Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«․․․Դավաճանը Քոչարյանդ է, Առուշդ է, եւ դու ես»․ Գորիսի մշակույթի տան գրադարանավարը ասել է տնօրենին

Օգոստոս 17,2021 21:12

«Ես կատակով, նույնիսկ լայն ժպիտով Արմիդային հարցրեցի ի՞նչ են կանչում՝ Նիկոլ դավաճա՞ն։ Արմիդան միանգամից ասաց՝ դավաճանը Քոչարյանդ է, Առուշդ է, եւ դու ես։ Նիկոլիս դավաճան չասես։ Ու ես այդտեղ լրջացա։ Սկսեց վիրավորական խոսքեր ասել»,-Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալով՝ ասաց ամբաստանյալ Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Հայկ Խաչատրյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Ըստ մեղադրանքի, Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։ Իսկ հունիսի 15-ին սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին, խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին՝ աշխատակցուհուն անվանելով՝ դավաճան։ Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Հայկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ փոխվեց ․դատարանը կիրառեց գրավ։

Շարունակելով ցուցմունքը, Հայկ Խաչատրյանը նշեց, որ հունիսի 15-ին աշխատանքի վայրից դուրս եկավ, որպեսզի տուն գնա։ Ճանապարհին հանդիպեց Արմիդա Աղաբեկյանին։

Հայկ Խաչատրյանը հետո հարցրել է՝ բա ինչո՞ւ չես գնում հանրահավաքի։ Այդտեղ Արմիդա Աղաբեկյանը բարկացած տոնով դիմեց տնօրենին՝ ասելով «գնալու եմ, դու չե՞ս թողնում» ։ «Ասացի, ես ով եմ, որ արգելեմ կամ չարգելեմ, քո իրավունքն է, ուզում ես՝ մասնակցի։ Հետո միանգամից շուռ եկավ ու ասաց՝ որպես տնօրեն, քեզ չեմ էլ ընդունում, այ․․․․։ Ես էլ ասացի, որ եթե չես ընդունում ինձ որպես ղեկավարի, վաղվանից աշխատանքի չգաս։ Հետո գնացել, ցուցմունք է տվել, որ իբր հանրահավաքին մասնակցելու պատճառով եմ որոշել ազատել աշխատանքից»,–ասում է Հայկ Խաչատրյանը։ Պատասխանելով դատավորի հարցին, Հայկ Խաչատրյանը, մասնավորապես, նշեց, որ այդ խոսակցությունից հետո նույնիսկ նկատողություն չի տվել աշխատակցուհուն։ «Դեպքը հունիսի 15–ին է եղել, ինձ երկու օր հետո, հունիսի 17-ի, կարելի է ասել, գիշերն են ձերբակալել»,–ավելացրեց ամբաստանյալը։

Մեղադրողի հարցին պատասխանելով՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը չհերքեց, որ չնայած արձակուրդում էր, բայց աշխատանքի գնացել է ու ժողովներ է հրավիրել։ Ժողովներից մեկում խոսել է ընտրական թեմայով։ «Բոլորին հորդորել եմ մասնակցել ընտրություններին, ընտրել այն մարդուն, որին միանշանակ իրենք են նախընտրում»,–հայտարարեց Խաչատրյանը:

Ամբաստանյալի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը դատարանին միջնորդեց դատակոչել եւս 6 վկայի։ Ըստ նրա, 44 վկա իրենց ցուցմունքներում հերքում են տուժող Արմիդա Աղաբեկյանի ասածները։ «Չնայած Աղաբեկյանը հայտարարել է, որ պնդում է իր ասածը, բայց սույն դատավարության օբյեկտիվության, մրցակցության պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, խնդրում եմ հարցաքննել այդ վկաներին»,–ասաց պաշտպանը։

Դատարանը որոշեց բավարարել Րաֆֆի Ասլանյանի միջնորդությունը։ Հաշվի առնելով դատարանի եւ պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031