Գյումրու քաղաքապետարանի և ամերիկահայերի ֆինանսավորմամբ ստեղծված «Առք» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ սկսվել է անօթևանության դեմ պայքարի մի հետաքրքիր ծրագիր։ Գյումրու Անի թաղամասում կառուցվելու է չորսհարկանի բազմաբնակարան շենք, որի ծախսերի 50 տոկոսը վճարելու են շահառուները։ Այն հատկացվելու է Գյումրու կենտրոնում ու կանաչ տարածքներում տեղադրված տնակներում բնակվող ընտանիքներին։ Ինչպես նշում է Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, զբոսաշրջային բում ապրող Գյումրին անհրաժեշտ է գեղեցկացնել, կենտրոնն ու կանաչ ազատել, հետևաբար և առաջնահերթությունը կտան հենց այդ անօթևան ընտանիքներին։ Փոխքաղաքապետը չի բացառում նաև, որ այս բնակարաններից բաժին հասնեն նաև սոցիալապես անապահովներին։
Այսօր համաձայնագիր կնքվեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի և «Առք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև։ Ըստ համաձայնագրի, գյումրեցի անօթևանների համար բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով հիմնադրամին անհատույց հողատարածք կտրամադրվի Գյումրու Անի թաղամասում, ներդրվող գումարի 50 տոկոսը շահառու ընտանիքներին անհատույց նվիրատվություն է լինելու, իսկ մյուս 50 տոկոսը տաս տարվա ընթացքում բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով։ Բնակիչները 10 տարվա ընթացքում չեն կարողանա բնակարաններն օտարել։
Հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ չորսհարկանի շենքի ամեն հարկում կկառուցվեն 3-4 բնակարան՝ ներքին հարդարմամբ, խոհանոցի կահույքով, առաջին փուլով բնակարանների թիվը կլինի 15-18։ Ծրագիրը շարունակական կլինի։ Շինարարությունը կծավալվի Սովետական Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող կառույցների հիմքեր վրա։
Նոր ստեղծված հիմնադրամի մասին խոսելիս՝ Հրահատ Ստեփանյանն ասաց․ «ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն են, աննման մարդիկ են ակունքներում կանգնած, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով հայրենիքից՝ ամեն վայրկյան չեն դադարում հայրենիքի հոգսերով ապրել։ Ավելին ասեմ, բազմիցս ականատես եմ եղել, երբ ասում են՝ ինչպես ենք կարողանալու քնել, երբ որ Գյումրիում կամ Հայաստանի այլ վայրում մարդիկ դոմիկների մեջ են ապրում։ Շատ լուրջ նպատակադրված են, ծրագիրը շարունակականություն է ենթադրում, որովհետև այն 50 տոկոսը, որը տաս տարվա ընթացքում ամեն ամիս ընտանիքը պիտի վճարի, դա ամբողջովին ներդրվելու է հաջորդ փուլի բնակարանաշինության ժամանակ»։
Կարդացեք նաև
Վանաձորում հիմնադրամն արդեն իսկ կառուցում է քարաշեն նոր տներ, այնտեղ ամսական հետվճարի գումարը երեք սենյականոց բնակարանի համար կազմում է շուրջ 50 հազար դրամ, Գյումրիում հնարավոր է ավելի քիչ լինի՝ 20-25 հազար դրամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ