Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անկախության առաջին շրջանում, վայելելով հանդերձ միջազգային համակրանքի մի մեծ չափաբաժին, մեր իշխանությունները չկարողացան մնայուն կապիտալի վերածել այդ հանգամանքը. «Ազգ»

Օգոստոս 20,2021 08:35

Կարելի է շատ բաներում մեղադրել նախկին իշխանություններին՝ հովանավորչության, կոռուպցիայի, թայֆաբազության, քաղաքական անհեռատեսության եւ այլ բաների համար, բայց ամենաշատը՝ տեղեկատվական-քարոզչական պայքարը տանուլ տալու համար: Անկախության առաջին շրջանում, վայելելով հանդերձ միջազգային համակրանքի մի մեծ չափաբաժին, մեր իշխանությունները չկարողացան, ավելի ճիշտ՝ չցանկացան մնայուն կապիտալի վերածել այդ հանգամանքը, զարգացնել, խորացնել ու տարածել այն: Նրանց՝ մեր իշխանավորներին թվում էր, որ բարոյաքաղաքական այդ աջակցությունը մեզ հետ կլինի ընդմիշտ, մինչդեռ Բաքուն բացառիկ լրջությամբ էր վերաբերվում արտաքին քարոզչությանը, սկսելով այն ռուսաստանյան լրատվադաշտի մշակմամբ, իմա՝ պետրոդոլարներով, իսկ խավիարը պահելով հետագայի համար, արեւմտյան համապատասխան դաշտի «մշակման» նպատակով:

Ընդամենը մեկ օրինակ: 70-ականների կեսերին ադրբեջանցիք Մոսկվայում շքեղ հրատարակությամբ ասպարեզ հանեցին, երկու հատորով, այսպես կոչված ադրբեջանական գորգագործությանը նվիրված ալբոմ, բնականաբար յուրացնելով ոչ միայն Արցախի, այլեւ Իջեւանի ու նույնիսկ Վասպուրականի գորգարվեստը: Եվ հայկական կողմից՝ ոչ մեկ հակազդեցիկ քայլ: Մերոնք լուռ մնացին նաեւ այն ժամանակ, երբ Գերմանիայում երեք լեզուներով հրատարակվեց Ֆոլքմար Գանցհորնի հրաշալի ալբոմը՝ «The Oriental Carpet», հայկական գորգարվեստի ծագումնաբանությանը եւ տարածքներին նվիրված: Այդ օրերին անձամբ ինձ չհաջողվեց գեթ մեկ հոդված, թեկուզ հայերեն լեզվով, մեր մասնագետներից ապահովել այդ հիմնարար աշխատության գրախոսականը միջազգային մամուլում հրատարակելու համար:

Շա՛տ բան կարող էինք ու կարող ենք անել, եթե համակարգված, հետեւողական, պետականորեն հովանավորված աշխատանք ծավալեինք ու ծավալենք, սկսած մեզ բարեկամ համարվող Վատիկանից ու վերջացրած ամերիկյան, եվրոպական եւ, մերոնց կողմից միշտ արհամարհված, արաբական մայրաքաղաքներով:

Ահա՛ պատճառներից մեկը, որն ի վնաս մեզ գործեց 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ծպտուն անգամ չբարձրացավ հօգուտ մեր երկրի նույնիսկ՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությամբ» իբր հիացող երկրների տեղեկատվական կենտրոններից: Բաքվին հաջողվել էր արդեն իր սանձազերծած պատերազմը ներկայացնել որպես «պատմական արդարության» եւ «տարածքային ամբողջականության» վերականգնում, «զավթիչ հայերի» պատժում: Պատերազմը տանուլ էինք տվել պատերազմը դեռ չսկսած…

Իսկ ի՞նչ ունենք հիմա միջազգային տեղեկատվության ասպարեզում. պարտված բանակ, պարտված հրամանատարություն, պարտված վարչապետ ու կառավարություն, պարտված, բայց ինքնահմայված իշխող կուսակցություն, եւ այդ բոլորն էլ հաղթած՝ խորհրդարանական ընտրություններում:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031