Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փայլան. Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը

Օգոստոս 20,2021 14:41

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։

Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։

Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում և հավելել, որ 90-ականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:

Նրա խոսքով` գանձախույզների և կապալառուների կողմից այս տարածքի նկատմամբ իրականացված թալանը խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայնքին:

Փայլանը նաև հիշեցրել է, որ վերջին օրերին գանձախույզները բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող որոշ գերեզմաններ և մարդկանց ոսկորները ցրիվ են տվել: Ստացված ահազանգից հետո ոստիկանական ստորաբաժանումները ուսումնասիրություններ են կատարել դեպքի վայրում, այնուհետև փակել բացված գերեզմանները:

Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։

Նա հետևյալ հարցերն է ուղղել նախարարին․

1) Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը:

2) Որևե բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձախույզներին հայտնաբերելու ուղղությամբ:

3) Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

4) Երկրի մասշտաբով հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու համար որևէ ծրագիր ունե՞ք:

Նշենք, որ Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամը չի թալանվում ու ավերվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկներ անելու համար են օգտագործում։

Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։ Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031