Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը ՀՀ պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի»․Փաշինյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

Օգոստոս 18,2021 15:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր կառավարության հնգամյա ծրագիրը, որն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում։

100-ից ավելի էջանոց այս ծրագրից առանձնացրել ենք, ինչպես ծրագրում է գրված, «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» հատվածը։ Ի՞նչ է ծրագրում այս կառավարությունը մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ կառավարության, ՀՀ անվտանգության ապահովման գործոններն են՝

Հայոց արդիականացվող բանակը․
Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ ԶՈՒ-ի եւ ՌԴ ԶՈՒ-ի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի եւ Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր: Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները: Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի:

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին եւ աշխատել պայմանագրային եւ փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման եւ կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի եւ կսպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները:

Տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը
Տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը մեր երկարատեւ ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումը սպառնալիք է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք:

Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին:

Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված Կառավարության արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղ եւ փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձեւավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված քայլերի ամբողջական եւ անվերապահ իրագործումը:

Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ/կամ զարգացումը։ Վրաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, եւ Հայաստանը նպաստելու է այս ձեւաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Բոլոր ուղղություններով նախաձեռնողական եւ արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը
Կառավարության համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են բոլոր պետությունների եւ կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում եւս Հայաստանի հիմնական գործընկերների հետ փոխշահավետ եւ բովանդակային փոխգործակցությունը կարեւոր բաղադրիչ է պետության անվտանգային ճարտարապետության մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031