Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունը ոչ թե պետք է ցույց տա իր առավելությունն ու ԱԺ-ի փոքրամասնությանն առերևույթ ստորացնելու, ոչնչացնելու կարողությունը, այլ, իրավամբ, ստեղծի օրենքներ` բարելավելու համար իրեն առաջնային մանդատ տված քաղաքացու վիճակը, օրինակ ծառայի բարեվարքության կանոնները պահելուն։
Ազգային ժողովի օպոզիցիոն բլոկը ոչ թե պետք է լինի իշխանության ցանկացած գործառույթ մերժելու, հանրությանը սիրաշահելու գործիք, այլ սատարելու իշխանության ազգանպաստ ցանկացած գործառույթ, պարտադրելու իշխանությանն աշխատելու, գործ անելու։ Պարտադրելու իշխանությանն իրենց կողմից իսկ ժամանակին մեկ մարդու համար կարված սահմանադրությունը, որն այս իշխանության քիմքին ևս դուր եկավ, անհապաղ փոխելու, ինչը դարձավ մեր դժբախտությունների և պարտությունների պատճառ: Քննարկելու Հայրիկյանին հեղինակային իրավունքով պատկանող սահմանադրության նախագիծը և արձանագրելու, որ քանի սահմանադրությունը գրվում է ընտրովի, ունենալու ենք ընտրովի տնտեսություն, ընտրովի արդարադատություն, արդյունքում ՝ ապիկար իշխանություն:
Հարկավոր է իմանալ.
Առաջնային մանդատ եզրույթն, իրավամբ, նշանակում է առաջնային ծառայություն երկրին, պետությանը, անկախ պատգամավորի իշխանական կամ ոչ իշխանական ստատուսից։ Այն իր մեջ պարունակում է պատասխանատվություն, այդ թվում՝ նախատեսված քրեական օրենսգրքով։
Ընտրողն արել է իր ընտրությունը ոչ թե նրա համար, որ քաղաքական, իրավական գլխավոր հարթակից ատելության կամ բռնության կոչեր անեք, ցույց տաք միմյանց հոշոտելու կարողությունը, այլ կատարեք ձեր պարտավորությունները ձեզ ընտրած ընտրողների առջև։
Կարդացեք նաև
Հիշեք, ամենահզոր գիշատիչն անգամ վերջում դառնում է միջատների բաժին։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն