Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ». Փաշինյանը՝ Ղրղըզստանի նախագահին

Օգոստոս 19,2021 13:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։
«Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղըզստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում նրանք հանդես են եկել ողջույնի խոսքերով։

Ղրղըզստանի նախագահն իր խոսքում նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Բարի գալուստ Ղրղզստան։ Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր հյուրընկալ հողում։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք անկեղծ շնորհավորանքներ հայտնել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Ընթացիկ տարում Հայաստանը, ինչպես և Ղրղըզստանը, նշում են անկախության 30-ամյա հոբելյանը։ Ուրախ եմ այս հնարավորության համար՝ շնորհավորելու Ձեզ և ի դեմս Ձեզ ողջ հայ ժողովրդին այդ կարևոր տոնի առիթով»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Շատ ուրախ եմ անձամբ հանդիպել Ձեզ։ Սա մեր առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Ղրղըզստանի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելուց հետո։ Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ այդ առիթով և մաղթել հաջողություններ ի բարօրություն բարեկամ Ղրղըզստանի և ղրղըզ ժողովրդի։

Այո, Դուք ճիշտ նշեցիք, այս տարի մեր երկրները նշում են անկախության 30-ամյակը, և ես նույնպես շնորհավորում եմ Ձեզ այդ հոբելյանի առիթով։ Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը»։

Հայաստանի վարչապետը և Ղրղըզստանի նախագահը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, միջխորհրդարանական գործընկերության ակտիվացումը։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին։ Այս համատեքստում կարևորվել է Հայ-ղրղըզական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի աշնանը նախատեսված նիստի անցկացումը։

ՀՀ վարչապետը և Ղրղըզստանի նախագահը երկու կողմերի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել են՝ ակտիվ աշխատել նիստի շրջանակում հայ-ղրղըզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների շուրջ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031