Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աֆղանական դասերը՝ Հայաստանի համար

Օգոստոս 18,2021 10:00

«Վերջ, հեսա իսլամը սաղ աշխարհը կգրավի»՝ այդպիսին է փողոցում եւ ֆեյսբուքում հայաստանցիների մեծ մասի արձագանքը Աֆղանստանում՝ թալիբների «վերջնականապես» իշխանության գալու լուրին: «Վերջնականապես» բառը չակերտների մեջ եմ առնում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ այդ երկրում ոչ ոք հարատեւ իշխանություն չի կարող պահպանել, եւ ավելին՝ այդ իշխանությունը չի կարող ամբողջական լինել եւ ընդգրկել երկրի ողջ տարածքն ու բոլոր ոլորտները: Նաեւ պետք է հաշվի առնել, որ «իսլամ» հասկացությունը բազմաշերտ է, եւ այդ կրոնը դավանող մի շարք երկրներ (նախեւառաջ, իհարկե, Իրանը) մեր բարեկամներն են: Եվ վերջապես, «թրայբալիստական» պնդումները «սաղ աշխարհի» մասին ակնհայտ չափազանցություն են: Իհարկե, թալիբների հաղթանակը որոշ փոփոխություններ կմտցնի նաեւ մեր տարածաշրջանում, եւ դրա մասին պետք է լրջորեն մտածեն մեր դիվանագետներն ու փորձագետները: Բայց այստեղ ես կուզեի ուշադրություն սեւեռել մեկ այլ հանգամանքի վրա, որը մեզ համար, կարծում եմ, չափազանց ուսանելի է:

Ինչպես ստացվեց, որ ռազմատեխնիկայի ժամանակակից տեսակներով (այդ թվում՝ ԱԹՍ-ներով) զինված եւ թվակազմով թալիբներին մի քանի անգամ գերազանցող աֆղանական բանակը չկարողացավ կամ չցանկացավ դիմադրել իսլամիստներին այն պահից սկսած, երբ ամերիկացիները սկսեցին հեռանալ: Դրան կա միայն մեկ պատասխան՝ աֆղանական պետություն, ըստ էության, չկա: 2001 թվականից սկսած Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդներ էր ծախսում, որպեսզի այդ պետությունը կայանա՝ բնականաբար, իր շահերից ելնելով, բայց այդ նախագիծը տապալվեց՝ ճիշտ այնպես, ինչպես տապալվեցին նույն երկրի հետ կապված բրիտանական եւ խորհրդային նախագծերը: Իհարկե, կարելի է ընկնել քարոզչական հույզերի մեջ եւ ասել. «Ազատատենչ աֆղան ժողովուրդը երբեք չի հանդուրժել իր վզին ուժով փաթաթած օտարերկրացիների պարտադրանքը եւ ցանկանում է գնալ իր ուրույն ճանապարհով»: Բայց նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունեն քարոզիչներն՝ ասելով «աֆղանական ժողովուրդ», եւ երկրորդ՝ պատասխանել հետեւյալ հարցին. այն ժամանակ, երբ օտարները ոչ մի բան չէին փաթաթում, այդ ժամանակահատվածներում աֆղանական պետությունը կայանո՞ւմ էր: Արդյոք այն կայանալո՞ւ է թալիբների իշխանության օրոք: Եվ ավելին՝ արդյո՞ք թալիբների համար գոյություն ունեն «աֆղանական ժողովուրդ» եւ «աֆղանական պետություն» հասկացությունները:

… Պատկերացրեք այսպիսի մի վիճակ: ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, որեւէ այլ պետություն կամ միջազգային կառույց հավաքում են Աֆղանստանում հարյուր երիտասարդի, կես տարի «թրեյնինգ» են անում, որ նրանք դառնան ոստիկան, այնուհետեւ 5 տարի աշխատավարձ են տալիս, որ նրանք հասարակական կարգ պահպանեն: Արդյո՞ք այդ երիտասարդները 5 տարուց նորմալ ոստիկան կդառնան: Խիստ կասկածում եմ, եթե նրանք չունեն ներքին մոտիվացիա այդ ծառայությունն իրականացնելու, եթե նրանք չգիտեն, թե ինչու են նրանք «ոստիկանություն» անում, եւ եթե պետական մյուս կառույցները ներդաշնակ չեն այդ ծառայության հետ: Այդ բոլոր նախապայմանները չկատարելու դեպքում կլինի կոռուպցիա, կլինի անձնական եւ կլանային շահերի գերակայում, կլինի, ի վերջո, փնթի եւ անկազմակերպ աշխատանք: Ես չեմ պնդում, որ Աֆղանստանը երբեք պետություն չի դառնա: Կարող է եւ դառնալ, երբ, թեկուզ օտար օգնությամբ, քաղաքացիները գիտակցեն այդ պետության անհրաժեշտությունը եւ հասկանան դրա գոյության նպատակը:

Հիմա պա՞րզ է, թե ինչու է աֆղանական փորձը մեզ համար ուսանելի:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Աֆղանստանում թալիբների անսպասելի արագ իշխանության գրավումը շատ փորձագետներ բացատրում են ժողովրդի ատելությամբ՝ նախկին իշխանության նկատմամբ: Շատ մեծ ֆանտազիա ունենալու դեպքում էլ, իմ համոզմամբ, դժվար թե գտնվի ընդհանուր ինչ-որ բան մեր և աֆղան ժողովրդի ու պետության միջև: Եվ լավ է որ չկա ու պետք չէ որ լինի:

  2. Ruben says:

    Հիմար և անգրագետ «դիվանագետների», հետախուզության և հակահետախուզության կեղծ գործակալների, քաղաքական գործունեության նորեկների, խուլ և համր հոգևոր առաջնորդների համար օգտակար կլիներ Սուրբ Գրությունների ուսումնասիրությունը ՝ «Գուրու Գրանթ Սահիբ» և Սիխիզմի պատմությունը:
    Գուրու Նանակ-ները լքեցին Հայքը:
    Թալիբների մասին խոսելիս ավելի լավ է նախ հրապարակել տեղեկատվություն պուշտունների մասին:
    «Սուտը ստրուկների և տերերի կրոնն է։ Ճշմարտությունը ազատ մարդկանց կրոնն է։»
    Մաքսիմ Գորկի

  3. Լավատես says:

    Իրականությունը՝ դա Արարչի կամքի արտահայտումն է, բացի Արարչի կամքից կա մարդու կամք, ընտանիքի կամք, ազգի կամք, մարդկության կամք: Երբ ասում ես Արարչին՝ կամքդ լինի, դրանով ասում ես, ինչ արդյունք էլ լինի իրականության մեջ, ես այն խոնարհ ընդունում եմ: Մեր կրոնը մեզ կամք ցուցաբերել չի սովորեցնում՝ Արարչի հատկանիշից մեզ զրկում է, առանց սեփական կամքի ընթարկվել իրականությանը՝ դա դեմ է արաչագործությանը եւ Արարչին, արարչագործությունն առանց կամքի չի լինում, Արարչի նման արարել եւ իրականություն դարձնել մեր կամքը՝ սա պետք է լինի կրոնի իմաստը, այսինքն՝ Արարչի հետ մեր կամքերը լինեն ներդաշնակ:
    Երբ ժողովուրդը մի շունչ մի մարմին է, նրա արտահայտած կամքն էլ հզոր է եւ արարչագործ, նման ժողովրդին ազգ կանվանեն, իսկ թուլակամ ժողովուրդը թե մարդը՝ դա անդաստիարակ մեկն է, որը դավաճանում է Արարչին ամեն քայլափոխին: Ով էլ լինես, բայց հզոր կամք ունենաս եւ ընդունես միայն եւ միայն Արարչի կամքի գերակայությունը, Արարիչը միշտ քեզ հետ միասին կլինի ու հրաշքներ կգործեք միասին: Երբ ուժեղ կամքի մարդիկ ղեկավարեն ժողովրդին, նրանց օրինակով ավելի թույլ կամք ունեցող ժողովուրդը կդաստիարակվի եւ կհաղթի ցանկացած իրադրության մեջ:

  4. Gohar says:

    Միացյալ Նահանգները 20 տարում Աֆղանստանում քամուն տվեցին 2 տրիլիոն դոլար։ Այդ ահռելի գումարը կարելի է այսպես պատկերացնել․ Հայաստանի ցանկացած քաղաքացի 0-ից մինչև մահվան տարիքը ստացել է մեկ միլիոն դոլար։ Ահա այդ երկրի հարկերը վճարողների գումարը ինչպես ծախսվեց։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031