Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց վերջին օրերում Հայաստանի հանրապետության սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ փակ քննարկումը: Հիշեցնենք, առաջարկը երեկ հնչեցրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Քննարկմանը կառավարությունից ներկա է եղել ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը: Թե ինչո՞ւ ԳՇ ղեկավարը չի եկել հանդիպման`պատգամավորներին հիմնավորում ներկայացվել է, որը, սակայն, այդքան էլ դուր չի եկել ներկաներին:
Քանի որ քննարկումը փակ էր, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շատ բաներ չի կարող ասել. «Ինչ վերաբերում է մեր մտահոգություններին, դրանք չեն կարող փարատվել, որովհետեւ գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր, կրակոցներ, եւ թշնամին շարունակում է լինել ՀՀ տարածքում»:
Ըստ ԱԺ փոխխոսնակի, քննարկման ժամանակ հնչեցրել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ստացել են, որոշ հարցեր էլ հասկանալի պատճառներով չեն մեկնաբանվել. «Կարծում եմ, նման հանդիպումների անհրաժեշտություն մշտապես կա, ավելի բարձր մակարդակով պետք է լինեն այս հանդիպումները։ Մեր մնացած բոլոր մտահոգությունները՝ Արցախում ու Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ, չեն փարատվել»:
Այս հանդիպման ժամանակ չի քննարկվել Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունը`Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման դիմաց՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս, սա բացառվում է։ Բնականաբար, օգտվելով իրավիճակից, թշնամի երկրի ղեկավարը փորձելու է ճնշումների միջոցով հասնել իր ուզածին։ Թշնամու ուզածն ու նպատակն ակնհայտ է, խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ուզում, ինչպես ենք այդ ամենին պատրաստվում, ինչպես ենք դիմագրավում, ինչ քայլեր ենք ձեռնարկում, սեղանին ինչ փաթեթ է դրված, որն է մեր տեսակետը և այլն»,- այդ առիթով հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ