ՀՀ Վերաքննիչ դատարանը այսօր քննել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը:
Հիշեցնենք, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վահե Միսակյան) հուլիսի 21-ին որոշեց «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնել: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց 15 միլիոն դրամ գրավի ստորագրության`հանրապետությունից չհեռանալու, դիմաց: Հիշեցնենք նաեւ, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի նախկին ղեկավար Արմեն Չարչյանը մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար: Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործի քննությունն, ըստ էության այսօր ավարտվել է: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանից որոշ փաստական տվյալներ ստանալու եւ հետազոտելու անհրաժեշտություն է տեսել, ուստի այսօր նիստը հետաձգվել է: Ամսի 20-ին նշանակված նիստում դրանք եւս կհետազոտվեն եւ դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ:
Էրիկ Ալեքսանյանը փաստում է, որ իր պաշտպանյալը պատգամավոր է եւ չի կարող ազատազրկվել՝ առանց ԱԺ-ի համաձայնության։ Պաշտպանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավոր է համարում, իսկ դատախազի բողոքն անհիմն մերժման ենթակա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ