Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից մահացած տղայի հարազատները պահանջում են ազատ արձակել ձերբակալված հարազատներին

Օգոստոս 19,2021 23:23

Օգոստոսի 14-ին Լոռու մարզի Լորուտ եւ Մարց գյուղերի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից մահացած 22-ամյա Վահրամ Դանիելյանի հարազատներն այսօր հավաքվել էին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի, ապա դատախազության մոտ՝ բարձրացնելով իրենց բողոքի ձայնը:

Վթարից հետո տեղի բնակիչների ու ոստիկանների միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, արդյունքում 4 բնակիչ ձերբակալվել էին: 

Ավտովթարը տեղի է ունեցել տղայի հոր աչքի առջեւ: Հերբերտ Դանիելյանը մանրամասներ է պատմում. «Անհայտ պատճառներով տղես էդ մեքենայի մեջ է եղել: Ըստ իմ իմանալու՝ տուն գալու ճանապարհին նստել է մեքենան, որ պետք է 200 մետր իջներ ու գար տուն: Ես իրեն էի սպասում: Չհասած գյուղ՝ ոստիկանների մեքենան նկատում է այդ Ֆորդ մակնիշի ավտոմեքենան, կասկածելով, որ փայտ է բարձած, քշում է հետից: Քշում է, Ֆորդը չի կանգնում, նրանք էլ հետեւից: Ես էդ ժամանակ տանից դուրս էի եկել արդեն: Ֆորդն եկավ մի 100 արագությամբ անցավ, ոստիկաններն էլ հետեւից: Գնացին գյուղի մեջ ֆռռացին, հետ եկան, Ֆորդի վարորդը մի հատ մեքենայի խփեց՝ Նիվայի, դրանից հետո աղբի յաշիկներ կան երկաթից, հետո էդ երկաթներին խփեց, հետո կովեր կային, կովերին խփելով Ֆորդի վարորդը փախավ: Ոստիկաններն էլ էդքան ավարիայից հետո հետապնդում էին»,- պատմում է Վահրամի հայրն ու ասում, որ մի պահ մեքենան կորցնում են տեսադաշտից, իսկ մինչ հասնում են մեքենային, ավտովթարն արդեն տեղի էր ունեցել:

Այսօր Վահրամի ընտանիքի անդամները պահանջում էին, որպեսզի իրենց ձերբակալված հարազատներն ազատ արձակվեն. «Մեր ոստիկանները հավաքեցին բոլոր այն մարդկանց, որ եկել էին ինձ օգնության ձեռք մեկնելու, որ փրկեն տղայիս կյանքը: Չէինք կարողանում երեխայիս երկաթների մեջից հանենք: Տեսանք, որ երեխես էլ չկա, ջղայնացանք: Ոստիկաններին ամենքին մի հատ չափալախ տվեցինք, որ բերիք երեխուս գլուխը կերաք: Իսկ իրանք արդարանում էին ու փախան դեպքի վայրից: Սաղին տարան ջարդին, մահվան դուռը հասցրին: Ինձ օգնող մարդիկ ոչ մեկը ո՛չ կարում ա նորմալ քայլի, ո՛չ կարումա նորմալ խոսա»,- ասում է Հերբերտն ու շարունակում. «Եկել ենք մեր հարգարժան դատախազին խնդրենք, որ վերանայի գործը: Մարդիկ ի՞նչ մեղք ունեն: Մեղք ունե՞ն, որ ինձ հարգել են, եկել են, որ երեխուս կարողանանք փրկենք: Ինչ ա մի ոստիկանի չափալախ են տվել, կամ ջղայնությունից ավտոն գցել ենք ձորը: Բա իրանք էն ավտոն գցին ձորը՝ իմ երեխան մեռավ: Մենք իրանց դատարկ ավտոն ենք գցել ձորը, ո՛չ իրանց է մի բան եղել, ո՛չ իրենց երեխային: Իմ երեխան գնաց, էլ չենք կարա հետ բերենք, բայց էդ մարդիկ անմեղ, ինչ ա թե մի ոստիկան են չափալախել…»:

22-ամյա Վահրամը 4-րդ կուրսի ուսանող էր: «Տղաս գյուղում շատ քիչ էր լինում; Ես եմ մամայիս հետ այնտեղ լինում: Կինս՝ 2 երեխուս հետ Վանաձորում են բնակվում, ես էլ շատ մասը գյուղում եմ մնում, անասուն եմ պահում: Երեխաներս երկուսն էլ ուսանող են, որ կարողանամ վարձերը տամ: Տղաս սեպտեմբերին 4-րդ կուրս էր փոխվում, պետական համալսարանի իրավագիտության բաժինն էր սովորում»,-պատմում է որդեկորույս հայրը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Հայաստանում 2 կուբ փայտ գողանալու համար մահապատիժ սահմանված չի։ Պետք է ոստիկանների հանդեպ նախաքննություն սկսվի,քանի որ իրենց գործողությունների արդյունքում 2 անմեղ մարդ է զոհվել։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031