Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն չեն մուրում, պարտադրում են

Օգոստոս 19,2021 09:40

Փաշինյանը սահման գծելով՝ «պարիսպ» է կառուցելու, իսկ Ալիեւն ասում է՝ «կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք»

«Մեր ակնկալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին», «Ռուսաստանը չի զինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա», «Դա մեր հողն է… Մենք մեր հողում ենք։ Սեւ լիճը մերն է, մյուս տարածքները եւս մերն են։ Մենք վերադարձել ենք», «Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, եւ եթե ցանկանանք, կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք», սրանք Ադրբեջանի նախագահի՝ օրերս արած հայտարարություններից որոշ դրվագներ են:

Իսկ սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է, որը նա հնչեցրել է վերջերս ՊՆ աշխատակազմին եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելիս. «Ունենալ դեմարկացված եւ դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ»: Նա, թեեւ միաժամանակ արձանագրել է, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են ՀՀ սահմանը, սակայն նշել է. «Մեր դիրքորոշումը ի սկզբանե եղել է հետեւյալը. քանի դեռ կա հնարավորություն՝ իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Առհասարակ, տպավորություն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են տարբեր իրականություններում: Իհարկե, հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահն ինչպես միշտ զարկ է տալիս նաեւ քարոզչությանը, եւ այն, ինչ նա հայտարարում է՝ ունեն պատճառներ: Միայն այն փաստը, որ 44-օրյա պատերազմի ավարտից 9 ամիս անց Ալիեւն ու իր կինը դեռ զինվորական համազգեստով են շրջում Լեռնային Ղարաբաղի «վերադարձրած», բայց անմարդաբնակ տարածքներում, հավանաբար վկայում է այն մասին, որ նրանք իրենց «հաղթանակի» ուժին իրականում այնքան էլ չեն հավատում ու դեռ ունեն մտավախություններ:

Եթե Ալիեւը շարունակում է սպառնալիքները, ընդ որում, արդեն նաեւ Ռուսաստանի ուղղությամբ, ուրեմն, ամեն ինչ հարթ չէ Բաքվի համար այնպես, ինչպես նրանք էին ակնկալում: Այս ամենը հասկանալի է: Սակայն, այնուամենայնիվ, խիստ տարօրինակ է բառապաշարի, ուղերձների այն տարբերությունը, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակային փոխանակում են:

Մենք ո՞ւմից ենք խաղաղություն ակնկալում… Մի պետության ղեկավարից, որի երկրի ստորաբաժանումներն արդեն 3 ամիս ներխուժել են մեր պետության ինքնիշխան տարածք ու ի լուր աշխարհի հայտարարում են՝ «որտեղ կուզենանք, այնտեղ էլ կկանգնե՞նք»: Մենք ո՞ր պետության հետ ենք այդքան շտապում դեմարկացված եւ դելիմիտացված սահմաններ ունենալ, մի պետության, որի հետ դիվանագիտական հարաբերություններ դեռ չունենք, որի հետ դեռ խաղաղության համաձայնագիր չունենք, մի երկրի հետ, որի ղեկավարը ամենշաբաթյա ռեժիմով հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում մեր պետության ուղղությա՞մբ… Գումարած այս ամենին՝ սահմանին իրավիճակը լարված է, պարբերաբար սրվում է, հայկական կողմը զոհեր է ունեցել, այսինքն, Հայաստանը շարունակում է մնալ կիսապատերազմական իրավիճակում: Ու առհասարակ, այս իրավիճակում նույնիսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ռազմական դրություն չի հայտարարվում:

Պատերազմից 9 ամիս անցել է, որը քիչ ժամանակ չէր ոչ բանակի ամրապնդման, ոչ էլ Հայաստանի գործընկեր պետությունների հետ արդյունավետ աշխատանք տանելու համար՝ Ադրբեջանի շարունակական ռազմատենչ քաղաքականության վրա ուշադրություն դարձնելու տեսանկյունից: Բայց սա էլ չի արվել: Եթե Հայաստանի կառավարությունը տվել է խոստումներ ինչ-ինչ պայմաններով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու, մեր հասարակությանը պետք է բացատրել հստակ՝ ի՞նչ պայմաններով, ի՞նչ երաշխիքներով:

Օգոստոսի 18-ին կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագիրը: «Մեր ծրագիրը եւ պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր ընդունեն Հայաստանի զինված ուժերից: Այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն: Իմիջիայլոց՝ սա նաեւ խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը եւ նպատակադրումն է արտահայտում», ասում է նա: Բանակի հզորացման, Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանին զսպելու առումով համարժեք քայլեր ձեռնարկելու մասին՝ ոչ մի խոսք: Հայոց արդիականացվող բանակի վերաբերյալ Փաշինյանն ասաց այսքանը. «Հայաստանում սկսվել եւ մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը, եւ այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը»:

Ավելին, ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կառավարության ծրագրում ասվում է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության եւ կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»։ Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման շահերից, եւ առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձեւավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։

Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությանը հրապարակային հարց ուղղե՞լ են, թե տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի չլուծված լինելու հանգամանքով պայմանավորված Հայաստանի հանդեպ թշնամական քայլ դրսեւորած Թուրքիան, որը Հայաստանը շրջափակման մեջ է պահել, ինչո՞ւ ինքնակամ չի բացում Հայաստանի հետ սահմանը Ալիեւի՝ «պատմական հաղթանակներից» հետո: Մի կողմ թողնենք այն հարցը, որ Հայաստանի իշխանությունն այսօր առհասարակ պետք է հստակեցնի, թե որքանով է անվտանգ լինելու ՀՀ քաղաքացիների համար բացված հայ-թուրքական սահմանը, եթե, ենթադրենք, այն բացվի: Այստեղ այլ հարց է կարեւոր՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դեռ պաշտոնական Անկարան պաշտոնական Երեւանից: Թուրքիան շարունակում է լիակատար աջակցություն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, հետեւաբար պաշտոնական Երեւանը պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակողմանի ձգտում: Իսկ Էրդողանի իշխանությունը դա ցանկանո՞ւմ է, կամ եթե ցանկանում է՝ ինչի՞ դիմաց:

Դատելով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների խոսքից՝ սահմանային իրադրության վերաբերյալ փակ քննարկումից հետո էլ նրանց մոտ պահպանվել են իրենց ունեցած բոլոր մտահոգությունները:

Հետեւաբար, այսօր Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակվող զավթողական, ռազմատենչ քաղաքականության պայմաններում Հայաստանը ստիպված է ունենալ մեկ «պարիսպ»՝ հզոր պաշտպանություն, որն ակնհայտորեն ՀՀ ներկայիս կառավարությունը չի ձգտում կազմակերպել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Այս հրաշալի վերլուծությունը ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորների համար կարող է լավ «շպարգալկա» լինել և եթե ընդդիմադիրները իշխանական պատգամավորների հետ անօգուտ լաչառություն անելու փոխարեն, հեղինակի այս բոլոր կշռադատված մտահոգությունները հնչեցնեն կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, գոնե մի օգտակար գործ արած կլինեն:
    Իսկապես, մեր սահմանային իրավիճակը խիստ անհանգստացնող է, թշնամին մեր երկրի տարածքն է մտել, մեր գերիները թշնամու բանտերում են, երկու-երեք օրը մեկ զինծառայողների կորուստներ ենք ունենում, բայց իրավիճակը շտկելու՝ մեր բանակն արագ վերազինելու ուղղությամբ հուսադրող քայլեր չենք տեսնում: Մեր ընդդիմությունն էլ իր հերթին է սսկվել, երևի ամառային հանգիստն է վայելում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031