Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգային մշակույթը պետք է դարձնենք ժողովրդի ազգային սեփականությունը». Զինա Գասյան

Օգոստոս 19,2021 18:03

Aravot.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասյանի հետ

-Հետպատերազմյան իրավիճակում մշակութային կյանքի աշխուժացման մասին խոսենք։ Ի՞նչ խոչընդոտներ են լինում, մարդիկ ինչպե՞ս են տրամադրված և ըստ ձեզ` մշակույթի ուժն այս պարագայում…

-2020թ. չնայած անցյալում է, սակայն նախորդ տարվա արհավիրքների (չարաբաստիկ պատերազմ, համավարակ) հետքը խորն է դաջվել մեր էության և գիտակցության մեջ: Մշակութային կյանքը՝ որպես իրականությունը արտացոլող և, թերևս, ամենազգայուն ոլորտ՝ անմասն չի մնացել այդ արհավիրքների հետևանքներից:

Մի կողմից պատերազմում կրած մեր ծանր կորուստներն են (և՛ տարածքային, և՛ մարդկային), մյուս կողմից հետպատերազմյան շրջանի խնդիրները՝ ներառյալ հասարակության ընկճվածություն, բարոյահոգեբանական ծանր վիճակ, դժվար կացություն:

Հետպատերազմյան Արցախը այսօր էլ մարտահրավերների առջև է կանգնած, նրա մշակութային կյանքի առջև ծառացած խոչընդոտների մասին խոսելիս՝ չափազանց զգույշ պետք է արտահայտվել: Բայց նաև ընկալելի է, որ պետք է բացառել անհավանական «մշակութային սովը»:

Համարձակվեմ մտքերս ամբողջացնեմ նժդեհյան խոսքերով. «Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»:

-Արցախում ապրելը, չնայած խնդիրներով, դժվարություններով շարունակվում է, սակայն եթե համեմատելու լինենք` պատերազմից առաջ և հետո…

-Համեմատելու համար պետք է հետադարձ հայացք նետել: ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատում՝ որպես տնօրեն, պաշտոնավարում եմ պատերազմից հետո, ուստի չեմ կարող պատերազմից առաջ եղած շրջանի մասին խոսել, բայց և ժամանակաշրջանները համեմատելի չեն: Հետպատերազմյան Արցախում ապրելը, արարելը և ստեղծագործելը, եթե մեկ բառով ներկայացնելու լինենք՝ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ է:

Մշակույթի մեջ են ամրակայված ազգային հոգեկերտվածքի խտացումներն ու ազգապահպան ռազմավարությունները: Այսօր մենք պետք է ունենանք մշակութային քաղաքականության հստակ ռազմավարություն՝ առանձնացնելով մշակույթի առաջնահերթություններն ու հեռանկարային ծրագրերը և ձեռնամուխ լինենք դրանց իրականացմանը:

-Ի՞նչ ծրագրերով է հանդես գալիս Մշակույթի և երիտասարդության պալատը։

-ԱՀ Մշակույթի և երիտասարդության պալատը հանդիսանում է պետական բոլոր միջոցառումների անցկացման հիմնական վայրը: Այսինքն, պալատում կայացած և կայանալիք միջոցառումների ոչ բոլորի նախաձեռնողներն ենք մենք:

Հետպատերազմյան շրջանում մեր նախաձեռնությունների մեջ եղել ենք զուսպ: Փորձեմ առանձնացնել դրանցից մի քանիսը. կազմակերպել ենք «Հայրենեանի շուրջ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ (Ստեփանակերտում գործող դպրոցների 8-րդ դասարանցիների միջև, որին արձագանքել էր թվով 11 դպրոց), Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա նկարահանված համանուն մուլտֆիլմի դիտում (տեղահանված բնակավայրերի բնակիչների 6-8 տարեկան երեխաների համար), Լեռնահայաստանի 100-ամյակի առթիվ Հրաչյա Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում (ուսանողների ընդգրկվածությամբ), ցուցահանդեսներ, բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ միջոցառում («Երդմանը հավատարիմ» խորագրով՝ ԱՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ) և այլն:
Նախաձեռնությունները բազմազան և բազմաբնույթ են, փորձում ենք քայլել ժամանակի պահանջներին համահունչ:

-Ինչքանո՞վ եք կարևորում մշակույթը հայ ազգի համար:

-Մշակույթի հիմքում պետք է ընկած լինի ազգային գաղափարը, տեսլականը, իսկ ազգի ինքնության և գոյի հիմքում՝ մշակույթը: Ժողովուրդը ազգ է դառնում, երբ ստեղծում է ազգային մշակույթ, այսինքն՝ ծավալում է իր հնարավորություններն ու ներուժը նյութական և հոգևոր արժեքներ ստեղծելու համար: Մեր ազգային մշակույթը պետք է դարձնենք ժողովրդի ազգային սեփականությունը:
Մենք չպիտի ընկրկենք, դրա ժամանակը չունենք: Հակառակը… Պարտությունը պիտի դառնա մեր նոր հաղթանակի դասը: Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, պատերազմը, սակայն, մեզ համար դեռ չի ավարտվել:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031