Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավից ու ողբից անդին. «Ազգ»

Օգոստոս 20,2021 10:44

Հայերն օգոստոսի ու ամռան վերջին օրերն են վայելում բառի բուն իմաստով: Գումար չեն խնայում, ծախսում են հանգստյան տներում ու ռեստորաններում, սրճարաններում, բնության գրկում քեֆեր են կազմակերպում, ուտում-խմում, Երեւանից հասնում են Դիլիջան՝ հայտնի երգիչների համերգներին ներկա լինելու, դիլիջանյան երեկոների զովը վայելելու համար:

Երեքշբաթի առավոտյան ժամը 10-ին Սեւանի ափերին արդեն տեղ չկա: Շաբաթ-կիրակի չի, այլ աշխատանքային օր, բայց ափամերձ տաղավարները զբաղված են:

Սեւանի ափին մանղալների վրա խորովածի շամփուրները շուտ-շուտ պտտվում են: Խորովածի հոտը մինչեւ թերակղզի է հասնում: Կողք կողքի շարված ավտոմեքենաներից հորդող անճաշակ, անորակ ու «հայրենասիրական» երգերի 6/8 ելեւէջներն օդում իրար են խառնվում ու խորովածի ծխի հետ հասնում մինչեւ Սեւանավանք, որտեղ տեղացի եւ օտարազգի զբոսաշրջիկները մոմեր են վառում, լայնաժպիտ նկարվում՝ Սեւանի համայնապատկերը հետեւի պլան բռնած: Նույն պահին հարեւան ռեստորանի բացօթյա սրահներում մարդիկ ճաշում են, քահ-քահ ծիծաղում, որոշում՝ վերջում շոկոլադայի՞ն պաղպաղակ պատվիրել, թե՞ մրգային:

Իսկ նույն պահին հենց աշխատավայրում ձերբակալվում են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը: Իսկ կեսօրին Ազգային ժողովում քննարկվում էր Սեւանից ջրառի հարցը: Իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջոյանն էլ ասաց, որ հաջորդ օրը խորհրդարանում կանդրադառնան սահմանային խնդիրներին: Դրանից րոպեներ առաջ Սոթքի հատվածում թշնամու արձակած կրակահերթից հրազենային վերք է ստանում մի ժամկետային զինծառայող: Իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ Գեղարքունիքի եւ Երասխի սահմաններին մահացու վիրավորվում են երկու զինծառայողներ, որոնցից մեկի՝ Արման Հակոբյանի 19-ամյակը նախօրեին էր լրացել:

44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերն էլ արդեն քանի օր է, քննարկում են՝ Եռաբլուրի միանման շիրմաքարերն իրենց զավակները կհավանե՞ն, թե ոչ, կամ ճի՞շտ է, որ բոլոր շիրիմները պատվեցին ցեմենտբետոնե շերտով, թե՞ հողի համար կռված ու զոհված տղաների մարմինները պետք է հողով էլ ծածկված մնային:

Ընդամենը երկու օր առաջ էր, որ Ալիեւը հերթական հարցազրույցում շեշտեց, որ Հայաստանի ժողովուրդը համակարպվել է պարտության հետ այնպես, ինչպես համակարպվել են Հայաստանի իշխանությունները: Նույն հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը զարմանքը չթաքցրեց՝ ասելով, թե Հայաստանի պարտված ղեկավարն ընտրությունների ժամանակ նորից ստացավ ժողովրդի ձայնը:

Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ընտանիքներով, երեխաների հետ դաշտ ու հանդ ընկած՝ փորձում են արտերը հնձել, բերքը տուն բերել, բայց թշնամու զինվորների սադրանքներին վերջ չկա: Ադրբեջանցիների զենքի փողերի ու նվաստացնող հայհոյանքների տակ նրանք դաշտ ու այգի են մտնում, որովհետեւ առջեւում ձմեռ է, ապրել է պետք:

Սեւանի ափին հանգստացողների հեռախոսները միացված են ինտերնետին, բայց նրանք ո՛չ նոր ձերբակալումների, ո՛չ երեկ ու այսօր սահմանին տիրող լարված իրավիճակի մասին չեն կարդում, չեն հետաքրքրվում, չեն լսում: Ինտերնետը հանգստի երանավետ րոպեները նկարահանելու եւ սոցցանցերում տարածելու, ոչ թե տրամադրություն գցելու կամ զուգահեռ տխուր իրականության մասին տեղեկանալու համար է:

Սեւանի գոլ ջրերում գարեջուր խմելով լող տվող տղաները Գեղարքունիքում թշնամու կրակոցից զոհված Արմանից մեկ-երկու տարով են մեծ:

Տեղացի ու օտարազգի զբոսաշրջիկները բուռ-բուռ վճարում ու գնում են «Ադրբեջանի անկլավ» կոչվող հայկական պատմական տարածքների բերքն ու բարիքը, ախորժակով կծում-ծամում ու կուլ տալիս: Ու կուլ է գնում «Ադրբեջանի անկլավների» քաղցր, անմահական բերք ու բարիքը, առանց կոկորդում մնալու, առանց թեթեւ հազ անգամ առաջացնելու՝ հեշտությամբ կուլ է գնում:

Նաիր ՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031