Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Տնտեսությունն այսօր աճում է շատ ավելի արագ, քան բոլոր կանխատեսումներն էին նշում»

Օգոստոս 18,2021 17:43

«Ռեալիստական, բայց լավատեսական նպատակները հնարավոր են իրականացնել, եթե մենք առանց մեզ խնայելու աշխատենք առաջիկա հինգ տարիներին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով կառավարության հնգամյա նոր ծրագրին։

Նախարարի խոսքով՝ կառավարությունը հանձն է առել ստեղծել առնվազն 7% լրացուցիչ տնտեսական աճ` ամեն տարի, թիրախը` 9% տնտեսական աճ։ «Կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով, եւ այդ առումով ինձ համար մեծ պատիվ է լինել այն թիմի կազմում, որը հանձն է առել այսպիսի ծրագիր իրագործել»,-ասաց նախարարը։

Այս հաշվարկներում տարածաշրջանի ապաշրջափակումն ու դրա արդյունքում տնտեսական ազդեցությունները ներառված չեն, սակայն նախարարն ասաց, որ հուսով են, որ եթե դա տեղի ունենա, ապա էապես կհեշտացնի կառավարության ծրագրի իրագործումը։

Արդյո՞ք ապաշրջափակման արդյունքում, ինչպես պնդում են որոշ փորձագետներ, մեր տնտեսությունն ու բիզնեսը չի տուժի, ի պատասխան այս հարցի, պարոն Քերոբյանն ասաց՝ գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց կառավարությունը պետք է այնպես անի, որ մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ եւ հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենանք միայն տնտեսական օգուտներ, եւ տնտեսությունը չտուժի դրանից։

Թե որտեղից են հայթայթելու ռեսուրսներ, որպեսզի ապահովեն տնտեսական աճը, այս հարցին ի պատասխան էլ նախարարն ասաց՝ ամենակարեւորը հայ ազգի ռեսուրսներն են, եւ դա միայն մարդակային կապիտալը չէ․«Մարդիկ ունեն նաեւ ֆինանսական կապիտալ, կապեր եւ այդ բոլոր միջոցները մոբիլիզացնելն արդեն մեծ ռեսուրս է որպեսզի ՀՀ տնտեսական աճն ապահովվի»։

Սփյուռքից ակնկալվող աջակցության մասին էլ նախարարն ասաց՝ ավանդաբար դա եղել է օգնության մակարդակով, որը վնասաբեր է եղել Հայաստանի համար․«Մենք պետք է կարողանանք սփյուռքի հետ գործնական եւ փոխշահավետ հարաբերություններ ձեւավորել, նաեւ տալ որոշակի ապահովագրություն իրենց ներդրումների դիմաց։ Այս առումով մենք մեծ տնային աշխատանք ունենք անելու եւ անում ենք, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր եւ ոչ միայն սփյուռքահայերի համար։ Բայց պետք է մեր մտքում պահենք այն, որ ամենահավանական ներդրողների թեկնածուները տեղացիներն են, հետո սփյուռքահայերը, հետո օտարերկրացիները»։

Ըստ Քերոբյանի, տնտեսությունն այսօր աճում է շատ ավելի արագ, քան բոլոր այն կանխատեսումները, որոնք, օրինակ, արել են ԿԲ-ն, եւ միջազգային կառույցները․«Այս ամենը վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունում ներդրումները, այդ թվում՝ ներքին, ապահովում են տնտեսության սպասվածից ավելի արագ աճ»։

Կառավարության ծրագրում, ինչպես նշեց նախարարը, ընդգծված տեղ է հատկացված ՓՄՁ-ների զարգացմանը եւ նրանց այսօրվա մասնակցությունը տնտեսությանը մոտ 30%-ից պետք է հասցնեն 55%-ի․«Դա նշանակում է առաջիկա մեր տնտեսական աճը կլինի շատ ներառական, դա նշանակում է, որ տնտեսության մեջ կներքաշվեն մեծ քանակի նոր ընկերություններ։ Բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց բիզնես մոդելը պետք է կառուցեն բացառապես հարկերից խուսափելու վրա։ Կառավարության ծրագրերը ուղղած են լինելու նորարարական եւ մրցունակ ՓՄՁ- ների ստեղծման վրա։ Մենք ծրագրում ենք մարդկանց տալ բազմաթիվ գործիքներ՝ կրթական, ֆինանսական, շուկաների հասանելիություն , որոնք թույլ կտան, որպեսզի այն նոր ՓՄՁ-ները, որոնք կստեղծվեն առաջիկա հինգ տարում, էապես կտարբերվեն նախկինում ստեղծվածներից եւ ՓՄՁ-ի հաջողության ու շահութաբերության միակ գրավականը չի լինելու հարկերից խուսափելը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031