Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցմունք տվածների մեջ չկա մի անձ, որը պնդի, թե շահագրգռությունից ելնելով են իրենց դիմումները բավարարել». Գորիսի փոխհամայնքապետերի պաշտպան

Օգոստոս 18,2021 16:30

Դատարանը քննում է Գորիսի փոխհամայնքապետերի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը:

«Դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ: Ակնկալում ենք, որ արդարացի որոշում կկայացվի»,-լրագրողներին ասաց Գորիսի համայնքապետի եւ փոխհամայնքապետերի պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Իրինա Յոլյանի գործով դեռ շարունակվում է, Մենուա Հովսեփյանի դեպքում շարունակվում է, իսկ Սուսաննայի դեպքով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ժամը 17-ին Մենուայի գործով կշարունակվի դատական նիստը, 17:20 Սուսաննայի գործով հրապարակումն է, 18:30-ին Իրինայի գործի քննությունն է շարունակվում»,-հավելեց նա:

Արմեն Մելքոնյանն ասաց, որ գործը բազմածավալ է, եւ անհնար է ծանոթանալ դրան կարճ ժամկետում. «Մենք որպես գեղարվեստական գիրք չենք կարդում, կարդում ենք եւ փորձում պաշտպանություն իրականացնել, բայց ասեմ՝ ինչ-որ կարդացել եմ:

Հիմնավոր կասկածը հիմնավորող որեւէ ապացույց գոյություն չունի ընդհանրապես: Օրինակ, քննիչը հարցաքննում է մի կնոջ, որը ենթադրենք, ստացել է հիսուն հազար դրամ օգնություն, որովհետեւ անապահով ընտանիքում է, հարցաքննության ժամանակ ասում է ձեր պարանոցին բարակ, ոսկյա շղթա եմ նկատում, ուրեմն դուք սոցիալապես անապահով չեք: Նախ` ինքը փորձագետ չէ, կարող է շղթան դեղին մետաղից է, ոսկյա չէ, բայց քննիչն իրեն այդ ֆունկցիան վերապահում է եւ գնահատական է դնում, որ նա սոցիալապես անապահով չի եւ քաղաքապետարանից օգնություն է ստացել: Եվ այս ձեւով 62 անձանց գնահատում են, որ Գորիսի համայնքապետարանը ոչ ճիշտ օգնություն է տվել»:

Պաշտպանը այլ օրինակներ էլ բերեց. «Կամ կարգի համաձայն՝ մարդը պետք է բարեխիղճ հարկատու եղած լինի, ի՞նչ բան է բարեխիղճ: Ենթադրենք մի տատիկ 30 հազար դրամ օգնություն է ստացել իր կարիքների համար, պարզել են, որ տատիկը 20 հազար դրամ հողի պարտք է ունեցել, բայց հենց 30 ստացել է, 20-ը հողի պարտքն է մուծել, ութ հազարով էլ հոգացել է այլ կարիքներ: Հիմա գտնում են, որ այդ տատիկին տված գումարը ապօրինի է, եւ դրա համար երեք կնոջ եւ փոխքաղաքապետին կալանավորում են… Մեջբերում եմ գործից այն, ինչ հասցրել եմ կարդալ, հարյուրավոր ցուցմունքներից մի քանիսն եմ մեջբերում»:

Արմեն Մելքոնյանը փաստում է, որ ցուցմունք տվածների մեջ չկա մի անձ, որը պնդի, թե շահագրգռությունից ելնելով են իրենց դիմումները բավարարել. «Նույնիսկ կա դրվագ, որ հարցաքննված անձն ասում է, որ ես մարզպետարանից 3 անգամ եմ օգնություն ստացել, իսկ Գորիսի քաղաքապետարանից մեկ անգամ: Բայց քննիչը մի անգամ հարց չի տալիս, նախ օրենքով երկու անգամից ավելի մեկը չի կարող օգնություն ստանալ, մարզպետարանից որ երեք անգամ ստացել ես, ո՞ւմ օգտին ես քվեարկել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031