Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չկա կիրթ կինոհանդիսատես, չի կարող լինել լուրջ ազգային կինո». Գարեգին Զաքոյան

Օգոստոս 19,2021 14:08

Oգոստոսի 22-29-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում 7-րդ անգամ կանցկացվի ավանդական դարձած «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողն է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը:

«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում «Ծիրանի ծառ» կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանը նախ ներկայացրեց իրենց՝ «Ֆիլմադարան» կազմակերպությունը, ապա խոսեց կինոյի մասին ընդհանրապես:

«Երեւի ավելորդ է ասել, թե կինոն ինչ դեր ունի ժամանակակից մարդու կյանքում, եւ շատ կարեւոր է, որ ամեն առաջադեմ ժողովուրդ ունենա առաջադեմ կինո: Մեր համոզմամբ, կինոն սկսվում է կինոդիտողից: Եվ եթե չկա կիրթ կինոհանդիսատեսա, չի կարող լինել նաեւ լուրջ ազգային կինո: Այսինքն, այն կարող է բախտի բերմամբ, թե պատահմամբ լինել, բայց չի աշխատի, որովհետեւ սպառող չի ունենա: Եվ այդպիսի բաներ մեր կյանքում, մեր կինոյի պատմության մեջ ունենք:

Օրինակ, Փարաջանովի «Նռան գույնը», որը հանճարեղ ֆիլմ է, դժբախտաբար, ժողովրդի կողմից չընկալված ու չհասկացված է մինչեւ այսօր, մինչդեռ անցել է շուրջ 50 տարի: Այնպես որ, մեր նպատակը կիրթ կինոհանդիսատես ունենալն է, այստեղից էլ ծնվել է Ուջանում անցկացվելիք կինոփառատոնի գաղափարը:

Քանի որ գյուղից է մեր ժողովուրդը սերում, եւ քաղաքը, եւ ընդհանրապես ինտելիգենցիան, ու եթե գյուղի մակարդակը բարձր լինի, ընդհանուր ժողովրդի մակարդակը եւս բարձր կլինի»,-ասաց Գարեգին Զաքոյանը: Հավելեց, որ յուրաքանչյուր տարի իրենք ընտրում են աշխարհի լավագույն վավերագրական ֆիլմերը եւ ծանոթացնում հանդիսատեսին, նաեւ փառատոնի շրջանակներում գործում է կինոդպրոց՝ բարձր դասարանի աշակերտների համար: Փառատոնի տնօրենը հավելեց, որ այս տարի նախաձեռնել են նաեւ ոչ խաղարկային կինոյին նվիրված կոնֆերանս, մոտ 20 երկրից էլ հյուրեր են ունենալու:

«Ծիրանի ծառ» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը, ի թիվս այլնի, ներկայացրեց, թե ինչ պրեմիերաներ են սպասվում, ո՛ր երկրների կինեմատոգրաֆիստներն են մասնակցելու փառատոնին:

«Առաջին անգամ է, որ ունենալու ենք փառատոնային ավտոբուս, որն ամեն օր մարդկանց Երեւանից կտանի Ուջան, որտեղ բացօթյա ցուցադրություններ կլինեն, նաեւ ցուցադրություններ՝ ցերեկային ժամերին, Ուջանի մշակույթի տանը: «Ավտոբուսը բոլոր օրերին, բացի օգոստոսի 26-ից եւ 29-ից, շարժվելու է Հանրապետության հրապարակից ժամը 17:00-ին, իսկ օգոստոսի 26-ին եւ 29-ին՝ ժամը 19:00-ին: Ամսի 26-ին հատուկ միջոցառում ենք պլանավորել: Այս տարի անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Քրիս Մարկերի հարյուրամյակն է, ինչին նվիրված հատուկ ռետրոսպեկտիվ ծրագիր ենք արել. Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ երեք ֆիլմ կցուցադրվի, եւ փառատոնի այդ օրը միայն Քրիս Մարկերի գործունեությանն է նվիրված լինելու:

Օգոստոսի 29-ին «Ծիրանի ծառ» փառատոնի փակման օրն է, իսկ փակման ֆիլմը Կարեն Գեւորգյանի «Երկընտրանք» ֆիլմն է, որը «լույս է տեսել քսան» տարի առաջ, բայց նկարվել է առաջին Արցախյան պատերազմի տարիներին, այն բացառիկ կադրեր ունի ռազմաճակատից, ու 90-ականների հետպատերազմական հայկական կյանքից: Ֆիլմը ամբողջ քսան տարվա ընթացքում մեկ-երկու անգամ է ցուցադրվել, բայց այսօր էլ ոչ պակաս արդիական է, որովհետեւ ֆիլմի ընթացքում ռեժիսորը խորհում է հաղթանակի մասին՝ ինչպես անել, որ հաղթանակը չփոշիանա»,-նշեց Արթուր Վարդիկյանը:

Նա հայտնեց նաեւ, որ փառատոնը կբացվի իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմով, որ ստեղծվել է փառատոնի շնորհիվ՝ փառատոնի շրջանակում: Արթուր Վարդիկյանը հավելեց, որ անցյալ տարվա 15 ֆիլմի փոխարեն այս տարի փառատոնի ծրագրում 29 ֆիլմ է ընդգրկված՝ 22 երկրից: Դրանք աշխարհի ամենատարբեր ծայրերից են՝ Ֆիլիպիններ, ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Բելգիա, Իրան, Ֆրանսիա, Չինաստան եւ այլն: Արտամրցութային ծրագրում եւս համաշխարհային պրեմիերա է նախատեսված՝ ամերիկահայ ռեժիսոր եւ օպերատոր Արա Մածունյանի «Վարպետ Էդինը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031