Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուրս գալ ճգնաժամից

Օգոստոս 18,2021 12:00

Ջարեդ Դայմոնդի «դեղատոմսերը» եւ հայաստանյան իրականությունը

Ամերիկացի կենսաբան եւ փիլիսոփա Ջարեդ Դայմոնդի վերջին գիրքը կոչվում է «Upheaval: Turning Points for Nations in Crisis»: Գիրքն անցած տարի թարգմանվել է ռուսերեն, եւ թարգմանության մեջ վերնագիրը հնչում է այսպես. «Кризис: Каков механизм преодоления кризиса»: Հեղինակը դիտարկում է 6 երկրներում՝ Ֆինլանդիայում, Գերմանիայում, Չիլիում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում պատահած լուրջ համազգային ճգնաժամերը եւ այն, թե ինչպես են այդ ազգերը ճգնաժամը հաղթահարել:

Առաջին երկու երկրներում ճգնաժամը կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի, Չիլիում՝ 1973 թվականին Պինոչետի կողմից իրականացված ռազմական հեղաշրջման, Ճապոնիայում՝ 19-րդ դարի կեսերին ամերիկյան աննախադեպ ճնշման, իսկ Ավստրալիայում եւ Ինդոնեզիայում՝ հետպատերազմյան զարգացումների հետ: Վերջին երեք ճգնաժամերը մեզ՝ նախկին խորհրդային մարդկանց, այնքան էլ ծանոթ չեն, եւ այս պարագայում հետաքրքիր է ծանոթանալ նաեւ փաստացի նյութի հետ:

Իսկ թե ինչու գիրքն ընդհանրապես կարող է հետաքրքիր լինել հայ ընթերցողի համար՝ պարզ է. Հայաստանն, իմ կարծիքով, գտնվում է խորը ճգնաժամի մեջ, եւ չնայած բոլոր հսկայական տարբերություններին, որոնք յուրահատուկ են դարձնում աշխարհի ցանկացած երկիր, կան գործոններ, որոնք բոլորը միասին կամ դրանցից մի քանիսը նպաստում են այդ ճգնաժամերի հաղթահարմանը:

Բայց նախ՝ դու պետք է ընդունես, որ ճգնաժամ ես ապրում: Հայաստանում դա, համենայնդեպս, իշխանությունների կողմից չի ընդունվում, եւ պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ճգնաժամը հաղթահարվել է 2021 թվականի հունիսին կայացած ընտրություններով: Դա այդպես կլիներ, եթե մենք ունենայինք ձեւական լեգիտիմության ճգնաժամ, բայց, իմ համոզմամբ, ճգնաժամը քաղաքական, պետական, ռազմական, կրթական եւ հոգեւոր ոլորտներում է: Այդ առումով հետաքրքիր է Դայմոնդի զուգահեռն անձնական եւ ազգային ճգնաժամերի միջեւ. դրանք կարող են բռնկվել անսպասելիորեն, հրդեհի նման, ինչ-որ ուժգին արտաքին շոկի պատճառով, եւ կարող են զարգանալ տարիների, տասնամյակների ընթացքում: Օրինակ, երբ ամուսինները բաժանվում են, դա չի կարող լինել մեկ օրվա կամ մեկ շաբաթվա իրադարձությունների արդյունք: Ճիշտ նույն ձեւով, ասենք, Գերմանիայի ճգնաժամը այդ երկրում կուտակված հսկայական խնդիրների եւ կատարված աղետաբեր սխալների արդյունք էր՝ եւ ոչ միայն 1933 թվականից սկսած:

Եթե զուգահեռ անցկացնենք Հայաստանի հետ, ապա ռազմական պարտությունը, որքան էլ այն լինի ներկա իշխանության ապաշնորհության արդյունք, «նախապատրաստվում էր» երկար ժամանակ՝ ինձ թվում է, 1994 թվականից սկսած. ոչ մի իշխանություն չկարողացավ ռազմական հաջողություններն ամրապնդել կայուն, միջազգայնորեն ամրագրված խաղաղությամբ: Այդ պատճառով, մասնավորապես, ինձ թվում է, որ երկիրը ճգնաժամից չէին կարող դուրս բերել Հայաստանի վերջին երեք իշխանությունները, որոնցից երկուսն այդ ճգնաժամը հասունացրել են, իսկ վերջինը երկիրը հասցրեց կոլապսի: Չարժե, հավանաբար, հիշեցնել, որ 1945 թվականի կապիտուլյացիայից հետո Գերմանիայի իշխանությունը փոխվեց: Բայց դա չի նշանակում, որ երկիրը պետք է սկսի «զրոյից». այն, ինչ փոփոխության ենթակա չէ, այն, ինչ առողջ էր անգամ ճգնաժամի ժամանակ, պետք է մնա եւ զարգանա: Ճգնաժամից դուրս գալու ճանապարհն, ըստ Դայմոնդի, մասնակի փոփոխություններն են:

Եվ այսպես, առաջին քայլն, ըստ ամերիկացի հետազոտողի, ընդհանուր ազգային համաձայնությունն է այն մասին, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Թվարկեմ Դայմոնդի նշածներից եւս մի քանի գործոն, որոնք կարող են նպաստել համազգային ճգնաժամերի հաղթահարմանը եւ որոնք Հայաստանում առայժմ բացակայում են: Դրանցից մեկն է գործողությունների համար ընդհանուր պատասխանատվության գիտակցումը: Մեր իշխանությունն ու ընդդիմությունը, ընդհանրապես հասարակական վերնախավի մեծ մասը նման պատասխանատվություն չի զգում, եւ տարբեր խմբեր զբաղված են իրար վրա պատասխանատվությունը բարդելով: Նույնը կարելի է ասել ազնիվ ինքնագնահատականի բացակայության մասին: Այն գոյություն չուներ նախորդ տասնամյակների ընթացքում. հիշենք իշխանական «տարածաշրջանի ամենահզոր բանակի», «Բաքվում թեյ խմելու» եւ, վերջապես, «Նոր պատերազմ՝ նոր տարածքների» մասին: Ազնիվ ինքնագնահատականը չկա նաեւ հիմա. փողոցում մարդիկ խոսում են «Նախիջեւանը վերցնելու» մասին՝ չտեսնելով, որ մենք չենք կարող վերցնել նույնիսկ բոլոր օրենքներով մեզ պատկանող Սեւ լիճը: Ազնվության հետ է կապված ամերիկացի հետազոտողի նշած մեկ այլ գործոնը՝ սեփական անհաջողությունների գիտակցումը: Հիմքեր կան պնդելու, որ մենք ճիշտ հետեւություններ չենք արել մեր նախորդ սխալներից՝ 18-19 դարերի ազգային-ազատագրական պայքարից, Առաջին հանրապետության փորձից, վերջին 30 տարվա իրադարձություններից:

Դայմոնդի նշած սկզբունքային կետերից է ազգային ինքնությունը, որն ընդգրկում է լեզուն, կրթությունը, մշակույթը, պատմությունը, նաեւ այն մարդկանց եւ իրադարձությունները, որոնց վերաբերյալ կա ազգային համաձայնություն, որ դրանք ազգային հպարտության առարկա են: Նախորդ վերլուծության մեջ նշել էի, որ Երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդ հարցին մոտեցել են զարմանալի անտարբերությամբ եւ կասեի անգամ՝ արհամարհանքով: Ի տարբերություն, ի դեպ, 60-70 թվականների Խորհրդային Հայաստանի իշխանությունների, որոնք (Մոսկվայի թույլտվության սահմաններում, իհարկե) որոշակի քայլեր անում էին այդ ուղղությամբ: Համեմատեք. կոմունիստական ղեկավարության նախաձեռնությամբ նշվում է «Էրեբունի-Երեւան» տոնը՝ իր ամբողջ իմաստային խորությամբ, ներկայիս իշխանության «մտքի թռիչքը» սահմանափակվում է գորգեր լվալու «պերֆորմանսով»: Նույն Ֆինլանդիան, որը քաղաքական առումով տասնամյակներ շարունակ ստիպված էր կատարել իր հզոր հարեւանի՝ Խորհրդային Միության պահանջները, հետպատերազմյան ժամանակահատվածում հսկայական միջոցներ եւ ջանքել էր ներդրել կրթության մեջ: Այսօր այդ փոքր երկիրը ստեղծել է աշխարհի ամենաառաջադեմ եւ զարգացած կրթական համակարգը, դպրոցական ուսուցիչներից շատերը գիտական աստիճաններ ունեն: Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք կասկածում են, որ նման սեւեռուն ուշադրությունը կրթությանը՝ ճգնաժամից դուրս գալու հիմնական շարժիչ ուժերից մեկն է:

Եվ, վերջապես, Դայմոնդը նշում է «աշխարհաքաղաքական սահմանափակումներից ազատությունը»: Դա, իհարկե, Հայաստանի եւ ցանկացած այլ փոքր երկրի համար երազանք է, որն ամբողջությամբ կյանքի կոչելը դժվար թե երբեւէ հնարավոր լինի: Բայց որպես պետական մտածողության բաղադրիչ, որպես սկզբունքային հայեցակարգ, դա, կարծում եմ, օգտակար գաղափար է: Դա, ի վերջո, «երրորդ ուժի բացառման» սկզբունքն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031