիտական խորհրդին, հոգաբարձուների խորհրդի ինքնակոչ անդամներից կազմված նախաձեռնող խումբը ներկայացնում և հաստատում է կանոնադրական այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ցանկացած բուհ 5 տարի առաջ ավարտած մեկին հավակնել Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնին։
Բոլորի համար ակնհայտ էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ ցանկացած մարդ կունենա հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 16 դեմ ձայն, իսկ այդ գրպանային 16 հոգին միանշանակ կընտրեն Գոռին։ Այս պարագայում, մնացած 16 հոգուց 1 ձայն ստանալը բավարար էր Պոլիտեխնիկի թշնամիների թեկնածու Գոռին՝ ռեկտոր դառնալու համար։
Հաշվարկը պարզ էր՝ 16-ից 1-ը վերջավոր թիվ է և Աշոտյան, Մարուխյան, Գոռ և ընկերներ ոհմակը լծվեց 16-ից 1՝ ինչ գնով էլ լինի։
Իհարկե 30 արծաթը միշտ գտնում է տմարդին, այս դեպքն էլ բացառություն չէր, գտնվեց մեկը, սակայն այդ դեբիլը կամ գուցե նրան ուղղորդող դեբիլը փոխարենը առաջին փուլում վարձահատույց լինի 30 արծաթի դիմաց, ընտրությունը տեղափոխեց երկրորդ փուլ։ Իսկ երկրորդ փուլում աննախադեպ աղմկահարույց խախտումների պարագայում անողնաշար խորհրդի կողմից չհաստատված թղթի վրա գրվեց 17 կողմ և պոլիտեխնիկցիներին անհայտ, սակայն Գոռի կողմից խորհրդի կազմում ներդրված ոմն Վարդան Պետրոսյան Գոռին «հռչակեց» ռեկտոր, ի դեպ այս ամենը տեղի էր ունենում խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի լուռ անգործունեության կամ ես կասեի համաձայնության պարագայում։ Ռեկտորի հաստատման պրոցեսը երկար տևեց, բայց հաստատվեց նախարարության չորրորդական աշխատակցի կողմից հրապարակված անհեթեթ հիմնավորումների և կառավարության անտարբեր հաստատման արդյունքում։
Մի կողմ թողնելով խայտառակ ընտրության դրվագները, չեմ կարող չանդրադառնալ հետընտրական որոշ փաստերի։
Նույնիսկ Պոլիտեխնիկի անցյալին ու ներկային անծանոթ մեկի համար անընդհատ ծերացող պրոֆեսորադասախոսական կազմի և ադմինիստրացիայի երիտասարդացումը դրական քայլ կդիտարկի։ Շատերը կասեն. – պետք է երիտասարդացնել։ Սակայն հարց է ո՞ւմ ումո՞վ են փոխարինում և ամենակարևորը՝ ինչպե՞ս։
Ներկայումս պաշտոնների են նշանակվում բազեական-ուսխորհրդական սկզբունքով, անփորձ և ցավալի է հիմնականում ապաշնորհ նախկին ուսխորհրդական «առաջնորդներ», որոնք իրենց ուսանողական կառավարական տարիներին զբաղվել են միայն խարույկ-շուրջպարով ռազմահայրենասիրական դաստիարակության շղարշի ներքո, իսկ ուսումնական պրոցեսին առնչվել են միայն իրենց «համախոհ դասընկերների» համար գնահատական մուրալով։
Ազատվում են բազմամյա, բազմափորձ և նվիրյալ պոլիտեխնիկցիներից, ընտրություններ են իրականացնում արդեն փորձարկված սկզբունքով, պարզապես ջնջում են անցանկալի մարդկանց անունները, քանի որ նորընտիր գիտխորհուրդն էլ է զգալի չափով գրպանային, իսկ անցանկալի քվեարկության արդյունքների դեպքում հրապարակում են իրենց անհրաժեշտ արդյունքներ։ Պրոռեկտոր են նշանակվում պոլիտեխնիկին ոչ հարիր կենսագրությամբ կամ կենսակերպով մարդիկ։ Ի՞նչ նպատակով։
Իսկ Պոլիտեխնիկում անհասկանալի լռություն է։ Չգիտեմ՝ լռության պատճառը ամառային արձակուրդներն են, համաճարակն է, անտարբերությունն է թե վախը։ Բայց բոլոր դեպքերում էլ… Ես պատկերացնում եմ, թե ինչ կարգի քննարկումներ, խոսակցություններ, քննադատություններ, մեկնաբանություններ, բամբասանքներ կհաջորդեն այս նյութի հրապարակմանը։ Կարծում եմ՝ այս նույնը, գուցե այլ բառերով կասի Պոլիտեխնիկը սիրող, Պոլիտեխնիկին նվիրված ցանկացած մարդ, ով ԱՊՐԵԼ է Պոլիտեխնիկով։
Ես միշտ հիշում եմ իմ ուսանող տարիների պոլիտեխնիկը, ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին ու տեղակալներին, ամբիոնների վարիչներին, դասախոսներին և լաբորանտներին։ Նրանցից շատերի հետ մտերմություն ունեմ մինչև օրս, ցավոք, շատերն էլ լքել են այս աշխարհը։ Ես երբեք անտարբեր չեմ եղել մեր մայր բուհի ճակատագրի նկատմամբ։ Ինչպես արդեն նշեցի, ինձ շատ հարազատ ընկերներ հեռացել են, և ես այդքան հաճախ չեմ լինում պոլիտեխնիկում, սակայն վերջին նորությունները լսելուց հետո չդիմացա և ստիպված եղա գրել այս նյութը։ Եթե մեկն իրեն կգտնի այս տողերում կամ տողերի արանքում, թող մտածի՝ ինչու է այնտեղ հայտնվել։
Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ
որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար