Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանը Իրինա Յոլյանի մեղադրանքի մասին․ «Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, ուղղակի օգնություն են տրամադրել»

Օգոստոս 18,2021 13:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանին (լուսանկարում) կալանավորելու հարցը։

Տիկին Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է։ Ալեքսանյանի ներկայացմամբ՝ նոր քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն, ձերբակալման պատճառներից մեկն է՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ դատարանի քննարկմանը ներկայացնելու նպատակը․«Մենք ձերբակալման արձանագրության մեջ նշեցինք, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի, ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումը հայեցողական իրավունք է։ Այսինքն, քննիչն ունի հայեցողական իրավունք ձերբակալելու, որպեսզի մեղադրյալին ներկայացնի դատարան կալանավորման հարցի քննարկման համար։ Մյուս հայեցողական իրավունքն այդ նպատակի իրագործման համար համապատասխան ծանուցմամբ հրավիրելն է եւ տեղեկացնելն է, որ իր նկատմամբ դատարանում պետք է քննարկվի կալանավորման հարցը։ Տվյալ դեպքում քննիչն ունի երկու հայեցողական իրավունք ՝ ձերբակալել անձին եւ հրավիրել։ Մենք քննիչին հարց ենք ուղղում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ կիրառվել է ավելի ոչ բարենպաստ հայեցողական իրավունքը, այլ ոչ թե բարենպաստ։ Ելնելով մարդու իրավունքներից՝ միշտ պետք է նախապատվություն տրվի այնպիսի հայեցողական իրավունքի, որը բարենպաստ է անձի համար, բացառությամբ՝ եթե վարույթն իրականացնող մարմինն ունի հիմնավորված ռիսկ, որ  բարենպաստ հայեցողական իրավունքի իրագործումն իր նպատակին չի ծառայի։ Մեզ չներկայացրեցին որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմնավոված դատողություն այն մասին, որ ավելի բարենպաստ իրավունքի իրագործումը չի լինի արդարացված»։

Փաստաբանի կարծիքով՝ քննիչի ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձեւով։ Նրա խոսքով՝ Իրինա Յոլյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը։

«Տվյալ դեպքում հանցակազմի երկրորդ հատկանիշն է մեղսագրվում՝ վատնումը։ Ասում են իբրեւ այստեղ խախտվել է համապատասխան կարգ՝ սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ, եւ պետությանը պատճառվել է համապատասխան վնաս։ Այսինքն, իբրեւ թե տրամադրվել են օգնություններ այնպիսի անձանց, որոնք իրականում կարիքավոր չեն եւ որեւէ սոցիալական խնդիր չունեն։ Բնականաբար, մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց պայմանականորեն ընդունենք,որ կարգը խախտվել է։ Իրականում, այո, տրամադրվել են օգնություններ ոչ կարիքավոր եւ ոչ սոցիալական խնդիրներ ունեցող անձանց։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ։ Տվյալ դեպքում ինչպե՞ս է վարույթն իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի եւ հանցագործության։ Պատկերացնենք տվյալ դեպքում այդ կարգը խախտվել է, տվյալ դեպքում ինչո՞ւ չպետք է օրինակ կիրառվի կարգապահական զանցանքի հարաբերությունները, այլ պետք է հենց քրեական պատասխանատվության եւ քրեական հանցագործության հարաբերությունները պարունակեն։ Սա է խնդիրը։ Եվ, ի վերջո, օգնությունները տրվել են քաղաքացիներին, նրանց, ովքեր դիմում են գրել, եւ այդ բոլոր դիմումներում գրում են՝ ունենք խնդիրներ, կարիքավոր ենք, խնդրում ենք տրամադրել օգնություն։ Համայնքապետարանն այդ օգնությունը տրամադրել է։ Այդ մարդիկ այդ գումարներն իրենց գրպանը չեն դրել, այդ քաղաքացիները նրանց հետ որեւէ բարեկամական կապի մեջ չեն գտնվում, որ մի հատ էլ լինի կասկած, որ համապատասխան անձանց տրվել է նպատակային ձեւով, ուղղակի օգնություն է տրամադրվել։ Այսինքն, մի իրավճակ է, որ օգնություն տրամադրելու համար անձին պետք է մեղադրանք առաջադրեն եւ վաղը դատապարտեն»։

Ըստ փաստաբանի, տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը․ «Մենք ականատես ենք լինում, որ ովքեր քննադատում են իշխանությանը, շատ կարճ ժամանակ անց հայտնվում են անազատության մեջ, կամ էլ նվազագույնը ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ»։

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել, նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։ Այսօր դատարանում քննվելու է նաեւ Մենուա Հովսեփյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Համայնքապետարանի երկու աշխատակից եւս ձերբակալվել են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031