ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր:
Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները, բացահայտելու նախասիրությունները, որպեսզի մեր երկրի զարգացման գործում ձեր կարևոր դեր ունենաք»,- ասել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ հանրակրթության պետական և առարկայական նոր չափորոշիչների շուրջ շարունակական քննարկումներ են կազմակերպվում դպրոցում կրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար:
Կարդացեք նաև
Ավագ դպրոցում նախատեսվում է ներդնել կրեդիտային համակարգ, ըստ որի՝ հավաքած կրեդիտները կարող են հաշվի առնվել բուհ կամ միջին մասնագիտական հաստատություն ընդունվելիս՝ շաղկապելով կրթական տարբեր մակարդակները: Հաջորդ կարևոր անելիքն ավագ դպրոցում մոդուլային դասընթացների իրականացումն է: Այն ենթադրում է կարճաժամկետ դասընթացներ (առարկան դասավանդվի ոչ թե 1 տարի, այլ 6 ամիս) այն հստակ մասնագիտական ուղղվածությամբ, որը կընտրի աշակերտը: Ժ.Անդրեասյանը տեղեկացրել է, որ բոլոր փոփոխությունները նախատեսված են նոր չափորոշիչներով և առաջիկայում փորձարկվելու են:
Անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին՝ նախարարի տեղակալն ասել է, որ նախատեսվում է մասնագիտական կողմնորոշման ակումբները դպրոցներում դարձնել պարտադիր: Դա աշակերտներին հնարավորություն կտա տարբեր ծրագրերի, դասընթացների միջոցով ծանոթանալ մասնագիտություններին, իրազեկվել՝ որը ինչ հեռանկար ունի, ինչ աշխատատեղեր կան և այլն: Նա ներկայացրել է նաև միջին մասնագիտական կրթական համակարգում ներդրված նոր մասնագիտությունները, խորհուրդ է տվել ուսումնասիրել և, հաշվի առնելով դրանց արդիականությունն ու պահանջարկը՝ դիմել:
Հանդիպման ընթացքում աշակերտները նախարարի տեղակալին և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին ուղղել են տարաբնույթ հարցեր կրթական բարեփոխումների, աշակերտական խորհուրդների, բուհերում կրթաթոշակների և այլնի վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ