Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն․ Փաշինյանը ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը

Օգոստոս 18,2021 16:42

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը։

Նրա ներկայացմամբ՝ ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության վրա։

Փաշինյանի խոսքով՝ համապետական երկու ընտրությունները միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի․« 2021 թվականի արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաեւ հանրային համերաշխության վերականգնման համար։ Դեռեւս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային եւ քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին սպառնացող բազմաթիվ արտաքին եւ ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված, 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլեւ առաջ բերելով նորերը․« Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ-ի հիմնախնդրի արդարացի լուծումը Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդից քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային եւ ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ անվտանգության ապահովման ուղղություններից է ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձեւավորումը, որն ընդգրկված է ծրագրում․ «Երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին։ Մեր ծրագիրն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի շատ տեղամասերում կընդունեն ՀՀ ԶՈՒ-երին, այսինքն՝ տարածքները կընդլայնվեն, այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։ Սա խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում։ Սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի»։

Փաշինյանը հայտարարեց, որ ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031