Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին կալանավորելու հարցը։ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու գործով դատավորներին՝ Մարտիրոսյանին եւ Ֆարխոյանին, ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Ըստ փաստաբանի՝ պաշտպանական թիմը գտնում է, որ երկուսն էլ օրենքով սահմանված դատարան չեն․«Խնդիր կա, քրեական գործի մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկած։ Սա պատշաճ մակագրություն չէ։ Լուրջ կասկածներ ունենք, որ սա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չէ արված։ Հակառակ դեպքում, չգիտես ինչ զուգադիպությամբ, այս նույն դատավորներին է մակագրվում»։ Այս պահին,ինչպես փաստաբանն ասաց, դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Արմեն Մելքոնյանի ներկայացմամբ՝ ինքը եւ մյուս պաշտպանը՝ Էդգար Արամյանը, քննչական կոմիտեից դուրս են եկել երեկ 21:10-ին, իսկ դատավոր Մարտիրոսյանը նրանց հրավիրել է դատական նիստի ժամը 22:00-ին․«Մեզ տրամադրվել է 780 էջանոց փաստաթուղթ։ Պնդում եմ՝ եթե Հայաստանում կգտնվի մի անձ, որը այդքանը կհասցնի կարդալ 50 րոպեում եւ կազմակերպել պաշտպանությունը, քննչական կոմիտեից հասնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, ես խոշոր դրամական պարգեւ եմ սահմանում։ Սա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է։ Ես գիշերը փորձել եմ տեսնել իմ պաշտպանյալներին, որպեսզի հնարավոր քննարկումներ անեմ գործի նյութերի հետ կապված։ Քննիչը ձերբակալվածների պահման վայրին չէր իրազեկել, որ ես եւ Արամյանը հանդիսանում ենք մյուս երկու մեղադրյալների պաշտպանները, մեզ արգելեցին եւ թույլ չտվեցին տեսակցել նրանց։ Պաշտպանյալներից մեկը 65 տարեկան կին է, մյուսը՝ այրի, խնամքին անչափահաս երեխա եւ 80 տարեկան մայր ունեցող անձ է, նրանք երկրորդ օրն է կալանքի տակ են»։
Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։ Իրինա Յոլյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը։
Համայնքապետարանի երկու աշխատակից եւս ձերբակալվել են։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ