Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավինչի»-ի խարդախության զոհ են դարձել նաև ճանաչված գյումրեցիներ

Օգոստոս 17,2021 20:20

«Դավինչի» տուրիստական գործակալությունից խաբվածների թիվը գնալով ավելանում է․ խաբվածների փաստմամբ, երեկվա դրությամբ 120 հոգի արդեն իսկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Նրանցից ոմանք մեծ գումարներ վճարելով ու հասնելով տարբեր հանգստավայրեր՝ Մալդիվներ, Կիպրոս, Եգիպտոս, մնացել են օդանավակայանի պատերի տակ, քանի որ ամրագրված հյուրանոցներ գոյություն չեն ունեցել։ Շատերի թռիչքն էլ ուղղակիորեն չի կազմակերպվել՝ տեղում են չլչլոց սարքել՝ պատճառաբանելով, թե վիզան չի գալիս, գործընկերներն են իրենց խաբում և այլն, և այլն։ Այս տուրիստական գործակալության խաբեության զոհ են դարձել նաև բազմաթիվ ճանաչված գյումրեցիներ։ Նրանց խաբեության պատմությունները տարբեր են։

Միշա Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր հինգ ընկերների հետ պատրաստվում էր գնալ Կիպրոս՝ սեպտեմբերի 9-ից մինչև 18-ը։ Իրենք պայմանագիր ենք կնքել ընկերության հետ, առձեռն գումարը վճարել, սակայն «Ինսթագրամ»-ում ընթերցելով խաբվածների մեկի պատմությունը՝ շտապել են տուրիստական գործակալություն ու հասկացել, որ իրենք էլ են խաբված։

«Առաջին անգամ էինք օգտվում «Դավինչի»-ից, հինգ ընկերներով վճարել էինք մոտ 3 միլիոն 600 հազար դրամ, ամեն մեկս 650-700 հազար դրամ, որի մեջ մտնում էր հյուրանոցի վճարը, տոմսի արժեքը, նույնիսկ իբրև թե պայմանագիր ունեինք ու կտրոն, հետո իմացանք, որ շատ մարդիկ դա էլ չունեին։ Մի քանի օր առաջ պատահական իմացանք, մեկը «Ինսթագրամ»-ում սթորի էր գցել, ընկերներիս հետ, որոնց հետո պիտի գնայինք Կիպրոս, այցելեցինք «Դավինչի»-ի տարածք, տեսանք մարդիկ արդեն հավաքվել են, աղմուկն արդեն բարձրացել է։ Մենք էլ գնացինք, մոտ 50 հոգի էին հավաքվել, աղմուկն ինչքան բարձրանում էր, մարդիկ այդքան հավաքվում էին, ուշ ժամ էր, հերթով գալիս էին։ Այդ պահին մոտ 50 հոգին էին իմացել, շատ վրդովված էին, նրանց մեջ կային մարդիկ, որոնք մինչև 10 միլիոն դրամ գումար էին տվել, մեծ ընտանիք են, մի քանի հոգով պիտի գնային։ Շատերը ջղայնությունից որոշել էին գույք վերցնել, տուրիստականի տնօրենը հավաստագրեր էր ստորագրում, որ կոնկրետ այս մարդուն պարտքի դիմաց համակարգիչն է տալիս։

Աբսուրդն այն է, որ ոստիկանությունը որևէ կերպ չէր արձագանքում առաջին զանգերին, ոստիկանը եկավ այն ժամանակ, երբ գործակալության տերը՝ մեզ խաբողը, ինքն էր զանգել ու հայտարարել, որ գողացել են իր ապրանքը։ Խոսքն այն ապրանքի մասին էր, որ ինքն էր տալիս վախի մթնոլորտում։ Նա հիմնավորել էր, որ ճնշումների ներքո է անում, պարզ է, եթե այդ պահին ինքը նման բան չաներ, հնարավոր է մարդիկ լինեին, որոնք հաշվեհարդար տեսնեին իր հետ։ Զուտ իր կյանքի անվտանգության համար էր արել։ Այդ ժամանակ ոստիկանները եկան, ու բոլոր այն մարդիկ, որոնք էմոցիաների տակ ինչ-որ բան վերցրել էին գործակալության օֆիսից, վերադարձրեցին, որովհետև իրենց կորցրածը մի քանի անգամ շատ է, քան համակարգիչը»,- պատմեց Միշա Պողոսյանը։

Միշա Պողոսյանը պատմեց նաև, որ իրենց տոմս, վիզա, հյուրանոցի ամրագրման համար փաստաթուղթ չէին տվել, փաստաթղթերի ցանկ էին տվել, որը պիտի հաճախորդներն ապահովեին։ Նրանք էլ հավաքել էին ու ընթացքում պարտաճանաչորեն ներկայացնում էին գործակալությանը։

Մեր զրուցակիցը նաև նշում է՝ Աստված չանի, եթե սնանկ ճանաչեն տուրիստական գործակալությանը, իրենք ամբողջապես կտուժվեն, քանի որ իրենց տեղեկություններ են հասել, թե գործակալությունը սեփական գույք չունի, անգամ տարածքը իրենցը չէ։

«Բավական ծանր աշխատանքային տարի էր, մեծ հույսեր էինք կապել, որ կգնանք հանգստանանք, թե՛ հանգստից զրկվեցինք, և թե՛ գումարից»,-ասաց Միշա Պողոսյանը։

Գործակալությունից խաբված մեկ այլ քաղաքացի էլ՝ Գայանե Խաչատրյանը, պատմեց, որ ընտանիքով՝ երկու անչափահասով ու երեք մեծահասակով ամսի 13-ին պիտի Դուբայ մեկնեին, գումարն ամբողջությամբ վճարել էին, սակայն գործակալությունից մինչև վերջին օրը խաբել էին, թե իր և սկեսրայրի վիզաները չեն գալիս։ Գործակալության աշխատակիցը՝ Մարիամը, մինչ այդ տոմսերն էլ չէր տվել՝ պատճառաբանելով, թե թող վիզան լինի, տոմսերը կտամ, հյուրանոցն ամրագրել եմ։

«Տարօրինակ էր, հինգ անգամ Դուբայում եղել եմ, նման բան չէր եղել, հարցնում եմ՝ փաթեթի հետ չպիտի գա՞ վիզան, բա չէ, Գայանե ջան, չկա այդպիսի բան, փաթեթի հետ չպիտի գա։ Փաթեթն էլ չեն տվել, իմ միակ ապացույցը իմ փոխանցած գումարն է, որը փաստացի կա։ Ո՛չ փաթեթ են տվել, ո՛չ պայմանագիր են տվել, ո՛չ մի բան։ Պատճառն էին բռնում, թե վիզան չկա, բայց ես զանգել եմ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն, ասել են՝ օգոստոսի 8-ին ձեր բոլորի վիզաները բաց են եղել, բայց իրենք մինչև օգոստոսի 12-ն ասում էին՝ ձեր վիզան չի եղել։ Մեկնելուց մեկ օր առաջ զանգում ենք կորոնայի թեստ հանձնելու, գործակալության աղջկան՝ Մարիամին հարցնում եմ՝ ո՞ւր պիտի գնանք, ի՞նչ պիտի անենք, ասում է՝ դեռ մի գնացեք, մեր գործընկերը մեզ խաբել է, ձեր թռիչքը կլինի կամ վաղը իրիկուն կամ մյուս օրն առավոտ։ Հարցրեցի՝ կարո՞ղ ենք գումարը հետ վերցնել, ասեց՝ խնդիր չկա, դուք եկեք մեր գրասենյակ։ Գնացել եմ գրասենյակ, մի հատ աժիոտաժ, լիքը ժողովուրդ, ծեծկռտուք, հասկացա, որ այստեղ ոչ թե մի հոգու հարցն է, այլ բազում մարդկանց։ Գիտեք, այնպես չէ, որ միամիտ էինք, գնացինք, խաբվեցինք, լավ գովազդներ էին տալիս, օֆիսն էր կարգին կահավորված էր»,- ասաց Գայանե Խաչատրյանը։

Նրանք պահանջում են խարդախությամբ զբաղվող տուրիստական գործակալության սեփականատերերին պատժել օրենքի ողջ խստությամբ։ Նրանց տեղեկություններ են հասել, որ գործակալությունը 3-4 փայատերեր ունի, որոնք ի հայտ չեն գալիս, սակայն պետական հովանավորչություն են վայելում։ Ըստ նրանց, սեփականատերերից միայն մեկին՝ Գրիգոր Սարգսյանին են քավության նոխազ դարձրել։

Մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք նաև փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։

Նա ասաց․ «Ինձ համար ակնհայտ է, որ գործել է ի սկզբանե պլանավորված խարդախության մեխանիզմ, որում իրենց դերակատարումն են ունեցել ինչպես «Դավինչի» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը, այնպես էլ մի շարք աշխատակիցներ։ Մասնավորապես, կեղծ տուրիստական փաթեթների տրամադրմամբ, հաճախ նույնիսկ առանց դրա, քաղաքացիներից հափշտակել են խոշոր գումարներ, իրենց տարիների հեղինակությունը փորձել են օգտագործել հանցավոր նպատակներով և այն փոխակերպել հարյուր միլիոնավոր դրամների անաշխատ եկամուտի։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործի նախաքննության շրջանակներում այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի ՍՊԸ-ի տնօրենը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ ՍՊԸ-ի որոշ աշխատակիցների մասնակցության( նրանք են հայտնել ակնհայտ էժան գները, տրամադրել են կեղծ տոմսեր և կեղծ հյուրանոցային ամրագրումներ, առհասարակ՝ վարել բոլոր զրույցները) վերաբերյալ տուժողների հայտնած տվյալները դեռևս ստուգման փուլում են։ Ինքս համոզված եմ, որ նրանք ևս շուտով կունենան քրեական գործով իրենց վերաբերելի դատավարական կարգավիճակ։

Ինչ վերաբերվում է ՍՊԸ-ի բաժնեմասերում այլ անձանց քողարկված մասնակցությանը կամ ընդհանրապես՝ կատարված հանցագործությունը հովանավորելուն, ապա կարծում եմ, որ այդ վարկածը ևս վարույթն իրականացնող մարմինը առաջ է քաշել և այն նախաքննության առարկա է հանդիսանում։

Քրեական գործով տուժողների քանակն արդեն գերազանցում է 120-ը, որոնք հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ոստիկանության համապատասխան բաժիններ։ Ես՝ որպես փաստաբան, այս քրեական գործով չեմ մասնակցում, սակայն մինչև վերջ հետևողականություն եմ ցուցաբերելու, քանի որ հանցավոր գործունեությունից տուժել են նաև իմ ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ, ընկերներ։ Իհարկե, նաև մեծ սիրով պատասխանում եմ մյուս տուժողների բոլոր հարցերին, փորձում եմ հնարավորինս իրազեկել քրեական գործի ընթացքի մասին»։

ՀՀ քննչական կոմիտեի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ տեղեկացրեց, որ սեփականատեր Գրիգոր Սարգսյանը կալանավորված է, նա խոստացավ քիչ անց պաշտոնական հաղորդագրություն տալ՝ մանրամասներ ներկայացնելով։

Րոպեներ առաջ քննչական կոմիտեն տարածեց հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը․ « ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում:

Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնք միացվել էին մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուրիստական գործակալության տնօրենը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031