Ուֆայում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը հաջող է մասնակցում:
Գերազանց է հանդես գալիս հատկապես գերծանր (125 կգ) քաշային Լյովա Գեւորգյանը, որը արդեն տարել է երեք վստահ հաղթանակ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին: Գյումրեցի ըմբիշը պարտության է մատնել հունգարացուն՝ 10:0, հնդիկին՝ 4:0, կիսաեզրափակչում ադրբեջանցուն՝ 10:0, եւ այսօր այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է Իրանի ներկայացուցչի հետ գոտեմարտում:
Հայաստանն իր հաշվարկում արդեն մեկ բրոնզ ունի, որը բերել է 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Նրա հաջողությունը կարող է շարունակել 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, որը նույնպես գոտեմարտելու է 3-րդ տեղի համար, իսկ Արմեն Մուսիկյանը՝ 74 կգ եւ Սերգեյ Սարգսյանը՝ 92 կգ, դեռ պետք է հաղթահարեն սփոփիչ գոտեմարտերի արգելքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ