Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ադրբեջանում անհետ կորածների իգական սեռի բարեկամներից սեքսուալ բնույթի գործողություններ կատարել պահանջող ամբաստանյալը լսեց իր ներքին ձայնին

Օգոստոս 18,2021 20:07

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվում է 41-ամյա Ալիկ Հայրապետյանի դատավարությունը։ Ամբաստանյալը այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին, համացանցային կայքերում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է Արցախյան վերջին պատերազմում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ կատարած օգտատերերին եւ մասնավորապես առանձնացրել իգական սեռի ներկայացուցիչներին։

Ներկայանալով որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, «Азиз Мурадов» ֆեյսբուքյան էջով, Ալիկ Հայրապետյանը 103 օգտատերերի ուղարկել է հաղորդագրություն, իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում եւ ինքը անմիջական շփում ունի նրանց հետ, սակայն վերջիններս չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին: Միայն 17 հոգի են հավատացել նրան։ Տուժողների մեջ նաեւ անչափահաս աղջիկ կա։

Ալիկ Հայրապետյանը, օգտվելով վերջիններիս վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ է տվել առ այն, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեւարված զինծառայողների հետ, կուղարկի նրանց լուսանկարները։ Համացանցից ներբեռնված լուսանկարները վերափոխելով ծրագրային հավելվածների միջոցով՝ տեղադրել է անհետ կորած զինծառայողի դեմքը եւ ուղարկել տուժողներին։ Օգտվելով այն հանգամանքից, որ նրա հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին, Ալիկ Հայրապետյանը նրանցից պահանջել, ապա հարկադրել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարել եւ ծառայություններ մատուցել։ Մասնավորապես, «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել սեռական օրգանները ցուցադրող մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեւարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Օգոստոսի 18-ի դատական հերթական նիստի սկզբում, ամբաստանյալի պաշտպան Մուշեղ Վարդանյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով նիստերը անցկացնել դռնփակ, հաշվի առնելով, որ անձնական տվյալներ են հրապարակվելու կապված իր պաշտպանյալի հետ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ որոշելով այսուհետ նիստերը անցկացնել դռնփակ։ Նիստին տուժողներն ու դատակոչված վկաները չէին ներկայացել։ Ամբաստանյալ Ալիկ Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպան Մուշեղ Վարդանյանից, քանի որ «իր ներքին ձայնն է այդպես հուշում»։

Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակին ամբաստանյալին նոր պաշտպան տրամադրելու հարցով։

Հիշեցնենք, որ Ալիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 132.2 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031