Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հիմա պողպատի դար չէ

Օգոստոս 20,2021 10:00

Եթե 4 տարի առաջ դիմակավորված մարդիկ ներխուժեին քաղաքապետարան եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող փոխքաղաքապետին՝ առանց որեւէ պատճառի (նա ոչ մի տեղ չէր փախչում) ձեռքերը ոլորելով, «բերման ենթարկեին», իրավապաշտպաններն ու ֆեյսբուքյան «առաջադեմ» օգտատերերը մեծ աղմուկ կբարձրացնեին՝ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների վերաբերյալ: Բայց, քանի որ այս ամենը կատարվում է հիմա՝ «ժողովրդի իշխանության» օրոք, իսկ բերման ենթարկվողը, իրենց տեսանկյունից, «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ է, ապա դա համարվում է միանգամայն նորմալ եւ նույնիսկ՝ ցանկալի: «Ժողովրդի իշխանությունը» իրականացնում է իր «պողպատե մանդատը»:

Ամբողջ խնդիրն այն է, որ 21-րդ դարը պողպատի դար չէ: Դա նախորդ դարի մետաղ է, ավելի ճիշտ՝ երկաթի եւ ածխածնի ձուլվածք: Իմ պատանեկության դպրոցական ծրագրի պարտադիր գրքերից էր «Ինչպես էր կոփվում պողպատը» (որն, ի դեպ, իմ կարծիքով, անտաղանդ ստեղծագործություն չէ): Բոլշեւիկ-հեղափոխականներից մեկը, որն այնուհետեւ հսկայական երկիր էր ղեկավարում, իր կեղծանունն ընտրել էր հենց պողպատի հետ իրեն համեմատելով: Վերջապես, երբ եվրոպացիները 1951 թվականին որոշեցին ստեղծել առաջին վերպետական տնտեսական կառույցը, այն կոչվում էր «Պողպատի եւ ածուխի եվրոպական միավորում», քանի որ նախորդ դարի կեսերին հենց այդ երկու ապրանքներն էին ամենակարեւորը արդյունաբերության զարգացման համար, եւ, մասնավորապես,  հենց դրանց մաքսային սակագներն էին, որ պետք է համաձայնեցվեին: Թե ինչ էր իրենից ներկայացնում այն ժամանակվա արդյունաբերությունը, կարող եք պատկերացնել թեկուզ Հայաստանի «ընկած հսկաների» օրինակով, որոնք  մի քանի տեղ պահպանվել են որպես լքված շենքեր եւ որոնց վերաբերյալ իմ սերնդակիցներից ոմանք պատրանքներ ունեն, թե դրանք երբեւէ հնարավոր է «աշխատեցնել»:

Պողպատը, որպես քաղաքականության այլաբանություն, նույնպես հնարավոր չէ աշխատեցնել՝ եթե նկատի ունենանք պետության երկարատեւ ռազմավարությունը: Մենք ապրում ենք «սոֆթ»-ի, այսինքն՝ ծրագրային ապահովման, անգլերեն ասած՝ software-ի դարում: Եվ որքան անիմաստ է համակարգիչը վերանորոգել պողպատյա մուրճով, այնքան էլ անարդյունավետ է  նույն մուրճով տեղական ինքնակառավարումը քանդելը եւ ընդհանրապես կացնային մեթոդներով անձնական վրեժխնդրություն իրականացնելը: Իշխանական ընտրազանգվածը մի քիչ էլ կհրճվի, իշխանավորները մի քիչ էլ կվայելեն իրենց աթոռները, բայց մեծ հաշվով պետության ապագայի առումով դա որեւէ բացասական գործընթաց չի կանգնեցնի:

Այդ գործընթացը կանգ կառնի, եթե ա/ մարդկանց դադարեն հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անիրազեկությունից, եւ հակառակը՝ նրանց լիարժեք տեղեկատվություն տան ու ներգրավեն լուրջ խնդիրների քննարկմանը, եւ բ/ իշխանության որեւէ ընդդիմախոս դադարի ընկալվել որպես թշնամի: Այսինքն, համակարգչային լեզվով ասած՝ սկսվի պետության «սոֆթ»-ի կառուցումը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարցեր.
    1. Քանի՞ համայնքի ղեկավարի գլխին պետք է մուրճով խփի պողպատե մանդատ ունեցողը, որ համայնքների անդամները մուրճ բռնողին բացատրեն՝ «ախր պողպատե մանդատը քեզ դրա համար չենք տվել»:
    2. Քանի՞ տարի պետք է ֆրանսերենի կրկնուսույց աշխատած լինես և որքան ՔՊ կուսակցական ստաժ ունենաս, որպեսզի պողպատե դարաշրջանում նշանակվես Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (պարզ է, որ արտգործնախարար նշանակվելու համար միայն ՔՊ կուսակցական ստաժն է կարևոր):
    3. Քանի՞ կոպեկ ու քանի քյաբաբ է հավաքվել «կոպեկ առ կոպեկ և քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» 3 տարվա միջոցառումից:
    4. «Ժողովրդի իշխանության» օրոք ժողովուրդը թոշակների հետ պարգևավճարներ կստանա՞:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031