Դիլիջանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակին նվիրված՝ «Ավանդականի, արարման ու գույնի նվիրյալը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Դիլիջանի երկրագիտական թանգարանում ներկայացվեցին արվեստագետի գեղանկարները, լուսանկարները և անձնական իրերը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շարամբեյանի նախաձեռնությամբ հավաքված Դիլիջանի քաղաքային կենցաղին ու մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուն 1988 թ․-ից գտնվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, որոնց մի մասն այսօրվա ցուցահանդեսին ներկայացվել է հանրությանը․
Կարդացեք նաև
«Պատահական չէ, որ արվեստագետի 95 ամյակը նշվում է հենց Դիլիջանում: Չնայած Շարամբեյանը լինելով ծնունդով Երևանից, սակայն Դիլիջանը համարվում էր նրա 2-րդ ծննդավայրը: Այսօրվա ցուցահանդեսին հիմնականում ներկայացվել են արվեստագետի Դիլիջանյան կենցաղին և կոլորիտին վերաբերվող գործերն ու առարկաները»:
Թարվերդյանը նաև անդրադառնալով Դիլիջան քաղաքի վրա արվեստագետի թողած մշակութային կարևոր ազդեցության մասին, նշեց, որ ի տարբերություն եվրոպացիներին մեր ժողովրդի մեջ դեռ չի ձևավորվել այն մշակույթը, երբ տվյալ տարածքը կամ քաղաքը հայտնի անհատով ձևավորի իր բրենդը․
«Երբ աշխարհն ասում է Մոցարտ՝ հասկանում է Զալցբուրգ, կամ ասում է Այվազովսկի և հասկանում է Թեոդոսիա։ Մենք պետք է հասնենք այն մակարդակին, որ Դիլիջան եկող ցանկացած այցելու Շարամբեյանական ոգին զգա հենց քաղաքի մուտքից սկսած: Դա մեկ բառով կոչվում է անձի հանրահռչակում: Դա, իհարկե, բավականին բարդ մարկետինգային գործընթաց է, որը պետք է միայն պետական մակարդակով իրականացվի»։
Սաթենիկ Հովսեփյան