Օգոստոսի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայության գծով տեղակալը եւ ոստիկանը, ոստիկանության նույն բաժնի պետի հրամանի համաձայն ապօրինի ծառահատման դեպքեր հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ծառայություն են իրականացրել Լոռու մարզի Մարց գյուղի մոտակայքում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի խոսքով՝ այդ ընթացքում ոստիկանները նկատել են փայտով բեռնված Ֆորդ մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենա: Նրանք պահանջել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության պահանջին եւ շարունակել է ընթացքը. «Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձայնաազդանշանային համակարգով, համապատասխան տեխնիկական սարքավորումներով պահանջել են, որպեսզի կանգնի վարորդը, բայց չի ենթարկվել ոստիկանության ծառայողների պահանջին, շարունակել է ընթացքը: Եվ Մարց-Լորուտ գյուղերի ավտոճանապարհի հատվածում շրջադարձ կատարելիս կողաշրջվել է եւ ընկել ձորը»:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են: Լրագրողների հետ զրույցում Յուրիկ Բաղդասարյանն ասաց, որ մինչ ոստիկանության աշխատակիցները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, դեպքի վայր եկած մեծ թվով բնակիչներ սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ. «Նրանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ ու հարվածներ հասցրել: Նաեւ կողաշրջել են եւ ջարդել ոստիկանության ծառայողական ավտոմեքենան, գցել են ձորը: Մոտակա տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության 2 ծառայող մոտեցել են նշված դեպքի վայրը, ոստիկանության վերը նշված 2 ծառայողներին օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն այդ ընթացքում հրկիզել են ոստիկանության ծառայողական մեկ այլ մեքենա»:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Թումանյանի քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածի 1-ին մասով, 242 հոդվածի 3-րդ մասով. «Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 4 անձիք ձերբակալվել են: Կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները եւ ձեռնարկվում են համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները եւ դեպքին առնչվող բոլոր անձանց շրջանակը պարզելու քննության ներկայացնելու ուղղությամբ»,- խոսքը եզրափակեց Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ