Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայացք ապագայից

Օգոստոս 20,2021 14:27

2030թ․ Փարիզում հրատարակվել է ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի «Հայաստանի ավարտը» 254 էջանոց աշխատությունը։ Գրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է, թե ինչու է սկսել հետաքրքրվել Հայաստանով և հայ ժողովրդով։ Անտուան Դյուբուայի հայրը՝ պարսկագետ Ժան Պոլ Դյուբուան և ճանաչված ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին եղել են կոլեգաներ, երկար տարիներ աշխատելով Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների կենտրոնում։

Պատանեկան տարիներից Անտուան Դյուբուան հետաքրքրվել է Հայաստանով և Ֆրեդերիկ Ֆեյդիի մոտ սովորել հայերեն և հայոց պատմություն։ Աշխատության հաջորդ գլուխներում Դյուբուան ներկայացնում է իր հետազոտությունները հայոց պատմության որոշ դրվագների, տարբեր տարիներին Հայաստան այցելության, ֆրանսահայ գաղութի մասին։

Գրքի վերջին գլուխն ամենածավալունն է։ Այն ներկայացնում է 2020-22 թթ․ պատերազմական, հետպատերազմական ժամանակաշրջանը։

Մեջբերենք մի քանի հատված Անտուան Դյուբուայի աշխատության վերջին գլխից։

«Երբ 2020թ․ հոկտեմբերի  5-ին ժամանեցի Երևան, ինձ զարմացրեց քաղաքում տիրող անհասկանալի մթնոլորտը։ Բոլորովին չէր զգացվում, որ գտնվում ես պատերազմող երկրում։ Երևանի կենտրոնում ծաղկում էր փողոցային առևտուրը, սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն էին ժպտերես հաճախորդներով։ Եվ զարմանալիորեն, քաղաքի տարբեր հատվածներում,  սնունդ և հագուստ և դրամական միջոցներ էին հանգանակվում ճակատի համար։ Հետաքրքրությունից դրդված, մոտեցա Հյուսիսային պողոտայում տեղակայված հանգանակության կետերից մեկին։ Մարդիկ բերում էին հնամաշ հագուստ, պոլիէթիլենե շշերով ջուր, բանջարեղեն։ Կազմակերպիչներից մեկին հարցրեցի․ «Ի՞նչ նպատակով եք անում այս հանգանակությունը, սա ո՞ւմ նախաձեռնությունն է՝ պետությա՞ն, ինչպե՞ս եք այն հասցնելու մարտական գոտի»։ Երիտասարդը շփոթվեց․ «Ի՞նչ իմանամ, մի փոքր համբերեք, Վիլենը կգա, կասի»։

Զարմացած էի նաև, որ ստեղծվում են կամավորական ջոկատներ, անփորձ, միմյանց անծանոթ, կուսակցական, համայնքային հիմքերով։ Առաջին անգամ էի լսում, որ պետության մեջ, փոխանակ համընդհանուր զորահավաքի, կազմավորվում են կամավորական ջոկատներ։ Երեկոյան հետևելով պաշտոնական լուրերին, գոտեպնդվեցի հայոց բանակի հաջողություններով և անկեղծ մտածեցի, թե Հայաստանի ղեկավարությունը, ինչպիսի իմաստուն քաղաքականություն է որդեգրել, որ ժողովրդին զուր տեղը չի անհանգստացնում։ Եվ որ թող ժողովուրդը չանհանգստանա և ապրի իր առօրյայով,  իսկ պատերազմը և հաղթանակը պետության գործն է»։
․․․

«Եվ ահա, նոյեմբերի 9-ին, բոլորի համար անսպասելիորեն հայտարարվեց Հայաստանի պարտության մասին։ Հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան…  սակայն հաջորդ իսկ օրն ամեն ինչ հանդարտվեց։ Զարմանալիորեն Երևանում ոչինչ չփոխվեց։ Երևանյան ռեստորաններն ու այլ ժամանցի վայրերը լիքն էին, մարդիկ կատակում էին, ուրախանում։

Որոշ ժամանակ անց, Հայաստանի գործիչները համախմբվեցին և ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր խումբ։ Այն համախմբում էր 17 կուսակցություն։ Ինձ զարմացրեց, որ փոքր Հայաստանում գործում են այդքան կուսակցություններ։ Սակայն ինձ ասացին, որ իրականում, Հայաստանում գործում է ավելի քան 100 կուսակցություն։ Ինչևէ, արդեն համոզված լինելով, որ կառավարության օրերը հաշված են, վերադարձա Ֆրանսիա»։
․․․

«Լիոնից հետևում էի Հայաստանի իրադարձություններին։ Փետրվարին հայկական զինված ուժերի շտաբը նույնպես պահանջեց վարչապետի հրաժարականը։ Արդեն համոզված էի, որ հաջորդ իսկ օրը Հայաստանում իշխանափոխություն կլինի։ Բայց, տեղի ունեցավ հակառակը՝ պաշտոնանկ արվեց գեներալը։

Պարզվեց, որ հայկական պատմական Արցախը գրավելուց հետո, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք։ Զարմանքով կարդացի Հայաստանի պաշտոնյաների խոսքերը․ «Սև լճի 30%-ի համար պատերազմ չենք սկսի», «Այդ սարերի ձյունածածկ տարածքները ում են պետք», «Բանակը ոչ թե ամայի տարածքները, այլ բնակչությանը պաշտպանելու համար է»։

Ապրիլին նորից այցելեցի Հայաստան։ Այս անգամ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի միջնորդությամբ հանդիպումներ ունեցա, ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ այլ քաղաքական գործիչների հետ։

Վարչապետի հետ հանդիպումը  շոկային էր, ողջ կյանքումս այն չեմ մոռանա։ Զարմանալի էր, այդ հինավուրց ժողովուրդը ինչպես է հանդուրժում այդպիսի ղեկավարի։ Վարչապետը գավառամիտ, անհավասարակշիռ, դյուրաբորբոք անձնավորություն էր։ Կարճատև խոսակցությունից երևացին նաև նրա կիսագրագետ, մակերեսային դատողությունները։ Հետագայում իմացա, որ նա նույնիսկ բարձրագույն կրթություն չի ունեցել, ընդամենը եղել է ընդգծված ընդդիմադիր թերթի խմբագիր։

Ոչ պակաս շոկային էին հանդիպումներս այլ գործիչների հետ։ Նրանցից շատերն իմանալով, որ ֆրանսիացի եմ, կամ ուրախությունից ցնծում էին և փայլատակող աչքերով հարցնում, թե Ֆրանսիան երբ է զորքեր բերելու Հայաստան, կամ՝ նույն ֆրանսիական ռազմական օգնության ակնկալիքով, զայրացած նախատում։

Տպավորություն ստացա, որ նրանց առանձնապես չի հուզում Արցախի կորուստն ու պարտությունը։ Նրանցից շատերը պարտության համար մեղադրում էին Ռուսաստանին, նախկին իշխանություններին և զարմանալիորեն պաշտպանում կառավարությանն ու վարչապետին։ Նաև տպավորություն ստացա, որ արմատական ընդդիմադիրներին ոչ այնքան Արցախի կորուստն ու պարտությունն էին հուզում, որքան իրավիճակից օգտվելով, իշխանության հասնելը։ Իսկ ժողովրդի հիմնական մասն, ինչպես միշտ անտարբեր էր և շարունակում էր զբաղվել իր առօրյայով՝ առևտուր, ժամանց, շքեղ հարսանիքներ։ Այլևս հիասթափված վերադարձա Ֆրանսիա»։
․․․

«Ամեն դեպքում, ուղղակի ցնցված էի, իմանալով, որ ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող իշխանությունը։ Եվ որոշեցի վերջին անգամ այցելել Հայաստան»։
․․․

« Ընտրություններով  ամրապնդելով իշխանությունը, վարչապետը սկսել էր հետապնդումները այլախոհների նկատմամբ։ Այն լուսանկարները, որոնք հայտնվում էին լրատվամիջոցներում, թե ինչպես են դիմակավորված ոստիկանները մարդկանց ձերբակալում, կարծես միջնադարյան կադրեր լինեին, ժամանակակից, բայց սարսափազդու  համազգեստներով։ Այս ամենին զուգահեռ պատերազմը շարունակվում էր։ Հայաստանի սահմաններում ամեն օր կրակահերթեր, զոհեր, թշնամու առաջխաղացում։ Բայց, կրկնեմ, ուղղակի ապշեցուցիչ էր, որ այս ամենը չէր հուզում Հայաստանի քաղաքացուն։ Հայերը սովորություն ունեն շքեղ հարսանիքներ, մկրտություններ անելու։ Եվ երկրի համար այդ ծանր օրերին, պարզվեց, որ հարսանյաց սրահների համար հերթագրվում են։

Ինձ շատ հետաքրքրեց հայկական հարսանիքը և հայ ընկերներիցս մեկը ինձ հրավիրեց եղբոր աղջկա հարսանիքին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, շուրջ 500 հյուր, շքեղ հյուրասիրություն։ Ինձ հետաքրքրեց, թե ընկերոջս եղբայրն ինչով է զբաղվում։ Պարզվեց պատգամավոր է։ Երբ ընկերս նկատեց իմ տարակուսանքը, դեմքի մռայլ արտահայտությամբ հեռացավ։ Հարսանյաց խնջույքից արագ հեռացա, անտանելի էր հատկապես հնչող երաժշտությունը։ Այն անճաշակ, անմեղեդի, աղմկոտ, արևելյան կլկլոց հիշեցնող ինչ-որ խառնուրդ էր, որի հնչյունների տակ, ձեռքերը վեր պահած և փորերը դուրս գցած պարում էին հարսանքավորները։ Ծանոթ լինելով հայկական մշակույթին, զարմացած էի, որ ունենալով այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատուրյանը, Նիկոլ Գալանտերյանը, նաև սփյուռքահայ Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, այս աստիճան ցածրորակ ճաշակ ունեն ժամանակակից հայերը։

Հաջորդ մի քանի օրերը ճամփորդեցի, դեպի հյուսիս  և հարավ, սահմանամերձ գոտիներ։ Ճանապարհներն անցնում էին գեղատեսիլ վայրերով՝ լեռներ, անտառներ։ Սակայն, ճանապարհների շուրջ բոլորը աղբակույտեր էին, լքված  ավերակներ, բայց ճանապարհներին, բարձունքների վրա տեղադրված հաճախակի հանդիպող փայտյա կամ մետաղյա  խաչեր։

Հանդիպումներ ունեցա թշնամու կրակի տակ ապրող գյուղացիների, զինվորականների հետ։

Շրջելով գյուղերով, տպավորություն ստացա, որ հայտնվել եմ 19-րդ դարում։ Կիսաքանդ տներ, ժանգոտած, քայքայված ցանկապատեր, դարչնագույն աղյուսաձև նյութից բուրգեր, որը պարզվեց գյուղացիների հիմնական վառելիքն է։ Գյուղացիներն ապրում էին ահուսարսափի մեջ, կրակոցներ,  զոհեր։ Նրանց մեծամասնությունն ընտրությունների ժամանակ  ձայն էին տվել գործող իշխանությանը, ասելով, որ այդպես իրենց հրահանգել էին մարզպետն ու գյուղապետը։ Մեկ այլ գյուղում, որտեղ գյուղացիների մեծամասնությունը մերժել էր իշխանությանը, գյուղապետի դեմ հարուցվել էր քրեական գործ և նա կալանավորվել էր։ Գյուղացիների մեծամասնությունը երազում էր արտագաղթի մասին։

Հանդիպեցի նաև սահմանամերձ ուղեկալի հրամանատարի հետ։ Ուղեկալում  ներկա էր սև սքեմով հոգևորականը, որը խաչը ձեռքին օրհնում էր զինվորներին։ Հրամանատարը հպարտությամբ նշեց, որ զինվորները կռվում են, մի ձեռքին զենքը, մյուս ձեռքին Աստվածաշունչը»։
․․․

Գրքի վերջաբանում Անտուան Դյուբուան ամփոփում է իր տպավորությունները։

«Այսպիսով, ես եկա այն համոզման, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդը, կորցրել է իր ինքնապահպանման բնազդը։ Երկրի, պետության ճակատագիրը նրան չի հետաքրքրում, այլ միայն սեփական անձի և ընտանիքի գոյատևումը։ Նույնիսկ ֆրանսիական նախկին գաղութներում՝ Ալժիր, Մալի, Կամերուն, այս աստիճան անտարբերություն չեմ տեսել։ Ինչ-որ չափով Հայաստանը համեմատելի է Հայիթիի հետ՝ խեղճուկրակ ժողովուրդ, մի դեպքում ավանդական քրիստոնյա, մյուս դեպքում Վուդուի պաշտամունք։ Սակայն Հայիթին շրաջապատված չէ թշնամիներով։ Այնպես որ, Հայաստանի կործանումն ինձ համար անսպասելի չէր»։

«Թարգմանությունը»
Ավետիք
ԻՇԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Antoine Dubois says:

    Սիղելի պաղոն Իշխանեան,
    Կ’ուզէի շնողհակալութիւն յայտնել Ձեզի իմ գղքիս մասին այս համաղօտ ակնաղկը հղատաղակելու համաղ: Յոյս ունիմ ող հայեղեն ալ կը կաղողանանք թաղգմանաբաղ հղատաղակել զայն: Միայն կ’ուզէի փոքղիկ ուղղում մը մտցնել. գիղքս ոչ թե 2030 թուականին լոյս տեսած է, այլ 2029 թուականի Դեկտեմբեղին:
    Յաղգանքով՝ Antoine Dubois

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031