«Մոտ 2-3 տարի է, ինչ մասնագիտական գրականության մեջ օգտագործվում է նեոթալիբան տերմինը, դա վերաբերում է այն ուժերին, որոնք այսօր իշխանության են եկել Աֆղանստանում կամ փորձում են գալ: Եթե նայեք 2016 թ.-ից տարբեր հարթակներում թալիբանի հետ կազմակերպված հանդիպումները՝ Ճապոնիայից մինչեւ Մոսկվա ու Քաթար, կտեսնեք, որ իրենց հայտարարություններում բավականին փոփոխություններ կան՝ այն խնդրահարույց կետերի հետ կապված, որոնք այսօր շրջանառվում են՝ կանանց իրավունքներ, միջազգային կառույցների գործունեություն եւ այլն: Կան մոտեցումների փոփոխություններ՝ առնվազն դեկլարատիվ մակարդակում»,- «Հոդված-3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Արաբագետի խոսքով. «Դարձյալ խոսքը գնում է իսլամական շարիաթի, իսլամական արժեքային համակարգի վրա հիմնված պետություն ունենալու մասին, բայց լայն մեկնաբանություններ են տեղի ունենում: Օրինակ մի հարցը, որ այն ժամանակ բարձրացվում էր՝ արդյո՞ք կանայք պետք է ամբողջությամբ ծածկվեն, թալիբանների այն ժամանակվա խոսնակն ասում էր՝ պարտադիր չէ, միայն գլխաշորը բավական է: Դա ահռելի մեծ փոփոխություն է իրենց այն ժամանակվա եւ ներկայիս գաղափարախոսությունների միջեւ»:
«Նեոթալիբներն իրենց աչքի առաջ ունեն շարիաթի վրա հիմնված իսլամական պետության ստեղծման 2-3 ձախողված փորձ, ինչը հաշվի են առել: Ըստ այն ինֆորմացիայի, որ այս պահին ստանում ենք Աֆղանստանից, իրենք փորձ են անում լեգիտիմացնել եւ խոսել այն լեզվով, որը բնորոշ է միջազգային հանրությանը: Իրենց խոսնակն էլ վերջին օրերին խոսում էր բավականին ժամանակակից բառապաշարով: Այս տեսանկյունից իրենք փորձ են անելու ամբողջությամբ վերցնել իշխանությունը, ձեւավորել իշխանություն, հատկապես որ ներկա էթնիկ մեծամասնական մի խումբ՝ փուշտունները, ունեն կոնկրետ գաղափարախոսություն, որն ուզում է ստեղծել պետություն Աֆղանստան:
Եվ եթե նեոթալիբներին հաջողվի ձեւավորել կառավարման բոլոր ինստիտուտները եւ վերահսկել դրանք, կարող է եւ խոսենք հաջողված հեղափոխության, հեղաշրջման մասին Աֆղանստանում, որը կարող է բերել բավականին հետաքրքիր կոնֆիգուրացիայի, ինչի հետ պետք է աշխատեն տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ մենք»,-ասաց նա:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ 2020 թ փետրվարի 29-ից սկսած, երբ ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման հետ ստորագրեց համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Աֆղանստանում տասնամյակներ շարունակվող զինված հակամարտությանը, տարածաշրջանի բոլոր խաղացողների համար ակնհայտ էր, որ ի վերջո թալիբները Աֆղանստանում իշխանության են գալու, սակայն ոչ ոք չէր սպասում որ դա շատ արագ տեղի կունենա:
Կարդացեք նաև
Քաղաքագետը հիշեցրեց, որ նույնիսկ Աֆղանստանի հարցերով ընդլայնված քառյակ էր ստեղծվել՝ ԱՄՆ, Պակիստան, Չինաստան, Ռուսաստան, որը փորձում էր համաձայնության գալ, որ թալիբները իշխանության մաս կազմեն: Նա հիշեցրեց նաեւ այս տարի հնչեցրած Բայդենի այն հայտարարությունը, ըստ որի, մի քանի ամիս ժամանակ է պետք, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից:
«Եթե շատերի համար անակնկալ էր խոշոր քաղաքների գրավումը՝ գրեթե առանց դիմադրության, ապա հիշեցնեմ, որ ընդամենը օգոստոսի 11-12-ին ամերիկյան հետախուզական ծառայությունները զեկույց հրապարակեցին, որ Քաբուլը կարող է հայտնվել թալիբների վերահսկողության ներքո 60-90 օրվա ընթացքում: Եվ այդ զեկույցի հրապարակումից արդեն երեք օր անց թալիբները Քաբուլում էին»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային անդրադարձերին, այս մասին էլ ասաց. «Այժմ Ռուսաստանի արձագանքն ավելի մեղմ էր, քան օրինակ 1996թ., երբ թալիբներն առաջին անգամ Աֆղանստանում իշխանության եկան: Ի դեպ, թալիբներն առաջիններից էին, որ ճանաչել էին Չեչնիայի անկախությունը, ինչը Ռուսաստանի համար բավականին խնդրահարույց էր: Այժմ մենք տեսնում ենք հայտարարություններ Ռուսաստանից, որ իրավիճակը Աֆղանստանում սարսափելի չէ, ՌԴ դեսպանն էլ հայտարարեց, որ հիմա Քաբուլում շատ ավելի հանգիստ իրավիճակ է, քանի մինչեւ օգոստոսի 15-ը:
ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարության մեջ ասել էր, որ թալիբների հետ ավելի հեշտ է բանակցել: Կարծես թե Ռուսասատանը գոնե հրապարակային այնքան էլ մտահոգված չէ թալիբների իշխանության գալով: ԱՄՆ-ը նույնպես կարծես սպասում էր նման զարգացումներին, Բայդենն էլ վերահաստատեց այն համոզմունքը, որ ճիշտ որոշում է ընդունել՝ դուրս բերելով ամերիկյան զորքերը Աֆղանստանից: Արձանագրենք, որ առայժմ տարածաշրջանային խաղացողները՝ այդ թվում Ռուսաստանը եւ Չինաստանը, այդքան էլ մտահոգված չեն թալիբների իշխանության գալով, ինչքան կարելի էր սպասել…Չինաստանն էլ մտածում է, որ Աֆղանստանը կարելի է դարձնել եւս մեկ ցամաքային ուղի դեպի Իրան, ծրագրեր են քննարկվում, Պակիստան- Քաբուլ-Իրան նոր երկաթգիծ կառուցելու համար»:
Աֆղանստանի դեպքերի՝ Հայաստանի վրա անդրադարձերի մասին էլ Բենիամին Պողոսյանը նշեց. «Երկու տեսակետ կա, որ սա կարող է մեզ համար վատ լինել, որովհետեւ Ռուսաստանը ստիպված կլինի ուշադրությունը շեղել դեպի Կենտրոնական Ասիա, ու Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում գուցե հետագայում ամրապնդվի: Ես այս տեսակետը բացարձակ չեմ կիսում, քանի որ Ռուսասատանն այն տերությունն է, որ կարող է իրեն թույլ տալ մի քանի տարածաշրջաններում լինել, հետեւաբար չեմ կարծում, թե Հարավային Կովկասում կարող ենք տեսնել ռուսական ազդեցության նվազում:
Շատերն են նշում, որ գուցե կմեծանա թմրամիջոցների արտահանումը Հայաստանի տարածքով, քանի, որ Աֆղանստանը թմրամիջոցների խոշորագույն արտադրողներից է աշխարհում: Սակայն հանուն արդարության պետք է ֆիքսել, որ երբ ԱՄՆ-ը վերահսկողություն հաստատեց Աֆղանստանի նկատմամբ, թմրամիջոցների արտահանումը բազմակի ավելացավ, քան այն ժամանակ, երբ իշխանության թալիբներն էին: Այնպես որ, որեւէ հիմք չկա պնդելու, թե թալիբներն են գալիս, ուրեմն թմրանյութերի արտահանումը կարող է ավելանալ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ