Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք վերահսկում ենք մեր սահմանները». ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը պատգամավորներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

Օգոստոս 18,2021 19:00

Այսօր խորհրդարանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների սահմանային իրավիճակներին վերաբերվող փակ հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Հիշեցնենք, հանդիպում-քննարկման առաջարկը երեկ հնչեցրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք նաեւ, որ վերջին օրերի լարվածության արդյունքում հայկական կողմը երկու զոհ ունի: Ադրբեջանը նաեւ հայկական բնակավայրերի վրա է կրակում:

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդվարդ Ասրյանն ասաց, որ քննարկվել է ընդհանուր սահմանային իրավիճակը, սահմանագոտու թե արևելյան, թե Երասխի ուղղությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը։

«Ներկայացրեցի, թե ինչպիսի՞ իրադրություն է ստեղծվել, ներկա դրությամբ ինչպիսի՞նն է այն: Կարող եմ փաստել, որ ՀՀ Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանվույն պատասխան։ Եթե հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը ոչ, ապա այս ամենն իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես կորուստներ ունի։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է ԶՈւ-ին, բանակին՝ կատարելու ենք պատվով»,- ասաց ԳՇ պետի տեղակալը`հավելելով, որ հակառակորդը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել դիմակայող պետության բանակի, սահմանային ուժերի վրա. «Նույնն էլ Ադրբեջանը, որը փորձում է ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Երբ մենք ասում ենք Սև լճի տարածք, չի նշանակում, որ բոլոր գործողությունները տեղի են ունենում անմիջապես այդ տարածքում, դա դեպի Հարավ որոշակի ուղղությամբ է։ Հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, նա չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ վնաս պատճառեր, միջդիրքային տարածքում՝ մեր եւ նրանց դիրքերի արանքում, մեր զինծառայողների մարտական ծառայության նպատակային իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին: ԶՈՒ գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստ տալով հետ է քաշվել»։ Ըստ ԳՇ պետի տեղակալի հակառակորդը հնարավոր է առաջախաղացման միտում չի ունեցել. «Առաջխաղացումը ռազմական տերմինաբանության մեջ կարող է տարբեր կերպ հասկացվել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որ Սեւ լիճն իրենցն է, ԳՇ պետի տեղակալը պատասխանեց. «Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել ինչ կամենում է, բայց դա իրողությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում, նրա հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը, մենք մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղել նրանց ցանկացած սադրիչ գործողություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031