Այս պահին Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցները շարունակվում են։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Նա ասաց, որ հիմա կրակոցներն անկանոն են, կրակոցները սկսել են ժամը 15:00-ին։ Հանքում, ըստ տիկին Գրիգորյանի, աշխատում էր հերթափոխի խումբը՝ 200 աշխատակից, բոլորին անմիջապես տարհանել են հանքավայրից, իսկ սահմանագիծն անցնում է հանքավայրի տարածքով, ընկերությունն աշխատանքներ էր կատարում հանքավայրի այն հատվածում,որը հայկական վերահսկողության տակ է։
Տիկին Գրիգորյանի պատմելով՝ աշխատանքները կվերսկսվեն այն պահից, երբ ադրբեջանցիները դադարեն կրակել։ «Գեոպրոմայնինգ» ընկերության անվտանգության դեպարտամենտի մշակած ծրագրի հիման վրա, ինչպես պատմեց Ռուզաննա Գրիգորյանը, մշտապես պատրաստ է համապատասխան տրանսպորտը, որպեսզի աշխատակիցներին անմիջապես տարհանեն․«Նաեւ տեխնիկան ենք տեղանքից հեռացնում, որպեսզի կրակի թիրախ չդառնան։ Մեր ընկերության անվտանգության դեպարտամենտը իրավիճակին համապատասխան ծրագիր է մշակել, աշխատակիցներին ենք նաեւ վերապատրաստել, թե ինչպես պետք է արձագանքեն նման իրավիճակին, ինչպես լքեն հանքի տարածքը, որպեսզի խուճապ չլինի»։
Մոտ մեկ ամսվա ընթացքում, ըստ ընկերության ներկայացուցչի, սա արդեն 5-րդ դեպքն է, երբ հակառակորդը կրակ է բացում հանքի ուղղությամբ։
Այսօր, ՊՆ-ի հաղորդման համաձայն, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
Կարդացեք նաև
Երեկ նույնպես ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ